Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի մի շարք համայնքներում երեկ՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պարտություն է կրել: Որոշ համայնքներում էլ ՔՊ-ն թեեւ առավելագույն ձայներ է ստացել, բայց անհրաժեշտ «50+»-ը չի հավաքել, որպեսզի կարողանան միանձնյա իշխանություն ձեւավորել: ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեսակետ հայտնեց, որ հերթական անգամ ընտրությունները ոչ թե գաղափարի, այլ անձերի շուրջ տեղի ունեցան:
-Նախօեին Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, եւ իշխանությունը ոչ բոլոր համայնքներում է, որ հաղթանակ տարավ: Ավելին՝ համայնքներ եղան, որտեղ առավելագույն ձայներ է հավաքել, բայց դա բավարար չէ իշխանություն ձեւավորելու համար: Ի՞նչ արձանագրումներ եք արել:
-Նախ՝ ես սպասում էի այս ֆիասկոյին, որովհետեւ այն, ինչ որ իրենք գրանցել են, դա ֆիասկո էր գործող իշխանությունների համար՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործող իշխանությունները մինչեւ հիմա չեն հասկացել, որ ՏԻՄ ընտրությունները լիովին տարբերվում են համապետական՝ նույն Ազգային Ժողովի ընտրություններից: Ես որքան հասկացա, նույնիսկ նոյեմբերի 17-ին գործած իրենց սխալները չուղղեցին: Դրա վառ օրինակն են նույն Վանաձորում ունեցած արդյունքը, նույն Մասիսում եւ նույնիսկ Վեդի համայնքի գրանցած արդյունքները: Այլ բնակավայրերում գրանցած արդյունքներ եւս ցույց տվեցին, որ գործող իշխանությունները ունեն շատ մեծ խնդիր, նախ՝ ընկալողունակության հետ, որ նրանք չեն հասկանում, որ կրտուկ պետք է փոխեն իրենց աշխատելաոճը: Երկրորդը՝ ունեն կադրային մեծ խնդիր: Այն համայնքներում, որտեղ նրանք պարտվել են, ապա ասեմ, որ դա սպասելի էր, եւ սա փորձել վերագրել որպես ժողովրդավարություն, ուղղակի ծիծաղելի է: Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն էին անում նախընտրական շրջանում, այդպիսի բան նույնիսկ նախկինում տեղի չէին ունեցել: Ես նախկիններին շատ խիստ քննադատել եմ, բայց տարբեր մեթոդներով ընդդիմությանը ճնշել՝ սկսած շանտաժներից ու ձերբակալություններից մինչեւ ընդդիմադիր թեկնածուների դաշինքների չգրանցելով, այդպիսի բան նախկինում չի էլ եղել:
-Ընդհանուր առմամբ որ նայում եք բոլոր համայքներում տեղի ունեցած պատկերներին, ի՞նչ եք կարծում, մարդիկ ի վերջո հասկացե՞լ են իշխանության որդեգրած քաղաքականությունը, հասկացե՞լ են ընդդիմադիրների ներկայացրած ծրագրային հավակնությունները, թե՞, ինչպես միշտ, ընտրությունները եղել են «ով ավելի շատ շրջապատ, ծանոթ, բարեկամ ունի» տրամաբանության մեջ:
-Ցավոք, հենց դա եմ ուզում արձանագրել, որ այս ՏԻՄ ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ այստեղ ոչ թե գաղափարական պայքար է, այլ անձերի միջեւ պայքար է: Իհարկե, որոշ չափով հասարակության տրամադրվածությունը փոխվել է գործող իշխանությունների նկատմամբ, բայց դա պայմանավորված չէ գաղափարականով, հիմնականում դա պայմանավորված է սեփական գրպանին հարված ստանալով: Վերջին շրջանում գնաճի կտրուկ հետեւանքները շատ ծանր են նստում հասարակության լայն շերտերի վրա: Եթե կարտոֆիլը 300 դրամ չլիներ, եթե 110 դրամից չբարձրանար 130 դրամ, եթե Ռեգուլյար բենզինը չլիներ 520 դրամ, եթե առաջին անհրաժեշտություն ապրանքներն ավելի թանկացած չլինեին, այս հասարակությունը կգնար եւ կրկին Նիկոլին կընտրեր, բայց քանի որ իրենք որոշ չափով սոցիալական հարվածներ են ստացել եւ դեռ ստանալու են, ինքնըստինքյան հասարակությունը սա որոշ չափով ընկալում է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
«ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԴՐՈՇԻ, ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
Նախօերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական Զինված ուժերը դարձյալ կրակ են բացել Արցախի, մասնավորապես` Կարմիր Շուկայի ուղղությամբ: ArmLur.am-ը զրուցել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում:
-Տիկի՛ն Հակոբյան, սահմանին կրկին լարվածություն է նկատվել: Հակառակորդը կրակ է արձակել Կարմիր Շուկայի հատվածում: Ի՞նչ տեղեկություններ ունեք սահմանի լարվածության ու հնչած կրակոցների մասին:
-Մենք հիմա չունենք սահման, հիմա կա շփման գիծ: Ինչ վերաբերում է կրակոցներին, եթե մենք անընդհատ անդրադառնանք դրան, նշանակում է՝ մենք օրական 24 ժամ պետք է խոսենք միայն այդ թեմայից, քանի որ դա անընդհատ է: Ես բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ՝ նոյեմբերի 9-ին պատերազմը չի կանգնել, ուղղակի դրա ձեւն է փոխվել: Բոլորս լարված սպասում ենք, որ մի օր կրկին կա՛մ պատերազմ է լինելու, կա՛մ առանց պատերազմի թշնամու ցանկությունները կատարվելու են: Ես բնակիչների հետ եմ փորձել կապ հաստատել, որովհետեւ պաշտոնական տեղեկատվություն ես այլեւս չեմ էլ փորձում ստանալ: Բնակիչների հետ չի ստացվում կապ հաստատել, որովհետեւ Արցախում թշնամին կապի բոլոր միջոցները խափանել է, կապ հաստատել չի ստացվում: Այս անգամ հնչած կրակոցները կարծեք լուրջ չեն: Նախորդ անգամ հնչած կրակոցները եղել են դիրքապահների ուղղությամբ: Իմ տեղեկություններով՝ գիշերը չեն շարունակվել կրակոցները, այսինքն՝ եղել են ու անցել: Համոզված եմ, որ կրկին դրոշների հետ են կապված կրակոցները. մերոնք դրոշը բարձրացնում են, իրենք կրակում են: Բայց, մյուս կողմից, ասեմ, որ ինձ համար անհասկանալի է, թե ինչու որոշեցին, որ պատերազմից հետո բոլոր մեր դիրքերի վրա դրոշներ կանգնեցնեն այն դեպքում, երբ 30 տարի Արցախի դիրքերում դրոշ չի դրվել: Նախ՝ անվտանգային առումով ճիշտ չէ, չնայած հիմա թշնամին տեխնիկաներով հագեցած է: Ընդհանրապես Ադրբեջանն ու Թուրքիան են դրոշամանյայով տառապում՝ ամեն տեղ դրոշ տեղադրելով: Չգիտեք՝ ինչու, մերոնք էլ ընդօրինակեցին: Ըստ իս՝ նպատակահարմար չէ զինվորների տեղակայման վայրերում դրոշներ տեղադրելը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՈՐՈՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մի շարք համայնքներում պարտություն է կրել։ Տեղեկացնենք, որ երեկ` դեկտեմբերի 5-ին, Հայաստանի 38 խոշորացված համայնքներում ընտրություններ էին անցկացվում։ Դրանցից 36-ում ընտրություններն անց են կացվել համամասնական ընտրակարգով, երկուսում` ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքներում, գործող մեծամասնական կարգով։ Փաշինյանի կուսակցությանն առավելագույն ձայներ չեն տվել հետեւյալ համայնքներում` Մասիս, Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սեւան, Թալին, Արթիկ։ Ի դեպ, Մասիսում, Ապարանում ու Եղեգնաձորում, օրինակ, ոչ իշխանական ուժերը հաղթել են 50+ տոկոսային հարաբերակցությամբ։ Մասիսում, հիշեցնենք, ՔՊ-ի թեկնածուն էր Սայեն Հայրապետյանը, որ լրագրողներին վստահեցնում էր, թե Արցախը Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանն են հանձնել։ Ապարանում իշխանության թեկնածուն Էդգար Փարվանյանն էր, որ Ապարանում հեղինակություն է համարվում, նա զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Ապարան Գրուպ» ընկերության տնօրենն է։ Եղեգնաձորում Մուշեղ Ներսիսյանն էր գլխավորում ՔՊ- ի ավագանու ցուցակը։ Նա, ի դեպ, վերջերս համայնքապետի պաշտոնակատար էր նշանակվել։
«ԿԳԲ-Ի ՊԱԴՎԱԼՈՒՄ» ՎԱՏԱՑԵԼ Է
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում» վատացել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս պաշտպան Օնիկ Առաքելյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց եւ վիրահատեն, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ քայլ դեռեւս չի իրականացրել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։ Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Հիշեցնենք նաեւ, որ ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացրել։ Դատարանի որոշմամբ՝ երկու ամսով կալանավորվել են նաեւ Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։
Հավելելնք, որ Ստեփան Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: