ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցասումն ու բողոքն արտահայտել են, լավ են արել». ինչ է լինելու Ծովագյուղի եւ Սեմյոնովկա գյուղերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի եւ Սեմյոնովկա գյուղերի բնակիչների կազմակերպած բոյկոտը զուր էր։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։ ArmLur.am-ը եղավ Ծովագյուղում եւ զրուցեց բնակիչների հետ․ նրանց պատմելով՝ չեն ցանկանում, որ իրենց գյուղը միանա Սեւան համայնքին, բայց դեմ չեն, որ Ծովագյուղին միանա Սեմյոնովկա համայնքը։ Ու թեեւ ծովագյուղցիները վստահ են, որ ընտրություններին չմասնակցելով՝ հարցը լուծվել է, իրականում դա այդպես չէ։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, ասաց․ «Այդ բնակավայրերի տեղամասերից եկած թիվը՝ 0-ն, ուղղակի գումարվելու է մյուս տեղամասերում արձանագրված թվերին։ Դա ընթացակարգ է, խոշորացումը տեղի է ունեցել ավելի վաղ, այս ընտրություններով խոշորացում տեղի չի ունեցել։ Օրենքն ընդունվել է ավելի վաղ, տեղի է ունեցել համայնքների խոշորացում, որից հետո այդ համայնքներում նշանակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են։ Երեկվա ընտրությունները որեւէ կապ չունեն համայնքների խոշորացման հետ, համայնքների խոշորացումն իրականացվում է օրենքով: Ծովագյուղը, Սեմյոնովկան Սեւանի կազմում են՝ անկախ այն բանից, որ երեկ բնակիչները չեն մասնակցել քվեարկությանը»։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը դեռեւս սեպտեմբերի 8-ին հավանություն էր տվել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Սեպտեմբերի 24-ի ԱԺ-ի արտահերթ նիստում նախագիծը օրենքի ուժ ստացավ, եւ բոլոր 37 ձեւավորվող համայնքներում, անգամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չավարտված, տեղի ունեցան ավագանու ընտրություններ՝ կուսակցական ցուցակներով։ Այսպիսով, թեեւ ծովագյուղցիների բոյկոտը ստացված էր, եւ միասնականությունը նախանձելի էր դրսեւորված, բայց արդեն անիմաստ էր, քանի որ Ծովագյուղն արդեն խոշորացված է: Ընդամենը ծոցվագյուղցին ցույց տվեց իր համախմբվածությունը:

Ինչ է անելու Գեղարքունիքի մարզպետարանը ծովագյուղցիների այս բոյկոտից հետո, հարցին պատասխանեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը. «Մարզպետարանը ոչինչ չի անելու, կա կառավարության համապատասխան որոշում, համայնքների միավորումը դա այլեւս իրականություն է, կյանքի է կոչվել: Մեկ, երկու համայնք, հասկանալի է իրենց ցավը, բողոքը կամ ցասումն է արտահայտել: Իրենք իրենց ուզածը արտահայտել են, լավ են արել: Օրենքը մնում է օրենք ու այլեւս օրենքը անբեկանելի է. երկու համայնքն էլ մտնում են Սեւան խոշորացված համայնքի մեջ»,- հայտարարեց մարզպետարանի ներկայացուցիչը:

ArmLur.am-ը Վանիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ մարզպետարանից որեւէ մեկը գնացե՞լ է այդ գյուղեր, փորձե՞լ է այդ բնակիչների հետ խոսել միավորման մասին, թե՞ ոչ: Քանի որ ծովագյուղցիները ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել են, որ պատրաստ են անգամ ճանապարհ փակել, բողոքի ակցիաներ անել:

Մեր հարցին ի պատասխան, Հարությունյանն ասաց. «Դա լրիվ իրենց սահամանադրական իրավունքն է, մարզպետարանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համապատասխան վարչության հետ բազմիցս մեր բոլոր համայնքներով անցել է, ներկայացրել միավորումը, միավորման առավելությունները, նպատակները: Ես ասեմ ավելին, Սեմյոնովկա համայնքն ունի աշխատավարձերի պարտք՝ 5 մլն դրամի չափով եւ չի՞ ցանկանում միավորվել»:
Մարզպետարանի ներկայացուցչից հետաքրքրվեցինք՝ թե ինչ ճակատագիր է սպասվում միավորված համայնքների ղեկավարներին:

«Այդ բնակավայրերի համայնքների ղեկավարների ԺՊ-ները մինչեւ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքի համապատասխան կետը կյանքի կկոչվի մինչեւ նորընտիր համայնքի ղեկավարը կամ այսպես կոչված համամասնականով ընտրված ավագանիների անդամները կստանան իրենց մանդատները, որից հետո 5-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների լիազորությունները դադարեցվում են»,- ներկայացրեց Հարությունյանը: Այսինքն օրեր անց պարզ կդառնա՝ թե բոյկոտած համայնքներում՝ Ծովագյուղում եւ Սեմյոնովկայում, ովքեր են նշանակվելու վարչական ղեկավարներ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս