Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը, նշում է՝ դրանից հետո էլ Ադրբեջանը շարունակում է շանտաժի ու պարտադրանքի լեզվով խոսել Հայաստանի հետ: Ըստ պատգամավորի՝ մեր հակառակորդը չի դադարում նաեւ բարձրաձայնել տարածքային նկրտումների ու ՀՀ որոշ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:
-Սոչիում կայացած հանդիպումից հետո հասարակությունը թմբիրի մեջ է, որ Նիկոլ Փաշինյանը գնաց, նորմալ փաստաթուղթ ստորագրեց եւ ոչ մի վտանգ չկա: Դուք ի՞նչ եք կարծում: Հնարավո՞ր է մի որոշ ժամանակ անց նորից անակնկալի գանք ու հասկանանք, որ այդ փաստաթղթի այս կամ այն դրույթը այս բանն էր ենթադրում, կամ որոշակի բանավոր պայմանավորվածություններ են եղել, որոնց մասին նոր ենք տեղեկանում:
-Մեր քաղաքացիների մի մեծ մասը ֆիքսվել է հայտարարությանը հետեւած համատեղ հայտարարության տեքստին եւ ենթադրում է, որ գործընթաց այս պահին տեղի չի ունենում: Իրականում մինչեւ հայտարարության տարածումը եւ եռակողմ հանդիպմանը հետեւած ճապազրույցի ժամանակ հնչել են հայտարարություններ, որոնք ոչ միայն որոշակի տեղեկություններ են փոխանցում տիրող իրավիճակի եւ առկա գործընթացների մասին, այլ նաեւ բավականին մտահոգիչ ուղերձներ են պարունակում: Մասնավորապես նշվել էր այս հանդիպումից հետո, որ մինչեւ տարեվերջ մշակվելու են համապատասխան մեխանիզմներ, ինչը հնարավորություններ է տալու սկսել դելիմիտացիա եւ դեմարկացիա: Այսինքն՝ ունենք իրավիճակ, եւ դեւեւս պարզ չէ, թե որոնք են լինելու այդ գործընթացի հիմքում, որոնք են լինելու առաջնորդ ու հիմնական սկզբունքները: միգուցե դրանք կան, բայց հանրության լայն շրջանակներին իշխանությունը չի փոխանցել, բայց նշվում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մեխանիզմները գործի են դրվելու: Սա մեկ: Երկրորդը՝ հանդիպումից առաջ տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության նկատմամբ, Ադրբեջանը ակնհայտորեն դիմել է գործողությունների, որ հակասում են հետպատերազմյան ժամանակահատվածի պայմանավորվածություններին եւ տարածված եռակողմ հայտարարություններին: Այս հանդիպումը ոչ միայն որեւէ գնահատականի չի արժանացել, այլ բավականին փոքրացվել է դրա դերը ընդհանուր գործընթացներում: Իրականում Ադրբեջանը շանտաժի է ենթարկում, սպառնալիքի լեզվով շարունակում է խոսել Հայաստանի հետ, փորձում է հասնել իր համար առավելագույն արդյունքի, այդ թվում՝ նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնություններ դրսեւորելու հսկողություն հաստատելու միջոցով: Մենք ունենք այս պահին 31 գերեվարված, ունենք 6 զոհ, կա քրեական գործընթաց մեծ թվով զինվորականների նկատմամբ, որոնք մեղադրվում են ագրեսիան հետ մղելու համար: Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանի համար պարարտ հող է նախապատրաստվել հետագա գործընթացներում Հայաստանի հետ խոսել ուժի եւ ուժի սպառնալիքի լեզվով եւ Հասատանից ստանալ ավելին, քան նախատեսված էր նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի պայմանավորվածություններով:
-Հետեւաբար Զանգեզուրի միջանցքը, ինչի մասին բարձրաձայնում են, շարունակո՞ւմ է օրակարգային մնալ, թե՞ Սոչիի հանդիպումը ամեն ինչ իր տեղը գցեց:
-Ունենք երկու կարգի խնդիր: Առաջինը՝ ունենք իշխանություն, որը գլխավորում են մարդիկ, որոնք ստում են հասարակությանը, տարբեր քարոզչական ստերի եւ մոլորության հասցնող հայտարարությունների միջոցով հանրությանը ակնհայտ ապատեղեկատվություն են հասցնում: Երկրորդը՝ կան պահանջներ Արդբեջանի կողմից, որոնք չեն համապատասխանում նոյեմբերի 9-ի փաստաթղթին ու հունվարի 11-ի պայմանավորվածություններին, բայց Ադրբեջանը դրանք բերում է օրակարգ եւ որոշները այս պահին պարտադրել է մեզ: Ադրբեջանը հետպատերազմյան իրավիճակում 2 անգամ դիմել է ագրեսիայի, եղել է նպատակ նոր վերահսկողության հասնել Հայաստանի կոմունիկացիաների, կարեւորագույն օբյեկտների վրա: Ճնշում էր բանեցնում Հայաստանի իշխանությունների վրա հասնելու իր համար ցանկալի լուծումների:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԿԱՆԽԱԳԵԼԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎՈՒՄ
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այն համոզմանն է, որ հասարակակական վայրերում զենքի գործադրմամբ հանցագործությունների թիվն աճել է նաեւ այն պատճառով, որ 44-օրյա պատերազմից հետո շատ քաղաքացիների մոտ ապօրինի զենք է հայտնվել, որոնք, ցավոք սրտի, գործի են դրվում: «Ժողովուրդ» օրաթերթը փոխոստիկանապետի հետ զրուցել է հասարակական հնչեղության սպանությունների ու հարակից հարցերի շուրջ:
