Հայաստանի քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում, այս անգամ՝ սոցիալական: Բանն այն է, որ նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ձեւավորվեց Հատուկ քննչական ծառայության հիմքով, ավելի ապահովված է: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ստանում են միջինը 1միլիոն դրամ աշխատավարձ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստանում են ամսական 300-350 .000 դրամ միջին աշխատավարձ: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի քննչական ծառայության քննիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները նույնպես ստանում են 300-ից 350 հազար դրամ աշխատավարձ։ Եւ հիմա քննչական մարմիններում աշխատող քննիչները արդարության հարց են բարձրացնում՝ ինչու պետք է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի բարձր դասվի, ավելի կարեւոր համարվի եւ գնահատվի պետության կողմից՝ բարձր աշխատավարձերի տեսքով, իսկ, օրինակ, սպանության բացահայտումները համարվեն երկրորդական: Սա նշանակում է՝ պետության համար մարդը, մարդու կյանքը երկրորդական հարց է, գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, որի համար չի խնայվում ոչինչ: Մեզ հետ զրույցում շատ քննիչներ բարձրաձայնեցին, որ օպերները լուրջ աշխատանք են անում, գործ են բացահայտում եւ քննիչների նման ցածր աշխատավարձ են ստանում. եթե այսպիսին է վերաբերմունքը, ապա իրենք էլ կաշխատեն իրենց ստացածի համապատասխան, եւ արդյունքն ու բացասական ազդեցությունը կրելու է պետությունը: Հավելենք, որ, այս իրականությանը զուգահեռ, ՀՀ կառավարությունը քննարկում է դատախազների, գլխավոր դատախազի աշխատավարձը 120 տոկոսով բարձրացնելու հարցը: Ինչո՞ւ է այս անարդար մոտեցումը. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանեց, թե նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում ու Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումում, որը դատարանի եւ կոմիտեի միջին օղակն է: «Հետեւաբար անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը, բայց եթե գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի եւ դատավորի հետ, ստացվում էր, որ Գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխտավարձ պետք է ստանա, քան գլխավոր դատախազն ու նրա տեղակալները», – ասաց Անդրեասյանը: Նախարարի պնդմամբ՝ ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ իրենք որեւէ պաշտոնյայի աշխատավարձի բարձրացման հարց չեն քննարկել, այլ միայն փորձել են մի քանի անգամ ավելի բարդություններ ու ռիսկեր ունեցող հակակոռուպցիոն համակարգում այնպես անել, որ բարձացումը լինի տրամաբանված։ «Դրա համար դրել ենք քննարկման, նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը», -ասաց Անդրեասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո Սյունիքի մարզի համայնքապետերը ոչ թե հուզող հարցերի պատասխաններն ու սահմանի անվտանգության երաշխիքներ են ստացել, այլ հակառակը՝ է՛լ ավելի են խճճվել, տագնապել ու տարակուսել՝ ինչ է լինելու Սյունիքի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզի որոշ համայնքապետեր (ցանկությամբ անունները չենք հրապարկում) նշեցին, որ նախքան հանդիպումը կառավարության շենքում համայնքապետերին նախ ոտքից-գլուխ զննել-ստուգել են, ապա բոլորին հավաքել հանդիպման համար նախատեսված սենյակում ու հրահանգներ տվել՝ հատուկ ընդգծելով, որ երբ Փաշինյանը ներս մտնի, պարտադիր ոտքի պետք է կանգնեն։ Հանդիպման նպատակը մարզի շուրջ առկա իրավիճակն էր։ Որեւէ կոնկրետ բան, սակայն, չի ասվել կամ ներկայացվել: Տեղեկացանք, որ Փաշինյանը հիմնականում ասել է այն, ինչ նախօրեի 2.5-ժամանոց հարցուպատասխանի ժամանակ: «Տպավորություն էր, որ որպես երկրի վրաչապետ՝ Փաշինյանն ուղիներ չունի այս իրավիճակից դուրս գալու համար»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքապետերից մեկը։ Բայց ընդհանուր հաշվով այնպիսի տպավորություն է եղել համայնքների ղեկավարների մոտ, որ գործարկվում է նույն՝ Արցախի հարցի սցենարը: Փաշինյանը ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ համայնքապետերի մոտ հայտարարել է, թե Ադրբեջանը միջանցք է ուզում, ընդ որում՝ արդեն Մեղրիի մոտով, իսկ ինքը չի տալու միջանցք, նրանք էլ սպառնում են ուժով բացել այդ միջանցքը: «44-օրյա պատերազմից հետո, երեւի հիշում եք, վարչապետն ասում էր, թե Ադրբեջանը 7 շրջաններն էր ուզում, բայց ես հո Արցախ հանձնող չե՞մ, դրա համար էլ պատերազմով եկան, 7 շրջաններն էլ Հադրութն ու Շուշին էլ հետը վերցրեցին: Տպավորություն է, որ նույն սցենարով այժմ էլ «միջանցք չեմ տալու, ես միջանցք տվող չեմ» հայտարարությունն է անում, ինչը շատ ծանր կարող է նստել մեր վրա»,- նշեց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակից համայնքապետերից մեկը: Մեծ հաշվով համայնքապետերը երեկվա հանդիպումը անկարող ղեկավարի հանդիպում էին որակում։ «Անհասկանալի էր, թե, որպես ղեկավար, ինչ է անում Փաշինյանը վտանգները վերացնելու համար: Նա չպետք է ընկնի, մտածի, թե ժողովուրդն իրեն ինչ կասի, պետք է իրավիճակը ռեալ գնահատի ու լուծումներ տա՝ ժողովրդի հետ անկեղծ խոսելով։ Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, թե ինչ կարող է լինել, դրան զուգահեռ՝ ներկայացնում էր նաեւ լուծումը։ Բայց հիմա, փոխանակ լուծում առաջարկելու, մեզ բոլորիս «տղայականով» համոզում է, թե հանձնող տեսակ չէ»,- վրդովմունք արտահայտեց մեկ այլ համայնքապետ։ Այս տագնապալի իրողությունների կողքին էլ տեղեկանում ենք՝ նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների համագորածակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովը, ինչի ժամանակ անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի ղեկավարները հայտարարություն են ընդունել, որտեղ ընդգծում են Զանգեզուրի միջանցքը՝ որպես Անդրկասպյան Միջազգային Արեւելք-Արեւմուտք Միջին Միջանցքի շրջանակներում կապի բարելավման համար ձեւավորվող հնարավորություն, եւ կոչ են անում անդամ պետությունների համապատասխան իշխանություններին աջակցել Ադրբեջանի Հանրապետության կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման համար: Թուրքական խորհրդի անդամների համար միջանցքի հարցը, փաստորեն, գերխնդիր է։ Նրանք բոլորը, հանուն նույն գաղափարի, կարող են միավորվել՝ ընդդեմ Հայաստանի։ Իսկ մենք ու՞մ ունենք որպես դաշնակից. հարցին երեկ հստակ որեւէ պատասխան չի հնչել:
ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաների պարկը վերածվել է մեքենաների խրտվիլակների հավաքատեղիի: Ավտոմեքենաները ավելի շատ նորոգվում են, քան ծառայում: Եվ, ահա այս իրավիճակը շտկելու համար ԱԺ ղեկավարությունը քայլեր է անում եւ որոշել է սկսել իրենից: ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական նոր մեքենա ձեռք կբերվի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահին սպասարկող այժմյան ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Տեղեկացանք, որ ԱԺ նախագահի համար ձեռք են բերելու 2011 թվականի արտադրության BMV 750 xDrive LCi մակնիշի ավտոմեքենա, քանի որ, ըստ հիմնավորման, հինը պահելը ծախսատար է։ Տեղեկացանք, որ այդ մեքենան գնելու են պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, եւ այն համարվում է հրատապ գնում, իսկ միջոցներն էլ բյուջեի տնտեսումների հաշվին կապահովվի։ Իսկ թե մյուս մեքենաները երբ կփոխարինվեն, դեռ հայտնի չէ:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Դրան հաջորդող ամիսներին կհանվի մյուս՝ հագուստի, մաքրող միջոցների, կոշկեղենի, կոսմետիկայի եւ այլ ապրանքների ներկրման արգելքը: Նշենք, որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ին լրանում է: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ հետաքրրվեց՝ արդյոք կառավարությունը մտադիր է հանել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Քննարկման մեջ է, մենք ամեն ինչ անում ենք, որ չթույլատրվի: Այսինքն՝ եթե գտնում ենք, որ թուրքական ապրանքների արգելքը երկարաձգելը մեր տնտեսության, տեղական արտադրության վրա դրական էֆեկտ է ունեցել ու կարող է ունենալ, համոզված եմ, որ դրա վերաբերյալ նորմալ վերլուծություն հասարակությանը կներկայացվի»: ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ որոշումն ընդունելու են կառավարության մեր գործընկերները։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք դրական էֆեկտ ունեցել է, թե ոչ, պատգամավորն արձագանքեց՝ նշելով, որ դա պարզելու համար խորը վերլուծություն է պետք անել. «Լիահույս եմ, որ ցանկացած որոշման դեպքում, եթե խոսում ենք տնտեսական նպատակահարմարությունից, կներկայացվի հիմնավոր վերլուծություն»։