ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը հայտնել է. «Ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաեւ Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը. բնակիչների անվտանգության եւ իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է: Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը եւս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետեւաբար, բացի դժվարանցանելիությունից ու դրա հետեւանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի եւ անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։ Հետեւաբար, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ խնդիրների իրական պատճառը:
Ուսումնասիրել ենք այս պահին շահագործվող այլընտրանքային ճանապարհի դիտարկվող հատվածները: Ուսումնասիրություններ ենք արել Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի եւ նրա անձնակազմի հետ: Գյուղերում բնակիչները նաեւ վկայեցին, որ երբ 90-ական թվականներին այդ այլընտրանքային ճանապարհը ստիպված են եղել շահագործել, ադրբեջանական զինված ծառայողների դիտարկելու պատճառով եղել են նրանց կողմից քաղաքացիական տներ ու մարդկանց հրազենով, այդ թվում՝ դիպուկահար կրակոցներով թիրախավորելու դեպքեր։
Փաստերն ակնհայտ են հաստատում, որ հայատյացության պետական հովանավորչությունն ու խրախուսումը Ադրբեջանի իշխանությունների կողմից այս տարիների ընթացքում միմիայն խորացել է եւ նոր՝ ծայրահեղ դրսեւորումներ է ստացել՝ հասնելով ֆաշիզմի, իսկ վերջին պատերազմի ընթացքում դրսեւորվել է դաժանություններով ու մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով: Հետեւաբար, նման դեպքերի կրկնությունը չի բացառվում։ Ընդ որում, այս ճանապարհի դեպքում տեղանքի առանձնահատկությունն այն է, որ շատ մասեր հատկապես ձմռան ամիսներին կդառնան պարզապես անացանելի: Այս մասին վկայել են նաեւ գյուղերի բնակիչները՝ հիշելով, որ 90-ական թթ. ճանապարհը շահագործելու ժամանակ բախվել են նույն խնդիրներին: Սա իր հերթին ավելի կխորացնի գյուղերի մեկուսացման աստիճանը։
Հարկ եմ համարում հատուկ նշել, որ ինքներս ենք տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար:
Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է: Լուծված չէ ամենագլխավորը. երաշխավորված չեն մարդկանց կյանքի իրավունքը, անվտանգությունն ու ազատ տեղաշարժի իրավունքը, մյուս կենսական իրավունքները:
Այսինքն՝ որպես այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում եւ այլն):
Ուստի անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարեւանությամբ կամ համայնքների միջեւ ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից: Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների եւ հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում եւ վերջ: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաեւ ՀՀ մարմիններին եւ ՀԿ-ներին»:
Ն. Պ.
ԾԱՌԵՐ Է ԿՏՐԵԼ
Քաղաքացի Է.Պ.-ին մեղանդրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել եւ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասել է տարբեր տրամաչափի 2 հատ թեղի, 18 հատ ուռենի տեսակի թաց, կանգուն ծառեր` պետությանը պատճառելով զգալի չափի` 350.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Զոյա Զաքինյանի, օգոստոսի 31-ին որոշել է Է.Պ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 1 /մեկ/ տարի ժամկետով: Նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության իր բնակության վայրի մարմնին: Նրա նկատմամբ ընտրված «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը թողել են անփոփոխ մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը: Ամբաստանյալ Է.Պ.-ից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, բռնագանձել են 350.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված նյութական վնասի հատուցում: Իրեղեն ապացույց ճանաչված ձեռքի սղոցը բռնագրավել են՝ հօգուտ ՀՀ-ի: Ապացույց ճանաչված փաստաթղթերը պահպանել են գործում դրա պահպանության ողջ ժամանակահատվածում: 2 հատ 5 եւ 6 սմ հաստության, 1,5-2 մ երկարության թխկի տեսակի ծառի ճյուղերը թողել են Դիլիջան ազգային պարկի տնօրինմանը:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՏՐԱԿՏՈՐԱՎԱՐԻՆ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տրակտորավարի կողմից վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել եւ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, չունենալով մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համապատասախան թույլտվություն եւ վարորդական իրավունք, 2021թ. սեպտեմբերի 16-ին, «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը պատկանող մեխանիկական տրանսպորտային միջոց համարվող «CLG-856» մակնիշի տրակտորը հետընթաց վարելով, խախտել է ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների համապատասխան պահանջները, ինչի հետեւանքով վրաերթի է ենթարկել իր երթեւեկությանը համընթաց քայլող վեցամյա աղջկան` անզգուշությամբ պատճառ հանդիսանալով վերջինիս մահվան համար: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ տրակտորավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԴԱՍԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԱԾ ՉԵՆ
Կայացել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանը: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մեկնել է Ժնեւ` մասնակցելու Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին: Վեհաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ոլորտային փորձագետներ: Նստաշրջանի հիմնական նպատակն է դիտարկել համավարակներին պատրաստվածության եւ արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարությունը։ Մասնակիցները քննարկելու են COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված հարցեր` առավել պատրաստ դիմակայելու թե՛ ներկա վարակի հնարավոր զարգացումներին, թե՛ գալիք վարակներին:
Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանին ելույթով հանդես է եկել Լենա Նանուշյանը, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը քննարկվող հիմնական թեմայի` համավարակներին պատրաստվածության եւ արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարության վերաբերյալ: Հայաստանը սկզբունքորեն աջակցում է համաճարակի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի համար նոր իրավական պարտադիր փաստաթուղթ մշակելու ջանքերին։
«Կարծում ենք, որ COVID-19 համաճարակի դասերը դեռ բավականաչափ ուսումնասիրված չեն եւ պահանջում են ավելի խորը քննություն: Նախքան համաճարակի դեմ պատրաստվածության եւ արձագանքման իրավական պարտավորեցնող պայմանագիրը հաստատելու որոշում ընդունելը անհրաժեշտ է լրջորեն գնահատել անդամ-պետությունների մակարդակով առողջապահական կանոնակարգերը»,- ասել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ Հայաստանն աջակցում է միջկառավարական բանակցային մարմնի ստեղծման առաջարկին եւ այս բոլոր մարտահրավերների դեմ կմշակի համապատասխան արձագանք-լուծումներ, կորոշի միջազգային նոր փաստաթղթի շրջանակը, բովանդակությունը, կառուցվածքն ու վերջնական կարգավիճակը:
ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-3-ին հատկապես գիշերային ժամերին կնվազի 7-10 աստիճանով։