-Վերջերս հասարակական հնչեղության սպանությունները շատացել են, Դուք էլ կփաստեք դա: Ոստիկանությունը նախականխարգելիչ ու կանխարգելիչ միջոցառումներ չի՞ իրականացնում կամ թերանո՞ւմ է այդ աշխատանքներում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Չեմ համաձայնի Ձեր հարցադրման հետ: Նախականխիչ գործողություններն այնպիսին են, որոնք շատ դեպքերում տեսանելի չեն լինում: Ես կարող եմ մի օրինակ բերել, երբ ընդամենը օրեր առաջ նախականխիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց եւ կանխվեց հերթական որեւէ սպանության իրականացման փորձը: Միշտ չէ, որ այդ գործողությունները բարձրաձայնվում են, որովհետեւ դրանք կրում են օպերատիվ հետախուզական բնույթ, որոնց արդյունքները տեսանելի չեն հասարակության համար:
-Կա՞ վիճակագրություն:
-Կա, բայց չեմ կարող հիմա ներկայացնել:
-Ամեն սպանությունից հետո հասարակության մի հատված նաեւ սոցիալական ցանցերում մեղադրում են ոստիկանությանը, որ նրանք զբաղված են ցույցեր ցրելով, դրա համար էլ այսպիսի պատկեր ունենք: Այս քննադատությանն ինչպե՞ս կարձագանքեք:
-Միանշանակ չէ, որ կողմ եմ այդ քննադատությանը, որովհետեւ ոստիկանությունը բաղկացած է մի շարք ստորաբաժանումներից: Եվ այն ստորաբաժանումները, որոնք պետք է ներգրավված լինեն եւ ներգրավված են հատկապես հանցագործությունների բացահայտման աշխատանքներում, իրենք երբեւէ չեն ներգրավվում հասարակական անվտանգության ապահովման գործողություններում:
Զրուցեց Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ
Հայաստանի բնակչությունը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 963 հազար 300 մարդ: ArmLur.am-ին հայտնի դարձավ՝ Հայաստանի բնակիչներից 1 մլն 565 հազար 144-ը կին է, 1 մլն 398 հազար 107-ը՝ տղամարդ, այսինքն՝ 167 հազար 37-ով կանայք ավելի են տղամարդկանցից: Հայաստանի քաղաքային բնակիչներից 1 մլն 19 հազար 428-ն է կին, 876 հազար 127-ը՝ տղամարդ՝ 143 հազար 301-ով պակաս կանանցից: Նշենք, որ գյուղերում տղամարդկանց թիվը կազմել է 521 հազար 716, 545 հազար 716-ը՝ կին: Այս դեպքում եւս կանայք գերակշռում են: Այս տարեսկզբի դրությամբ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակի 63.5 տոկոսը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.4 տոկոսը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 15.1 տոկոսը` աշխատունակ տարիքից բարձր (63 եւ ավելի տարեկան) բնակչությունը:
ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Դատական դեպարտամենտն արդեն նոր ղեկավար ունի: Նա Արմեն Հարությունյանն է՝ նախկին դատախազ: Ինչո՞ւ է հենց նա նշանակվել Դատական դեպարտամենտի ղեկավար: ArmLur.am-ին դատական համակարգից հասած լուրերի համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը իր՝ դատախազ եղած ժամանակվա հին ընկերներին տեղափոխում է դատական համակարգ: Բանն այն է, որ Արմեն Հարությունյանը նախկինում եղել է զինվորական դատախազության քննիչ եւ Գագիկ Ջհանգիրյանը հետ բավականին մտերիմ է եղել: Հարությունյանը մեկ տարի առաջ թոշակի անցավ, եւ, ահա, նախկին դատախազը մեկ տարի անց նոր պաշտոն ստացավ: Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ՝ սեփական դիմումի համաձայն: 2015թ. հունվարի 13-ից Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր:
ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
ArmLur.am-ը Գումի շուկայում փոքրիկ շրջայց է արել ու պարզել, որ խաշի չորս տոտիկն արժե 10000 դրամ, մինչդեռ նախորդ տարվա այս ժամանակահատվածում դրանք վաճառվել են 7000-8000 դրամով, այսինքն՝ մեկ տոտիկն արժեցել է 1750-2000 դրամ, իսկ այս ամիսներին այն վաճառվում է 2500 դրամով: Նախորդ տարի խաշի մեկ տոտիկը վաճառվել է անգամ 1200 դրամով: Ինչպես հայտնի է, խաշը կովի տոտիկներից պատրաստվող համեղ ապուր է: Խաշն ընդունված է ուտել այն ամիսներին, որոնցում առկա է «ր» տառը, այսինքն՝ սեպտեմբերից մինչեւ ապրիլ ներառյալ, տարվա մյուս եղանակներին խաշի համար շոգ է: Այս օրերին Գումի շուկայի մոտով անցնելիս անհնար է չնկատել դույլի միջից ցցված կովի սափրած տոտիկներ: Նախորդ տարի մսավաճառները կորոնավիրուսի պատճառով գումար չաշխատեցին, ամիսներով փակ մնացին նաեւ օբյեկտները, իսկ պատերազմից հետո ոչ ոք սիրտ ու հավես չուներ խաշ ուտելու: Այս տարի մսավաճառները չեն դժգոհում, ասում են՝ առեւտուր կա: