ԱՆՁԻ ՈՒ ԱՆՀԱՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանից, Գյումրիից ու Վանաձորից զատ, 2021-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել ու անցկացվելու հանրապետության բոլոր այն համայնքներում, որոնք 4000-ից ավելի ընտրող ունեն: Այդպես Ընտրական օրենսգիրքն է սահմանում: Եւ սրանից հետո էապես աճել է քաղաքական ու համայնքային կյանքում կուսակցությունների պահանջարկը, բայց ոչ այն պատճառով, որ գաղափարական պայքարի ձգտողները շատացան, այլ որովհետեւ անձի պաշտամունքը մեր երկրում լոկալ, թե գլոբալ, շարունակվում է:

Իրենց նախընտրելի թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշան դնելուն սովոր քաղաքացիների համար համայնքների ամենագետ ղեկավարները գտան հարցի լուծում:

Բանն այն է, որ նոր Ընտրական օրենսգիրքը ինքնաառաջադրում թույլ չի տալիս, ու անգամ ինչ-որ համայնք երկար՝ մի քանի տասնամյակ, ղեկավարող համայնքապետը ստիպված է լինում համագործակցել որեւէ քաղաքական ուժի հետ: Երբեմն կլորիկ գումարի դիմաց կորած-մոլորված կուսակցությունները առաջադրում են որեւէ թեկնածուի՝ դաշինք կազմելով ուրիշ մեկի հետ եւ դաշինքի անունը դնելով թեկնածուի ազգանունը: Այսպես փոխշահավետ գործարքից օգտվում են բոլոր կողմերը՝ թեկնածուն, որը ուզում է իր անունով հանդես գալ, բայց չէր կարող, ընտրողը, որը փնտրում է իր ճանաչած թեկնածուին եւ նրա անվան դիմաց է ծիտիկ նկարում, եւ կուսակցությունները, որոնք վաղուց քաղաքական պրոցեսներից  դուրս էին, երբեմն անգամ ճանաչում են ձեռք բերում՝ որոշ դեպքերում փոխշահավետ ձեռքսեղման գնալով:

Վերջնարդյունքում պետք է արձանագրել, որ, միեւնույնն է, Հայաստանում թե՛ համապետական, թե համայնքային ընտրությունները եղել ու շարունակում են մնալ անձի ու անհատի ընտրություն։ Անկախ հանգամանքից՝ թեկնածուն ինքնաառաջադրվում էր նախկինում, թե ինչ-որ կուսակցություն է առաջադրում նրան, ընտրողն իրականում շարունակում է անհատին, ոչ թե կուսակցությանն ընտրել: «Ժողովուրդ»  օրաթերթի բոլոր հարցումներն այս թեմայով այդ մասին են վկայում:

 

 

 

Այսօր Սոչիում տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, սակայն հանդիպմանն ընդառաջ՝ փակ դռների հետեւում բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջեւ՝ Մոսկվայի գլխավորությամբ: Նախօրեին, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ներկայացրել էր եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում՝ ասելով, որ հենց այդ հարցերն են նախատեսում այսօր քննարկել Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Նախորդ օրն էլ  հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ: Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը եւս քննարկել են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հետաքրքիր է նաեւ հայ-թուրքական օրակարգը. Երեւանը հայտնել է Մոսկվային՝ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսել, թեեւ Անկարան ամենաբարձր մակարդակով վերջին ամիսներին ներկայացնում է Երեւանին իր նախապայմանները: Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կտրուկ փոփոխություններ հանդիպումից հետո չի սպասվում: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկվի իրավիճակը ռեգիոնում կողմերի միջեւ, հումանիտար խնդիրները, ինչպես նաեւ գլխավոր խնդիրները լուծելու տեսլականը: «Բեկում չի լինի, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանն անընդհատ նախապայմանների լեզվով են խոսում: Նրանք կառուցողական դաշտ չեն տեղափոխվում եւ փորձում են իրավիճակից քաղել քաղաքական մաքսիմալ արդյունքները»։ Նրա խոսքով՝ միակ հարցը, որի շուրջ հնարավոր է քիչ թե շատ համաձայնության հասնել, դեմարկացիայի-դելիմիտացիայի հարցն է, որը կարող է սկսվել այս հանդիպումից հետո:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատավորների շրջանում ներքին մասնագիտական քննարկումներից մեկի ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, եւ նաեւ մտահոգություն է հնչել: Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել եւ ասել, թե իրենք չեն պատրաստվում որեւէ մեկի գույքը՝ որպես ապօրինի գույք բռնագանձել եւ իրենց պատճառաբանությունն են ներկայացրել: Դատավորները կարծիք են հայտնել, որ օրենքը շատ անգրագետ ձեւակերպումներ ունի: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների այս ներքին քննարկումներն ավարտվել են ուշագրավ զարգացումներով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լեւոն Գրիգորյանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի Ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին եւ ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, որ իրենցից այս գործերով ավելին չպետք է պահանջեն: Ասել է թե՝ բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որեւէ մեկի գույքին չեն կպչելու:

 

 

Հայաստանում ալյուրի գինը դարձյալ բարձրացել է: Այս մասին «Ժողովուրդ»  օրաթերթին են ահազանգում քաղաքացիները՝ դժգոհելով թանկացումներից: Օրինակ՝ մեկ կիլոգրամ ալյուրի գինը 210 կամ 220 դրամ էր, սակայն վերջին օրերին այն բարձրացել է՝ դառնալով 275-280 դրամ: 25 կիլոգրամանոց ալյուրի մեկ պարկը 6800 դրամ արժե: Ալյուրի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճ արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն 1.5 տոկոսի չափով: Իսկ, ահա, մեկ տարվա ընթացքում ալյուրի գինը բարձրացել է 7.2 տոկոսով: 25 կգ-անոց ալյուրի մեկ պարկը նախորդ տարի հնարավոր էր գնել 5200 դրամով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ալյուրի արտադրության ծավալները զգալի են պակասել՝ կազմելով 23 տոկոս: Նշենք նաեւ, որ հացը եւս թանկացել է. պաշտոնապես հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հացի գինը բարձրացել է 1 տոկոսով: Եթե որոշ տնտեսվարողներ հացի գնի փոփոխություն չեն կատարել, ապա քաշն են նվազեցրել:

 

 




Լրահոս