ՈՒՂՂԱԹԻՌԻՑ ՕԳՏՎԵԼ Է՝ ԲԺԻՇԿ ՉԼԻՆԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի թաքցնում՝ օգտվել ու շարունակելու է օգտվել սանավիացիայի ուղղաթիռից։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե որն էր Սյունիք եւ Տավուշ սանավիացիայի միջոցով մեկնելու հրատապությունը, մանավանդ եթե ինքը բժիշկ չէ ու կյանքի-մահվան կռիվ տվող քաղաքացուն հապշտապ բուժօգնություն ցույց տալ չի կարող, Ավանեսյանը խիստ վրդովված տոնով էր արձագանքել? «Այո, սանավիացիայից եմ օգտվել, ու եթե առաջիկայում էլ անհրաժեշտություն լինի, օգտվելու եմ բոլոր անհրաժեշտ եւ առկա միջոցներից՝ հրատապ կերպով արագ արձագանքման կամ հրատապ հարցերը կարգավորելու համար: Որեւէ արտառոց բան չկա այդ հարցում»։

Մեր մյուս հարցին, թե արդյոք ոստիկանությունը կամ իրավապահ այլ մարմինները դեպքի մասով հարցեր են ուղղել կամ փաստաթղթեր պահանջել նախարարից կամ նախարարությունից, Ավանեսյանը բացառող պատասխան էր տվել։

Գլխավոր դատախազությունը, հիշեցնենք, նախարարի գործողությունների ուսումնասիրության հետագա գործընթացը հանձնարարել էր Քրեական ոստիկանությանը, այսպես ասած՝ 6-րդ վարչությանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնել։ Իրավապահները նախարարությունից որոշակի փաստաթղթեր են պահանջել, ընդհուպ նաեւ հիմնավորումը, թե որ դեպքում է նախատեսված օգտվել սանավիացիայից։ Այդ հարցին, ի դեպ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ էր անդրադարձել՝ կետ առ կետ նշելով, թե հրատապ ինչ դեպքերում կարելի է ուղղաթիռը գործի դնել։ Դրանք են՝ գանգուղեղային եւ ողնաշարի ծանր վնասվածքները՝ տրավմատիկ շոկով, պոլիտրավմաները՝ խոշոր ոսկրերի կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներով, էկզոգեն թունավորումները (կենդանիների խայթոցից, դեղորայքային կամ քիմիական նյութերով), մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքները՝ այրվածքային հիվանդությունով, ինֆեկցիոն տոկսիկ շոկով ուղեկցվող հիվանդությունները եւ վիճակները: Ծրագիրը վերաբերում է նաեւ ծննդկաններին, որոնք գտնվում են ծանր վիճակում եւ կարիք ունեն արագ տեղափոխվելու Երեւանի 3-րդ մակարդակի հաստատություններ՝ ծննդալուծման համար:

Նախարարի՝ «Ա» կետից «Բ»-ն հասնելու «օպերացիան», կարծես, այդ հրատապության մեջ չէր մտնում։

Ոստիկանության մեր լավատեղյակ աղբյուրներն էլ փոխանցում են, որ իրավապահներն ինչքան էլ փորփրեն միջադեպն ու փաստեր պահանջեն Առողջապահության նախարարությունից, միեւնույնն է, գործն ի վերջո կարճելու են. քաղաքական հրահանգն այդպիսին է:

 

 

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է՝ Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է: «Բնակիչների անվտանգության եւ իրավունքների վերականգնման համար միակ ելքը ադրբեջանցիների՝ տարածքից հեռացումն է»,- ընդգծում է օմբուդսմենը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ամբողջ օրը, ՄԻՊ արձանագրում-ահազանգի վերաբերյալ փորձեց Սյունիքի մարզպետարանից մեկնաբանություն ստանալ, մեր փորձերը, սակայն, ապարդյուն անցնան: Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մինչեւ աշխատանքային օրվա ավարտն անհաղորդ մնաց մեր հեռախոսազանգերին: Մարզպետարանի՝ լրատվամիջոցների հետ աշխատանքը համակարգող ու այս պահին արձակուրդում գտնվող աշխատակիցը հորդորեց  գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ կապ հաստատել: Մարտիրոսյանը, պարզվեց, դժգոհ է, որ Թաթոյանի արձանագրումների հետ կապված իրենցից մեկնաբանություն ենք խնդրում: «Այդ մասին չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ»,- նշեց նա:  Մեր դիտարկմանը, թե գործընկերն է ուղղորդել, որ իրեն դիմենք, լակոնիկ պատասխանեց. «Լավ չի արել, էլի»: Խնդրանքին՝ ուղղորդել, թե ինչպես, կապի ինչ միջոցով կարող ենք զրուցել մարզպետ Պողոսյանի հետ, մարզպետարանի գլխավոր քարտուղարը խիստ ավանդական ձեւով արձագանքեց. «Չեք կարող, հարցերը գրավոր ուղարկե՛ք»:

 

 

 

Ինչպես  հայտնի  է, արդեն  օրենքի  նախագիծ  է  ներկայացվել Ազգային  Ժողով, որպեսզի  Վճռաբեկ  դատարանում  առանձին  վարչական  պալատ  ստեղծվի: Ու  մինչ  ԱԺ-ն  այս  մասով  որոշում  կկայացնի, «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ  վճռաբեկ  դատարանում   դեռեւս  չստեղծված   պալատի  նախագահի  նշանակման  շուրջ  «գզվռտոց» է սկսվել: Մեզ հասած տեղեկությունների  համաձայն՝ պալատի  նախագահի  իշխանության  թեկնածուն Վճռաբեկի  դատավոր  Հովսեփ  Բեդեւյանն է, սակայն նախագահ  է  ցանկանում  դառնալ  նաեւ Ռուզան Հակոբյանը:  Հայտնի  է, որ այս տարի Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Այդ ժամանակահատվածը, սակայն, համընկավ արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ապա՝ ընտրությունների հետ, եւ խորհրդարանը, այսպես ասած, ժամանակ չուներ այս հարցը քննարկելու: Արդյունքում հարցն արդեն ընգրկված էր ութերորդ գումարման խորհրդարանի նախագծերի թվում, որից  հետո Վճռաբեկի  դատավոր  ընտրվեց  իշխանության  «սրտի  դատավոր» Հովսեփ  Բեդեւյանը, եւ հիմա  էլ  ամեն ինչ  անում են՝ նրան նշանակեն Վճռաբեկ  դատարանի նոր  ստեղծվելիք վարչական պալատի  նախագահ: Ի դեպ, նա ընկալելի թեկնածու է կարծես խորհրդարանում, քանի որ միայն իշխող ուժի պատգամավորների ձայներով չէր, որ ընտրվեց:

 

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը Էկոնոմիկայի նախարարությունում հաշվեքննություն է իրականացրել եւ մի շարք խախտումներ հայտնաբերել: Մեզ հայտնի դարձավ, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերը Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: Խոսքն Էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվեքննության մասին է, որի ընթացքում ի հայտ են եկել հանցագործության առերեւույթ հատկանիշների կասկածներ պարունակող նյութեր: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն եւ խնդրեց մանրամասներ տրամադրել, սակայն գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց. «Կոնկրետ ոլորտային ուսումնասիրության հետ կապված նյութեր դատախազությունը Հաշվեքննիչ պալատի կողմից ստացել է, այս պահին պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվում է ուսումնասիրություն»:

 




Լրահոս