«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով իրացման նպատակով 2021թ. ապրիլի-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվեկշռից դուրս է գրել եւ ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր եւ դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։
«Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական եւ հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով, 2021 թվականի ապրիլ-հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու եւ համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների եւ եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել եւ ստացել է 5000-ից մինչեւ 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը»,- հայտնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից:
Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, գործի համար կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նաեւ նշանակվել է մասնագիտական ստուգում: Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին եւ նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր այս գործընթացներում ներգրավված այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այլոց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով:
Ն. Պ.
ԸՆԴՀՈՒՊ ԱԶԱՏՈՒՄ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Փոխնախարարը նախ վստահեցրել է, որ փոփոխությունը միտված է միայն ու միայն աշխատողների hամար առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: «Գործատուն իրավունք է ստանում չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե աշխատողը չի ներկայացնում կա՛մ պատվաստման, կա՛մ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանքները»,- ասել է Սարգսյանը: Այսպիսով, սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կան սահմանված բացառություններ: Բացառություններ են կազմում այն պաշտոնյաները, որոնց պաշտոնն ընտրովի է կամ օրենքի ուժով է կամ Սահմանադրության հիմքով է նշանակվում եւ չունի վերադաս կամ ղեկավար, այսինքն՝ ազատելու հիմքերը ղեկավարի միջոցով չեն սահմանվում: Կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Գործող կարգավորման համաձայն՝ աշխատող քաղաքացիները 14 օր մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ: Իսկ պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից: Չպատվաստված աշխատող քաղաքացիները ՊՇՌ թեստի բացասական արդյունքը դեկտեմբերի 1-ից պետք է ներկայացնեն 7 օրը մեկ:
ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ Է ՄՇԱԿՈՒՄ
Ազգային ժողովում 2022թ. պետական բյուջեի հաստատման գործընթացին զուգահեռ Պետական վերահսկողական ծառայությունում արդեն իսկ ակտիվորեն իրականացվում են բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների նկատմամբ մշտադիտարկման նախապատրաստական աշխատանքներ: Ինչպես հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, առկա տեղեկատվական շտեմարանների միջոցով ՊՎԾ-ն իրականացնելու է 2022թ. բյուջետային բոլոր միջոցառումների ժամանակին եւ որակով կատարման նկատմամբ ընթացիկ դիտարկում, առանց կատարող մարմնի աշխատանքներին միջամտելու: ՊՎԾ կողմից առավել ռիսկային գնահատված միջոցառումների պատշաճ կատարման նկատմամբ կիրականացվի առավել ինտենսիվ մշտադիտարկում: Այս գործընթացի նպատակն է հնարավորինս վաղ փուլում հայտնաբերել միջոցառումների իրականացման ժամկետային եւ որակական թերացումները եւ վարչապետին ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ: ՊՎԾ-ն կանխարգելիչ գործառույթների իրականացման ընթացքում, ըստ անհրաժեշտության, ակտիվորեն համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների հետ:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մասնակցել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության խորհրդի 112-րդ նիստին՝ «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա եւ շարժունություն. դասեր քաղելով եւ պատրաստվելով ապագային» թեմայով։ Ղազարյանն անդրադարձել է համավարակով պայմանավորված իրավիճակին Հայաստանում: Նա նշել է, որ համավարակի ամենասկզբից Կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակումների ժամանակահատվածում ապահովելով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաեւ ընդունել է վերադարձողների վերաինտեգրման առաջնային աջակցության ծրագիրը։ «Անցյալ տարին մեզ համար մարտահրավերներով լի էր՝ ոչ միայն համավարակով պայմանավորված, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով, որը սպառնում էր ոչ միայն գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, այլեւ պատճառ դարձավ տարծաշրջանային մարդասիրական ճգնաժամի եւ զանգվածային տեղահանումների համար»,-նշեց Ա. Ղազարյանը՝ մանրամասնելով, որ ագրեսիայի հետեւանքով ավելի քան 91 հազար անձ է տեղահանվել, որոնց 88 տոկոսը՝ կանայք եւ երեխաներ։ Եզրափակելով խոսքը՝ Արմեն Ղազարյանն անդրադարձավ միգրացիայի կառավարման ոլորտում թվայնացման գործընթացներին՝ մասնավորապես նշելով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր հարթակի գործարկումը։ «Վերջին փորձառությունը ցույց տվեց ներառական քաղաքականությունների արդյունավետությունը, որոնք կառուցված են համագործակցային մոդելով՝ կառավարությունների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ»,-ասել է նա։