«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ ՉԻ ՏԱԼԻՍ». Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինվորական հոսպիտալում բուժզննում է անցնում, ու պարզվում է, որ կարիք կա ԾՀՁ հետազոտության, ու ամիսներով պետք է հերթ կանգնի: Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար»,- Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է բարձրաձայնում խնդիրը՝ առաջարկելով առանց պետության վրա ֆինանսական բեռ դնելու զինծառայողների համար փոքրիկ արտոնություն սահմանել: Արտոնությունը մեր բոլորի անդորրն ու սահմանի անվտանգությունը հսկող տղաներին բժշկական առաջնահերթություն տալուն է վերաբերում:

 

«Չկա առաջնահերթություն, ստացվում է՝ պետությունը որեւէ երաշխիք առաջնահերթության մասով չի տալիս զինծառայողին: Օրենքի նպատակը զինծառայողների համար մոտիվացիա ապահովելն է, որպեսզի նրանք իրենց առավել պաշտպանված զգան պետության կողմից, զգան, որ ուշադրության կենտրոնում են, ինչպես նաեւ զինծառայության գրավչության բարձրացմանն է ուղղված այս նախագիծը»,- հավելում է Թ. Թովմասյանը:

Նկատենք, որ Թովմասյանի բարձրաձայնած նույն մտահոգությունները նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է արձանագրել: Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ ներկայացրեց ՄԻՊ-ի ներկայացուցիչ Համլետ Հարությունյանը. «Մենք նույնպես այս խնդիրն արձանագրեցինք ինչպես զորամասեր, այնպես էլ զինվորական հոսպիտալներ այցերի շրջանակներում։ Ի՞նչ պարզվեց. զինհոսպիտալներ տեղափոխվող զինծառայողները, պայմանավորված հոսպիտալներում տեխնիկական հագեցվածության ու մասնագետների որոշակի թվի պակասով, որոշակի հետազոտություններ կամ բուժօգնություն, այնուամենայնիվ, ստանում են քաղաքացիական հաստատություններում, իսկ նրանց հերթագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով, այսինքն՝ առաջնահերթություն իրենց մասով նախատեսված չէ։ Իսկ դա կարող է ընդհուպ զինվորական ծառայության գրավչությունը նվազեցնելուն հանգեցնել»:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ արտոնությունը ոչ միայն զինծառայողներին, այլ նրանց ընտանիքի անդամներին պետք է վերաբերի: «Երբ խոսում ենք զինծառայության գրավչության մասին, խոսում ենք զինծառայողի ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին, որը թույլ չի տալիս շատ ժամանակ անցկացնել հերթերի, հետազոտությունների վրա: Այս տեսանկյունից բնական է, որ զինծառայողների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնում է նաեւ ընտանիքի անդամների բժշկական ապահովման եւ սպասարկման հարցը»,- ասում է Աբրահամյանը:

Իշխանության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ու նիստի ժամանակ «ես բանակի սպա ու գնդապետի որդի եմ» արտահայտությունը մի քանի անգամ շեշտած Վիլեն Գաբրիելյանի կարծիքով՝ զինվորականների բուժմանն առաջնահերթություն տալը հավասար իրավունքների խախտում կլինի: «Պարզվում է, որ ես՝ գնդապետի որդիս ու զինված ուժերի սպաս, չեմ մտածում ուսադիր կրող մարդուն՝ զինծառայողին արտանություններ տալու մասին, իսկ դուք մտածում եք։ Չեմ հասկանում այդ տրամաբանությունը։ Դեմ չեմ բովանդակային փոփոխությանը, որն օգուտ կբերի։ Ասում եք՝ զինծառայողի մասին ենք մտածում. եթե այդպես է, ապա եկեք հավելեմ՝ բժիշկներին արտոնություն տանք, մարդիկ երկու տարի է՝ կյանքեր են փրկում, հետո անցնեք ուրիշ տեղ՝ լրագրողներին ու իրավաբաններին արտոնություն տանք ու այսպես շարունակ»,- հեգնախառն տոնայնությամբ անհասկանալի համեմատություն է անում իշխանական պատգամավորը։ Վիլեն Գաբրիելյանի անհարկի սարկազմին ու հարցի լրջությունը երկրորդ պլան մղելու փորձերին նախագծի հեղինակն է արձագանքում. «Ինչ վերաբերում է Վիլեն Գաբրիելյանի առաջարկին, թե տարբեր խավերի ներկացուցիչների համար էլ կարելի է արտոնություններ սահմանել, ապա, իհարկե, կարելի է ընդլայնել արտոնություն ստացող անձանց ցանկը. զինծառայողների փոխարեն՝ համատիրությունների աշխատողներին, մսուր-մանկապարտեզի աշխատողներին, պարկապզուկ փողային երաժշտական գործիքի մասնագետներին տալ այդ արտոնությունը։ Պետք չէ անլրջացնել առաջարկն ու անընդհատ ասել, թե զինծառայողներին վերաբերող հարցերի մասով իշխանությունն ընդդիմությունից առավել քան մտահոգ է։ Կոնկրետ Ձեր՝ փաթեթին դեմ լինելու  մասով զարմացած եմ, որովհետեւ հոգուս խորքում այլ կարծիք ունեի, ու հիմա տարակուսած եմ, որ Դուք դեմ եք նրան, որ զինծառայողները արտոնյալ պայմաններ ունենան»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վստահեցմամբ՝ առաջնահերթություն պետք է տրվի զինծառայողներին, փրկարարներին, նրանց հավասարեցված անձանց, բայց նախարարությունը չի կարող երկրորդ պլան մղել, օրինակ, քաղցկեղով հիվանդի ԾՀՁ հետազոտությունը, որից կախված է նրա հետագա բուժումը: «Մեր քաղաքացիների առողջական խնդիրները պետք է բավարարվեն հավասար սկզբունքով»,- նշում է նախարարը: Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն է տվել, բնականաբար, նաեւ խորհրդարանական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի համոզմամբ՝ եթե նույն նախագիծը իշխանության ներկայացուցիչ ներկայացներ, ապա այն իշխանությունը ծափողջույններով կընդուներ:  «Եթե նախագիծը ոչ թե Թագուհի Թովմասյանը, այլ Պաշտպանության նախարարությունը ներկայացներ, ապա ինչպիսի՞ն էր իշխանության պատգամավորների կարծիքը լինելու: Դեմ լինել նրան, որ զինվորականը մի փոքր արտոնություն ունենա, անհասկանալի է, մանավանդ որ, ըստ Թովմասյանի ներկայացման, բժշկական առաջնահերթությունից օգտվում են զորակոչի ենթակա ու ծառայության մեկնել պատրաստվող քաղաքացիները: Նույն այդ արտոնությունից ինչո՞ւ չեն կարող օգտվել արդեն իսկ ծառայող զինվորականները»,- շեշտում է Նազարյանը:

 

 

 

 

ԱԼԻԵՎԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

«Ռոսիա 24» հեռուստաալիքն ամփոփել է Սոչիում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո՝ օդանավ նստելիս, Իլհամ Ալիեւը կարճ մեկնաբանություն է տվել հեռուստաալիքին Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ: «Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Այդ մասին է վկայում հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը տրանսպորտային հաղորդակցությունների բացման եւ սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ: Ադրբեջանը բազմիցս բարձրացրել է այդ հարցերը, եւ Ռուսաստանը միշտ սատարել է, ուստի հանդիպումը շատ կարեւոր էր»,- ասել է Ալիեւը:

 

 

 

ԿՏՈՒԳԱՆՎԻ

Այսուհետ Հայաստանում շինարարությունը՝ կլինի քանդում, կառուցում, ապամոնտաժում, ճիշտ ժամանակին չավարտելու դեպքում կառուցապատողը կտուգանվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարել: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ կառուցապատումը, շինարարությունը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը կառաջացնի տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով: Իսկ տուգանքը նշանակելուց հետո՝ նոր սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի 10%-ի չափով:

 

 

 

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ «ՌԵՅԴ» ԵՆ ՍԿՍԵԼ

Նոյեմբերի 26-ին ArmLur.am-ը հրապարակել էր, որ ոստիկանությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ են սկսել «օրենքով գող»-երի եւ քրեական հեղինակությունների բնակարաններում: Տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա եւ 128 հասցե, այդ թվում՝ այսպես ասած «օրենքով գող» եւ հանցավոր հեղինակություն համարվող անձանց։ Հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, փամփշտատուփ, տարբեր հրազենների ու տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ, սառը զենքեր, մահակներ, զրահաբաճկոններ, կեղծ թղթադրամներ, կորցրած համարանիշեր, 24 գրամից ավելի մարիխուանա, հոգեմետ դեղահաբեր եւ այլն։

Հատուկ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ, այդ թվում՝ այսպես ասած «օրենքով գող» եւ հանցավոր հեղինակություն համարվող անձինք։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն այս գործընթացը սկսել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 11-ին Քանաքեռում սպանվեցին քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Տույը, եւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը: Մեզ հասած տեեկությունների համաձայն՝ իրավապահները ներքին քննարկում են ունեցել, որտեղ խոսվել է այն մասին, որ վերջին շրջանում տարբեր սպանությունների արդյունքում զգալի չափով զենք-զինամթերք են հայտնաբերում, ուստի իրավիճակը զսպելու համար պետք է առավել կոնկրետ քայլերի գնալ եւ սկսել խուզարկությունների շարք: Ասել է թե՝ իրավապահ համակարգը «ռեյդ» է սկսում հնարավոր դեպքերը կանխելու համար: Թե որքանով այս գործընթացը արդյունք կտա, ժամանակը ցույց կտա:

 

 

ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է

Սամվել Ազատի Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի հուլիսի 01-ին «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ կնքելով աշխատանքային պայմանագիր եւ աշխատանքի անցնելով «ՀԷՑ» ՓԲԸ-ի Նաիրիի մասնաճյուղում որպես գլխավոր ճարտարագետ, 2020 թվականի ապրիլի 04-ին հանցավոր անփութությամբ չի նախատեսել իր գործողությունների հետեւանքով Վալերի Բաղդասարյանին մահ պատճառելու իրական հնարավորությունը, թեեւ տվյալ իրադրությունում պարտավոր էր եւ կարող էր նախատեսել դա, որի արդյունքում էլ իր գիտությամբ եւ թույլտվությամբ Նաիրիի էլցանցի աշխատակից չհանդիսացող Վալերի Բաղդասարյանը 2020 թվականի ապրիլի 04-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, բարձրացել է Զովունի գյուղում գտնվող «ՀԷՑ» ՓԲԸ-ի Նաիրիի մասնաճյուղի թիվ 7778 բարձրավոլտ ենթակայանի սյան վրա վթարված հաղորդալարերի վերանորոգման աշխատանքներ կատարելու համար, որի ժամանակ էլ հոսանքահարվել եւ մահացել է:

 

 




Լրահոս