ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ՝ ՆՈՐ ՇՏԱՄԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում: Այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ անցկացնել, քննարկել բոլոր առաջարկները: Մասնավորապես, նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոդսվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիաայի Հանրապետություն, Զիմբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար, Տանզանիա: Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի նոր շտամի տարածումը, ինչպես հայտնի է, սկսել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Շտամը 50 մուտացիա է կրում, որոնցից 30-ը վերաբերվում են վիրուսի սպայկային սպիտակուցին: Այժմ մանրակրկիտ ուսումնասիրություններ են անցկացվում թե՛ մի շարք երկրներում եւ թե՛ ԱՀԿ-ի կողմից՝ պարզելու համար, թե, բացի տարածման ակտիվությունից, ինչ այլ առանձնահատկություններ ունի այս նոր շտամը:

 

Նախարարի խոսքով՝ եղել են պատվաստված քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսով վարակվել են, հիվանդությունը ծանր են տարել, եւ գրանցվել են մահեր։ «23 քաղաքացիներ են, որոնց միջին տարիքը 75-ից բարձր է, նրանց բոլորի մոտ գրանցված են եղել խրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, տարբեր օրգանների չարորակ նորագոյացությունները, սրտի իշեմիկ հիվանդությունները, բարձր ճնշումը եւ այլ խնդիրներ»,- ներկայացրել է նա։

Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 3.5 տոկոսն է պատվաստված. այս պահի դրությամբ ՀՀ-ում գրանցված է կորոնավիրուսի 13 562 ակտիվ դեպք, որոնցից 1092-ը (8.1 տոկոսը) պատվաստված են: «Հոսպիտալացված 2900 քաղաքացիներից 102-ն են ամբողջապես պատվաստված՝ ընդամենը 3.5 տոկոսը: Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից ընդամենը 9-ն են ամբողջապես պատվաստված»,- ասել է նա։ Վերջինս հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության մեծահասակ բնակչության 21.8 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ: Նոյեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 1.2 մլն քաղաքացի։

«1,2 միլիոն պատվաստումների ընթացքում 79 քաղաքացիների մոտ եղել առողջական խնդիրներից որոշակի բողոքներ, դրանց մեծամասնության դեպքում քաղաքացիների մոտ եղել է հենց կորոնավիրուսով հիվանդացություն։ Չեն իմացել, որ վարակված են, եւ պատվաստվել են։ Մնացած փոքրաթիվ դեպքերում գրանցվել են որոշակի ալերգիկ ռեակցիաներ եւ մի շարք սիմպտոմատիկ բողոքներ, որոնք մանրակրկտորեն քննվել են։ Որեւէ խնդիր չի եղել»,- ասել է Ավանեսյանը։ Ըստ նրա՝ մտահոգությունները, թե կորոնավիրուսի նորանոր շտամներն ինչպես են ազդելու պատվաստումների արդյունավետության վրա, մնում են, բայց, այնուամենայնիվ, պատվաստումներն ապահովում են ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքից, մահացությունից պաշտպանության բավարար շեմ։ Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ COVID-19-ի Օմիկրոն շտամի՝ գլոբալ մակարդակով տարածման հավանականությունը բարձր է: ԱՀԿ-ում հավելել են, որ ընդհանուր ռիսկերը, որոնք կապված են վիրուսի նոր տարբերակի հայտնվելու հետ, գնահատվում են որպես շատ բարձր: Մի քանի օր առաջ գիտնականները հաղորդել Էին Բոտսվանայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կորոնավիրուսի B.1.1.529 շտամի հայտնվելու մասին, որը պարունակում Է S-սպիտակուցի 32 մուտացիա: Հետազոտողների կարծիքով՝ SARS-CoV-2 գենոմի մեջ նոր փոփոխություններից շատերը մատնանշում են այդ տարատեսակի բարձր փոխհաղորդակցումը եւ կայունությունը հիվանդացած անձանց պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ, թեեւ դեռ վաղ Է վերջնական եզրակացություններ անել: Մասնագետներն այն կարծիքին են, որ B.1.1.529-ն սկզբում զարգացել Է թույլ իմունիտետ ունեցող մարդու օրգանիզմում, հավանաբար՝ ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդի: Մի քանի հիվանդացածներ կան Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, ինչպես նաեւ, ենթադրվում Է, Նիդեռլանդներում եւ Ավստրիայում: Այդ բոլոր դեպքերը բերովի են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին անցկացված արտակարգ նիստում B.1.1.529-ը համարել Է «մտահոգություն առաջացնող» եւ նրան տվել Է Օմիկրոն անվանումը՝ ըստ հունական այբուբենի 15-րդ տառի: Եվրամիությունը եւ բազմաթիվ այլ երկրներ սահմանել են աֆրիկյան առանձին պետություններից ժամանման մուտքի արգելք:

Ն. Պ.

 

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻՆ

Դեկտեմբերի 5-ին կկայանան  Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ խոշոր  համայնքները  միավորող Նոյեմբերյան  խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, Նոյեմբերյանի շրջանի բոլոր՝ 19 բնակավայրերը կներառվեն մեկ համայնքի մեջ։ Ի տարբերություն Դիլիջանում՝ հոկտեմբերի 17-ին, եւ նոյեմբերի 14-ին Իջեւանում կայացած  ավագանու համամասնական կարգով ընտրությունների՝ Նոյեմբերյանում ավելի  թեժ պայքար է սպասվում։ Նոյեմբերյան խոշոր համայնքի գործող ղեկավար Կարեն Աբազյանը գլխավորում   է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների ցանկը, նախկինում «ԱԿԲԱ» բանկի  Բերդի եւ Նոյեմբերյանի մասնաճյուղերի տնօրեն աշխատած, այժմ ձեռներեց Մհեր Աղամյանը՝ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, Կողբ եւ Զորական գյուղերն ընդգրկող Կողբի խոշոր համայնքի արդեն նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ավագանու  թեկնածուների ցանկի 3-րդ համարը՝ Բագրատաշեն գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Ալավերդյանը,  դժգոհում է, որ  Նոյեմբերյան համայնքի գործող ղեկավար Կարեն Աբազյանի լուսանկարները  Պտղավան, Բերդավան, Կողբ գյուղերում, Նոյեմբերյան քաղաքում փակցված են գիշերային լուսավորության հենասյուներին։ Տնօրեն Լիանա Ալավերդյանը դրա հետ կապված հարցեր է տալիս. «Ձեր կարծիքով՝ սա կարելի՞ է համարել օգտագործվող լծակ գործող համայնքապետի կողմից։ 2. Արդյոք այդ գովազդային վահանակները, որոնք եռակցված են սյուներին, չե՞ն արվել համայնքի միջոցներով։ 3. Արդյոք հանուն ժողովրդավարության չարժե՞ր այդ վահանակներին փակցնել բոլոր երեք թեկնածուների նկարները»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

154 ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ

Նոյեմբերի 22-ից 28-ն արտակարգ իրավիճկաների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 342 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 4 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաեւ 128 կենցաղային կանչ. տուժել է 124 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ: Արձանագրվել է թունավորման 15 դեպք: Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

 

 

ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ԱԶԱՏԵԼ Է

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, հիմք ընդունելով Նելլի Ամիրյանի անձնական դիմումը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110 հոդվածի պահանջով, որոշել է Դիլիջան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Նելլի Ամիրյանին  2021թ. նոյեմբերի 24-ից ազատել զբաղեցրած պաշտոնից եւ կատարել վերջնահաշվարկ։ Դիլիջան համայնքի ղեկավար Դ. Սարգսյանի գործունեության վերաբերյալ լրատվական  նյութերում, որոնք տեղադրված են Դիլիջանի համայնքապետարանի  ինտերնետային կայքում, քիչ չեն մտքի եւ կետադրական  սխալները։

 

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՔԱՐԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ

Դիլիջանի համայնքապետարանից հայտնում են, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հովանավորությամբ ամփոփվել է  «24 քայլ՝ դեպի վեր» Դիլիջանում կառուցվող եկեղեցու քարերի գնման նպատակով կազմակերպված դրամահավաքը: Դիլիջան քաղաքի ակտիվ բնակիչներից մեկի՝ Գարիկ Թովմասյանի կողմից կազմակերպված այս նախաձեռնությանը միացել են Դիլիջանի համայնքապետարանի, համայնքային ենթակայության թիվ 1, 2, 3, 4, 5, 6, Հաղարծին եւ Թեղուտ գյուղերի մանկապարտեզները, «Դիլիջանի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ների աշխատակիցները։ «24 քայլ՝ դեպի վեր» նախաձեռնության նպատակն է մասնակցել նոր կառուցվող Դիլիջանի եկեղեցու անվանական քարերի գնմանը, որոնք կհավերժացնեն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Դիլիջան համայնքի 24 բնակիչների հիշատակը: 2021թ. սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը, Դիլիջանում  կառուցվող եկեղեցու ներսում տեղի է ունեցել տոնական պատարագ եւ 1937թ.-ին  ավերված եկեղեցու հին քարի հանդիսավոր հանձնումն ու տեղադրումը նոր եկեղեցում։ Դիլիջանում եկեղեցի կառուցելու գործը նախաձեռնողներից է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Դիլիջանի եկեղեցու շինարարությունը մեկնարկել է 2015 թվականին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս