ՄԱՐԴԻԿ ԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղում՝ Ճակատեն-Կապան ճանապարհին, ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով մարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչեւ գյուղատնտեսական: Այս մասին հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Նույնը վերաբերում է նաեւ Ճակատենին: Այսօր Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի հետ միասին այցելեցինք այս բնակավայրեր:

Նախ՝ երկու գյուղերում էլ առաջացել են գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրներ: Բանն այն է, որ, օրինակ, ընկույզի ապրանքների համար տարբեր գնորդներ էին գալիս Շիկահող: Կապան-Ճանապարհը փակվելուց հետո նրանք չեն կարողանում գալ դժվարանցանելի, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով:

Առաջ են եկել կրթական իրավունքի անհատական խնդիրներ, բացի նրանից, որ խաթարվել է դպրոցների բնականոն աշխատանքը: Օրինակ՝ Շիկահողի բնակիչներից մեկի երեխաներից 2-ը ճանապարհի պատճառով չեն կարողանում ամեն օր հասնել Կապան, մեկը՝ կրկնուսույցի հետ պարապելու, մյուսը՝ քոլեջ հաճախելու նպատակով: Առցանց կազմակերպել ուսուցումը դեռեւս չի ստացվում: Այլընտրանքային ճանապարհով էլ հնարավոր չէ կազմակերպել երեխայի բնականոն տեղաշարժը:

Շիկահողի մեկ այլ բնակիչ տեղեկացրեց, որ հայրը հեմոդիալեզ է անցնում Կապանում, ինչի պատճառով տեղափոխման դժվարություններ է ունենում նոր ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, որը վատ է անդրադառնում նաեւ հոր առողջական վիճակի վրա: Որդին ստիպված է եղել Կապանում բնակարան վարձակալել, որպեսզի հայրը կարողանա ժամանակին ստանալ բուժօգնությունը:

Ինձ համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո, ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որեւէ կապ չունի դրա նպատակների հետ:

Տեղական մարմինները, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար: Այս մասին նշել են նաեւ բնակիչները: Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Որքան էլ, օրինակ, տեղական մարմիններն աջակցեն, դա օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումների հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում եւ այլն): Ուստի ելքը հստակ է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարեւանությամբ կամ համայնքների միջեւ ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը:

Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների եւ հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում: Այս մասին հատուկ զեկույցները Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարմիններին եւ ՀԿ-ներին»:

Ն. Պ.




Լրահոս