ԱՀՌԵԼԻ ԹՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020-ի մարտի 1-ից մինչեւ 2021-ի հոկտեմբեր (ավելի քան տարիուկես) ընկած ճամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը միջազգային ամենատարբեր կառույցներից ու պետություններից կորոնավիրուսի հաղթահարման համար օգնություններ ու օժանդակություններ է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթն Առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե նշյալ ժամանակահատվածում նախարարությանն ու ՀՀ-ին դրսից ինչ միջոցներ ու օժանդակություններ են ուղարկվել: Ի պատասխան մեր հարցմանը՝ ԱՆ-ն մեզ մի քանի ենթաբաժիններից կազմված փաստաթուղթ էր ուղարկել, ըստ որի՝ ավելի քան մեկուկես տարվա կտրվածքով ՀՀ-ն դրսից 11 մլն 386 հազար դոլար գումար է ստացել: Թեեւ այս գումարներից վարակի կանխարգելման ու բուժման համար միջոցներ են ձեռք բերվել, բայց, այդ գումարներից զատ, նաեւ նյութական  (սարքավորումներ, դիմակներ, ձեռնոցներ եւ այլն) օժանդակություններ են եկել:

Համավարակի օրերին Հայաստանին ձեռք են մեկնել Չինաստանը, Կատարը, Նիդերլանդները, Եվրամիությունը, Ասիական զարգացման բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Գերմանիան, Կանադան, Կորեան, ՄԱԿ-ն ու այլ կառույցներ եւ պետություններ:

Ու թեեւ ինչքան էլ միջազգային կառույցներն ու պետություններն ամենատարբեր տեսակի օժանդակություններով սատար են կանգնել մեր երկրին, այնուամենայնիվ, կորոնավիրուսով վարակված ոչ բոլոր քաղաքացիների բուժումն է անվճար իրականացվում: Հանուն արդարության փաստենք, որ բժշկական կենտրոնների՝ կորոնավիրուսային հիվանդությունը բուժելու համար առանձնացված վերակենդանացման կամ ստացիոնար բաժանմունքներում քաղաքացիներին ըստ պատճաշի բուժօգնություն է տրամադրվում, մասնագետ բժիշկներն անում են հնարավոր ամեն բան։ Պատկերն այլ է, սակայն,  երբ քաղաքացին վարակի դեմը տան պայմաններում է առնում: Այս դեպքում անհատն ինքն է հոգում թե՛ հետազոտությունների, թե՛ բժիշկներին վճարելու, թե՛ դեղորայք ձեռք բերելու ծախսերը: Ստացվում է՝ դոնոր կազմակերպություններն ու երկրները հնարավոր ամեն ինչով՝ դիմակից ու ձեռնոցից մինչեւ արհեստական շնչառության սարքեր, օժանդակում են, բայց վիրուսի դեմ ոչ հիվանդանոցային պայմաններում պայքարող քաղաքացիների համար հասու չէ դրսից եկած օգնությունը:

ՀՀ քաղաքացին, եթե հիվանդանոցում ստացիոնար չի բուժվում, ապա ստիպված է կորոնավարակի բոլոր ծախսերն անձամբ հոգալ, ընդ որում՝ էժան չէ Քովիդ19-ից բուժումը՝ հետազոտումից մինչեւ դեղորայք:

 

 

 

Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ընտրություններից հետո, սոցիալական ցանցերում քննարկում-վերլուծությունների իրական բում է: Հասարակ քաղաքացիներից մինչեւ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ բաղդատում են հաղթողներին ու պարտվողներին: 38 համայնքից 36-ում ընտրությունը համամասնական՝ կուսակցական ընտրակարգով է անցկացվել, երկուսում՝ հին՝ մեծամասնականով: Ըստ ՏԻՄ օրենքի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունները տարածվում են 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների վրա: Ոչ թե անձնակենտրոն, այլ հանուն գաղափարի ընտրություններ ունենալու համար էին Ընտրական օրենսգրքի ջատագովներն ու մասնագետները գրում, ջնջնում, փոփոխում կարգերն ու կանոնները, բայց, ինչպես ասում են, ուզում էին ավելի լավ, ստացվեց, ինչպես միշտ: Թե՛ դեկտեմբերի 5-ին, թե՛ հոկտեմբերի 17-ին ու նոյեմբերի 14-ին ՏԻՄ-երում հաղթել են ոչ թե կուսակցությունները կամ դաշինքները, այլ կոնկրետ անձինք: Քաղաքացին ինչպես նախկին բոլոր ընտրությունների ժամանակ, այնպես էլ այժմ ոչ թե լավագույն գաղափարը կամ ծրագիրը, այլ իր ընկերոջը, բարեկամին կամ պարզապես ծանոթին է ընտրել: Իհարկե, գաղափարական ընտրություն անողներ էլ կան, բայց նրանք, որպես կանոն, բավականին նվազ տոկոս են կազմում: Կուսակցությունների ու, առհասարակ, քաղաքական որեւէ ուժի ոգեւորվածությունը, թե իրենք կարողացել են հաջողության հասնել ինչ-որ մի համայնքում, իրականության հետ այդքան էլ աղերսներ չունի: Ընտրողը հաճախ անգամ գաղափար չունի (գուցե անգամ չի էլ լսել) իր նախընտրելի թեկնածուին ներկայացնող քաղաքական ուժի մասին, հետեւաբար աջուձախ գլուխ գովալ, թե «իքս» կուսակցությունն է հաջողություն գրանցել, սին ու չարդարացված պոռոտախոսություն է:

 

 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր  շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ցուցմունք է տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ երբ ԱԱԾ-ում նրան կոնկրետ հարցեր են  տրվել  ԶՈՒ ռազմամթերքի մատակարարման մասին, Ստեփան Գալստյանը հայտնել է, որ գնման գործընթացից ինքը տեղյակ չի եղել ու որեւէ բան չի իմացել, ուստի չէր էլ կարող առնչություն ունենալ: Մանրամասն տեղեկություններ, թե ինչ է պատմել Գալստյանը իրավապահներին, նախաքննությանը չվնասելու համար առայժմ չենք հրապարակում։ Նշենք, որ Ստեփան Գալստյանը մինչ օրս ցուցմունք չէր տալիս, սակայն ներկայումս արդեն իրավապահներին հայտնել  է, ինչ իմացել է: Նախաքննական մարմինը սպասում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ցուցմունքին. նա մինչ օրս ցուցմունք չի տվել: Ի դեպ, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում» վատացել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս պաշտպան Օնիկ Առաքելյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց եւ վիրահատեն, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ քայլ դեռ չի իրականացրել: Նշենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։ Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Հիշեցնենք նաեւ, որ ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացրել։ Դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել են նաեւ Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը):

 

 

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի եւ Սեմյոնովկա գյուղերի բնակիչների նախօրեին կազմակերպած բոյկոտը զուր էր։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։ «Ժողովուրդ»  օրաթերթը երեկ եղավ Ծովագյուղում եւ զրուցեց բնակիչների հետ. նրանց պատմելով՝ չեն ցանկանում, որ իրենց գյուղը միանա Սեւան համայնքին, բայց դեմ չեն, որ Ծովագյուղին միանա Սեմյոնովկա համայնքը։ Ու թեեւ ծովագյուղցիները վստահ են, որ ընտրություններին չմասնակցելով՝ հարցը լուծվել է, իրականում դա այդպես չէ։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այդ բնակավայրերի տեղամասերից եկած թիվը՝ 0-ն, ուղղակի գումարվելու է մյուս տեղամասերում արձանագրված թվերին։ Դա ընթացակարգ է, խոշորացումը տեղի է ունեցել ավելի վաղ, այս ընտրություններով խոշորացում տեղի չի ունեցել։ Ընդունվել է օրենքը ավելի վաղ, տեղի է ունեցել համայնքների խոշորացում, որից հետո այդ համայքներում նշանակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են։ Երեկվա ընտրությունները որեւէ կապ չունեն համայնքների խոշորացման հետ, համայնքների խոշորացումն իրականացվում է օրենքով: Ծովագյուղը, Սեմյոնովկան Սեւանի կազմում են՝ անկախ այն բանից, որ երեկ բնակիչները չեն մասնակցել քվեարկությանը»։ Այսպիսով, թեեւ ծովագյուղցիների բոյկոտը ստացված էր, եւ միասնականությունը նախանձելի էր դրսեւորված, բայց արդեն անիմաստ էր, քանի որ Ծովագյուղը խոշորացվել է: Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը դեռեւս սեպտեմբերի 8-ին հավանություն էր տվել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Սեպտեմբերի 24-ի ԱԺ-ի արտահերթ նիստում նախագիծը օրենքի ուժ ստացավ, եւ բոլոր 37 ձեւավորվող համայնքներում, անգամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չավարտված, տեղի ունեցան ավագանու ընտրություններ՝ կուսակցական ցուցակներով։

 




Լրահոս