Կրեմլից տեղեկություն է ստացվել նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման մասին: Անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի տարելիցին նվիրված ավելի վաղ նախաձեռնվող հնարավոր հանդիպմանն ու դրա չհաստատմանը՝ կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը որպես պատճառ նշում է զինված սահմանային բախումները, «մեկօրյա պատերազմը» եւ բողոքի ակցիաները Երեւանում, որի մասնակիցները պահանջում են Փաշինյանից գաղտնազերծել Ալիեւի հետ ստրոգրվելիք փաստաթղթերը:
Հիշատակելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին՝ քաղաքագետը հարց է առաջ բերում, թե ինչ են, մասնավորապես, Ալիեւն ու Փաշինյանը քննարկելու Սոչիում: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նախատեսվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի՝ ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ նախանշել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման եւ կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Հատկապես ուշադրություն է դարձվելու առեւտրատնտեսական զարգացման եւ տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին:
Այս մասին գործակալությունը զրուցել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հետ, որի խոսքով՝ «հակամարտությունը բաժանվել է երկու բաղադրիչի՝ առանձին ղարաբաղյան գոտի եւ առանձին միջպետական սահման, որի մասին կարող են բանակցել Ալիեւն ու Փաշինյանը Սոչիում»:
Նրա կարծիքով՝ ղեկավարները կարող են կամ կքննարկեն, այսպես կոչված, նախնական պայմանագրի, այսինքն՝ վերջնական խաղաղ պայմանագրի համար հիմք հանդիսացող նախնական համաձայնագրի կնքման հարցը: Միեւնույն ժամանակ նա նշում է, որ Փաշինյանը պետք է ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը: «Սակայն կա նյուանս. Բաքուն կառաջարկի լուծել Ղարաբաղում հայերի ինքնորոշման հարցը: Այսինքն՝ Հայաստանը կարող է մի կողմ քաշվել՝ տեղը զիջելով ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ուժերի նման դասավորվածությունը ձեռք չի տալիս Ադրբեջանին, եւ Ադրբեջանը պետք է կողմնորոշվի Մինսկի խմբի նկատմամբ հարաբերությունների հարցում»,- նշում է դիվանագետը:
Սոչիում կայանալիք հանդիպման մասին լուրից բացի, Տարասովն ուշադրություն է հրավիրում նաեւ զուգահեռ Հայաստանից տարածված հայտարարությանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: «Այստեղ եւս կան նրբերանգներ: Բանն այն է, որ սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյանը վրացի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով առաջարկել է հանդիպել, սակայն, Էրդողանի խոսքով, որպեսզի հանդիպումը կայանա, Երեւանը «պետք է հստակ քայլեր նախաձեռնի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում: Հայաստանից ի պատասխան հայտարարել են, որ «միջանցքային տրամաբանությունը» հայկական կողմի համար անընդունելի է, սակայն Երեւանը պատրաստ է Անկարայի հետ շփումներին»,- գրում է Տարասովը՝ նշելով, որ ըստ թուրքական աղբյուրների՝ Էրդողանին չի գոհացրել այն իրավիճակը, որում Վրաստանն է հանդես գալիս որպես միջնորդ Հայաստանի հետ հարաբերություններում, թեեւ Անկարայում հասկանում են, որ «վրացական հետքը տանում է դեպի Արեւմուտք»:
«Վրաստանը նախատեսում է միջնորդի դերում կա՛մ ԱՄՆ-ին, կա՛մ Ռուսաստանին, որպեսզի նրանց առաջ որոշակի պարտականություններ դնի: Բաքուն Թբիլիսիի «կանոններով խաղաց»՝ համաձայնելով 15 հայ գերու վերադարձնել: Անկարան նույնկերպ կարող էր վարվել, եթե Թբիլիսին աջակցեր Թուրքիայի առաջարկած «3+3» ձեւաչափին, սակայն դա տեղի չունեցավ: Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարեց իր մասնակցությամբ եռակողմ ձեւաչափի առաջ քաշման մասին: Նման խաղ ինքնուրույն վարելու համար լուրջ ռեսուրսներ է պետք ունենալ, որոնք Թբիլիսին չունի: Միեւնույն ժամանակ նրա արտասահմանյան հովանավորները որոշել են չբացահայտել իրենց: Դրան գումարած՝ Հայաստանին չի հաջողվել քանդել թուրք-ադրբեջանական քաղաքական-դիվանագիտական տանդեմը, եւ այժմ փորձում է այդ խնդրի լուծումը բարդել ռուսական դիվանագիտության ուսերին»,- գրում է քաղաքագետը:
«Այս առումով հարց է առաջանում՝ արդյոք արժի, որ Ռուսաստանը կատարի միջնորդի դերն Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Մոսկվայի ինչի՞ն է պետք տարածաշրջանում «արդյունավետ միջնորդի» դատարակ դափնիները՝ հաշվի առնելով, որ Փաշինյանն ավելի վաղ փորձել է այդ խաղը խաղալ Արեւմուտքի հետ: Սակայն Հայաստանը սեղվել է երկու թյուրքական պետության միջեւ եւ չի կարող ինքնուրույն պայմանավորվել նրանց հետ: Երբեմն թվում է, որ Հայաստանում Մոսկվային փորձում են օգտագործել որպես «հրշեջ հաշվարկ», որը շագանակներ է հանում կրակից ուրիշների համար»,- եզրափակում է փորձագետը:
Ն. Պ.
ՉՎԵՐԹՆԵՐ ԿՍԿՍԵՆ
Flyone Armenia ավիաընկերությունը առաջիկայում կսկսի չվերթերը՝ 7 ուղղություններով: Ընկերությունը հայտնում է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին: Առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ Flyone club-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Նշվում է, որ բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով եւ բոլորի համար մատչելի գնով։ Երեւան-Մոսկվա ուղղությամբ կիրականացվի օրական 2 չվերթ: Ընկերությունն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal եւ Advantage: Standard սակագնային փաթեթը նրանց համար է, որոնք նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal եւ Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ եւ զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում եւ մի շարք այլ հավելյալ ծառայություններ։
ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ
Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, որպես Միության շուկայի անդամ, կարող է կարեւոր դեր խաղալ Իրանի եւ ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոխուրին։ Ըստ նրա՝ Հայաստանն այս տեսանկյունից մեծ ներուժ ունի. «Իրանը, հաշվի առնելով իր ներուժն ու կարողությունները, քայլեր է ձեռնարկում, օրենսդրական փոփոխություններ է իրականացնում ապրանքների արտահանման ազատականացման ուղղությամբ։ ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես կարող են շահել համագործակցության մակարդակի բարձրացումից»,- ասել է դեսպանը։
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ «Տաթեւ» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանց վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հասարակական սննդի կազմակերպություններից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված հիվանդներից բուժումը շարունակում են 3-ը, նրանց վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության։
ՈՉ ՍԹԱՓ ԵՆ ՎԱՐՈՒՄ
Ճանապարահային ոստիկանությունը հայտնվել է անելանելի վիճակում: Բանը հասել է այնտեղ, որ կանայք, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, ոչ սթափ վիճակում վարում են ու հայտնվում դատարաններում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայարփի Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, 2021 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 03:50-ին, Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցում ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց: Հ. Վ.-ն 2021 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 03:50-ին, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք եւ գտնվելով 0.189 մգ/լ ալկոհոլային խմիչք օգտագործած, ոչ սթափ վիճակում, Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցում վարել է «Ինֆինիտի» մակնիշի 36 VU 203 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, ինչի վերաբերյալ նույն օրը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության տեսուչի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 8180022217 արձանագրությունը:
ԱՌԱՆՑ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքապետերի հետ: Հանդիպմանը, սակայն, ինչպես եւ սպասվում էր, Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը ներկա չէր: Տեղեկացանք, որ Գորիս համայնքը ներկայացնում էր համայնքապետի պարտականությունները ստանձնած Կարեն Քոչարյանը: Առուշանյանը, հիշեցնենք, այս պահին կալանավորված է:
Համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հերթական անգամ կարեւորել է ժողովրդի դերն ու նշանակությունը: «Ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, եւ սա չափազանց կարեւոր գործոն է»,- շեշտել է վարչապետը: Նա կարծես մոռացել է, սակայն, որ ժողովրդն ընտրել է Առուշանյանին, բայց այժմ նա փակի տակ է պահվում: Թե ինչքանով է իշխանությունը կարեւորում քաղաքացու ընտրությունը, հայտարարությունների ու գործողությունների համեմատականն է ցույց տալիս: Սյունիքի մի շարք համայնքներում, հիշեցնենք, վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», պարտություն էր կրել: Մեղրիում, օրինակ, հաղթել էր «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն, իսկ Կապանում ու Գրիսում վերընտրվել էին գործող քաղաքապետերը՝ Գեւորգ Փարսյանն ու Առուշ Առուշանյանը: