Նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպում: Այս մասին հաղորդել է Կրեմլը եւ նշել, որ բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։
«Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման համար», – ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաեւ երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։
Ամսվա սկզբին Կրեմլի խոսնակը հայտարարել էր, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում է նախապատրաստվում Մոսկվայում։ Ռուսական պետական ՀՏրրՌÿ-1 հեռուստաընկերությունն անգամ հաղորդել էր, թե հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման տարելիցին։
Հայաստանի վարչապետը, սակայն, հերքել էր այդ հայտարարությունները՝ պնդելով, թե եռակողմ հանդիպման մասին որեւէ հստակ պայմանավորվածություն դեռեւս չկա։
«Շատ կարեւոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։ Այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաեւ։ Եվ կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին պայմանավորվածություն այդպիսի չկա», – Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր Փաշինյանը։
Դրանից օրեր անց բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին: Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվել էին ռուսական կողմի միջնորդությամբ։
Հայաստանի վարչապետը նաեւ հայտարարել էր, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջարկներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ։
Սոչիում նախատեսված հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիեւը եւս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։
Իր հերթին ԱԺ-ի պաշտպանության հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Հայաստանը շահագրգռված է, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացն Ադրբեջանի հետ սկսվի օր առաջ։
Լինելո՞ւ է արդյոք դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը Փաշինյան-Ալիեւ-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգում։ ԱԳՆ-ն չի հերքում, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ դեկտեմբերի բրյուսելյան դեմ առ դեմ հանդիպմանը նոյեմբերի վերջին կարող են նախորդել եռակողմ բանակցությունները Ռուսաստանում։
Իշխանության ներկայացուցիչները մոտ մեկ շաբաթ է՝ չեն բացահայտում դեմարկացիային ու դելիմիտացիային վերաբերող ռուսական առաջարկները, որոնց վարչապետը անմիջապես էր տվել իր համաձայնությունը։
«Եթե Հայաստանի վարչապետի համար առաջարկները ընդունելի են, ուրեմն բխում են Հայաստանի շահերից, – Անդրանիկ Քոչարյանի փաստարկն էր։ – Եթե Հայաստանի վարչապետը ասում է՝ ընդունելի է, դա նշանակում է նաեւ՝ զրոյական կետն ա, չէ՞, ընդունում։ Ուրեմն էդ կետը մենք կարողանանք պահենք, եթե էդ կետի գոյությունը ամրապնդվում ա, հաստատվում ա, եւ պետք ա մտնել անմիջապես դեմարկացիայի եւ դելիմիտացիայի դաշտ»։
Ն.Հ.
ՁՈՒԿ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երջանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, նախապես տեղյակ լինելով Վ. Պետրոսյանի հանցավոր մտադրության՝ Սիսիանի համանքի վարչական տարածքից զանգվածային ոչնչացման եղանակով ձուկ որսալու նպատակի մասին, խոչընդոտները վերացնելով, օժանդակել է, այն է՝ 08.08.2021թ.-ին իր կողմից վարված «ՎԱԶ 21099» մակնիշի 35PZ419 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Վ. Պետրոսյանին՝ հիշյալ եղանակով ձուկ որսալու համար անհրաժեշտ միջոցներով հանդերձ Կոտայքի մարզի Գառնի բնակավայրից տեղափոխել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տորունիք բնակավայրի վարչական տարածք, որտեղ ժամը 21:30-ի սահմաններում «Այրի» գետից զանգվածային ոչնչացման եղանակով՝ էլեկտրական հոսանքի փոխադրիչ ինքնաշեն սարքի օգտագործմամբ, ապօրինի արդյունահանել է 7 հատ «Կարմրախայտ» տեսակի եւ ընդհանուր 6.5 կգ քաշով «Բեղլու» տեսակի ձկներ՝ կենդանական աշխարհին պատճառելով ընդհանուր 41.500 ՀՀ դրամի վնաս:
ԹՌՉՆԱՄՍԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Հայկական շուկայում թռչնամսի գինը բարձրացել է: Այն այժմ գերազանցում է 1400 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այս ժամանակահատվածում թռչնամսի մեկ կիլոգրամը վաճառվում էր 1090 դրամով: Թանկացել է նաեւ սառեցված հավի բդիկը. այն մեկ տարվա ընթացքում թանկացել է շուրջ 200 դրամով: Եթե հավի սառեցված բդիկի մեկ կիլոգրամը նախորդ տարվա այս ժամանակահատվածում արժեր 720 դրամ, ապա հիմա այն 960 դրամ է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում թռչնամսի արտադրության ծավալները ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, թռչնամսի արտադրության ծավալները 0.5 տոկոսով ավելացել են: Հայաստանում այս տարվա 9 ամիսներին արտադրվել է 10 մլն 350 հազար 600 տոննա թռչնամիս: Ըստ մասնագետների՝ հավի միսը թանկացել է, որովհետեւ միաժամանակ բարձրացել են ներմուծվող կերի գինը, էլեկտրաէներգիայի սակագինը:
ԱՐՑԱԽՑԻՆ ՄՈԼՈՐՎԵԼ Է
Արցախի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ երեկ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն հաղորդվել է Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ. Մ.-ի անհայտ կորելու մասին: Պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետեւանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: «Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, որոնք պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության համար: Բանակցություններ են ընթանում Մ. Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետեւանքով ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
ԱՆԼՐՋԱՑՆՈՒՄ Է
«Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի՝ արդեն հավերժ դարձած փոխնախագահի ընտրության տապալումը, բացի նրանից, որ ամբողջովին անլրջացնում է ՀՀ անվտանգության միջավայրի շուրջ ստեղծված իրադրությունը, այլեւ հանրությանը ուղերձ է փոխանցում առ այն, որ մտադիր չէ զբաղվել ՀՀ իրական առաջնահերթություններով»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Պարզունակ հարցերը գիտակցելու եւ իրական անվտանգային սպառնալիքներով զբաղվելու փոխարեն՝ հանձնաժողովի՝ իշխանությունը ներկայացնող անձինք, խոսքս հատկապես հանձնաժողովի նախագահին է վերաբերում, զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն պարտականություններից, հնչեցնում հայտարարություններ, որոնք քիչ կապ ունեն իրականության հետ։ Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության օրակարգի շուրջ քննարկելու հարց այլեւս չկա, ինչ կար ասելու, այս 2-3 ամսվա ընթացքում ասվել է։ Ես ինքս այդ նիստերին մասնակցելու իմաստ չեմ տեսնում, եթե այլ թեմայով որեւէ դիրքորոշում կամ առաջարկ ներկայացնելու կարիք չկա»,- գրել է Աբրահամյանը։
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է. այն վտանգում է նաեւ այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։ Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ-ում հայկական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։