ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ալիեւի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հերթական հայտարարությանը. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում, հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու եւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաեւ մեղադրել է ճանապարհների եւ կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:

 

Ճանապարհների եւ կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածություններն արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Այդ հայտարարություններում ՀՀ-ի կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որեւէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ: 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 3-րդ կետով սահմանվել է, որ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ եւ կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով սահմանվել է, որ աշխատանքային խումբը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկ եւ ժամանակացույց, նույնկերպ Ադրբեջանի Հանրապետության եւՀՀ-ի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարածքները: Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թվականի հունվարի 30-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել փորձագիտական երկու ենթախումբ, որոնցից մեկը երկաթուղային, ավտոմոբիլային եւ կոմբինացված փոխադրումների, մյուսը՝ փոխադրումների ապահովման՝ ներառյալ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական եւ հսկողության այլ տեսակների հարցերով: ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային եւ երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջեւանի ինքնավար հանրապետության (այսպիսով նաեւ Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ ՌԴ-ի եւ երկաթուղային կապ՝ ՌԴ-ի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը 2021 թվականի նոյեմբերի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում, հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, եւ որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող եւ նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են՝ հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են: 2021թ. նոյեմբերի 26-ին ՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել են 8-րդ կետում նշված սկզբունքները: ՀՀ-ն անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների եւ ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, եւ վտանգելով տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից ու չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունների իրագործմանը»:

Ն. Պ.

 

 

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱԿԱՍԵԼ Է

Հայաստան այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ժամանել է 609 հազար 775 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 324 հազար 590: Թեեւ Covid-19-ը ու 44-օրյա պատերազմն իրենց բացասական հետեւանքները թողել են զբոսաշրջության ոլորտի վրա, բայց, այնուամենայնիվ, զբոսաշրջության ցուցանիշն աճել է 88.2 տոկոսով:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Այս դեպքում խոսքը 441 հազար 270 զբոսաշրջիկի մասին է: Պատճառը մեկն է՝ ՀՀ-ում հյուրանոցների ծառայությունների սակագները բարձր են, այդ իսկ պատճառով 20 հազար 168 հազար 505 զբոսաշրջիկ է հյուրանոցներում մնացել: Ի դեպ, 2021-ի 9 ամիսների տվյալներով՝ Հայաստան այցելել են հիմնականում Ուկրաինայից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից: ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 1900-ով պակասել է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ՌԴ-ից այցելել է 41 հազար 400 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին ամիսներին՝ 39 հազար 500: Բացի այս, ուղիղ 1000-ով պակասել են Ֆրանսիայից, 3300՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 400-ով պակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Վրաստանից մեր հանրապետություն այցելել է 1600 զբոսաշրջիկ: Ի դեպ, այս տարվա 9 ամիսներին 300-ով պակասել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը զգալի ավելացել է՝ կազմելով 12 հազար 500: Եթե 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելել է 6400 իրանցի զբոսաշրջիկ, ապա այս տարի այդ թիվը կազմել է 12 հազար 500: Ըստ որոշ տեղեկությունների` Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թվի աճը պայմանավորված է Քովիդի դեմ պատվաստումով: Իսկ մինչ այդ նկատենք, որ, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 1.8 տոկոսով: Անցյալ տարի հունվար-սեպտեմբերին մեր երկրից մեկնել է 284 հազար 946 հազար զբոսաշրջիկ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 290 հազար 36-ի դիմաց, սակայն նրանց մեծ մասը` 286 հազար 716 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն՝ առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 3320 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 85 հազար 700-ը մեր հանրապետությունից մեկնել են հանգստի եւ ժամանցի նպատակով, իսկ 14 հազար 300-ը՝ գործնական:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՎ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի, Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետ Գոհար Դավթյանի եւ  Դիլիջանի քաղաքապետարանի նախկին գլխավոր աուդիտոր Արմենակ Հովհաննիսյանի դատավարությունը: Ա. Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2005թ. նոյեմբերի 1-ից աշխատելով Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնում՝ հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Դիլիջան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանի եւ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտոր Արմենակ Հովհաննիսյանի հետ եւ ձեւական բնույթ կրող, իրավունք վերապահող փաստաթուղթ կազմելով՝ հայտարարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հանդիսացող շինության կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության պայմաններում 2006թ. հունիսի 28-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող շինությունը բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով տարեկան 1 միլիոն 448 հազար 700 դրամ գումարով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացրել է փաստացի Գոհար Դավթյանին պատկանող «Լիսյու» ՍՊԸ-ին, որի հետեւանքով համայնքին պատճառվել է 46 միլիոն 512 հազար 486.8 դրամի գույքային վնաս։ Ըստ մեղադրանքի՝ Ա. Սանթրոսյանը ծառայողական պարտականությունները չկատարելու, ծառայության գծով թողտվության եւ հովանավորչության համար Ա. Հովհաննիսյանի օժանդակության, նրա միջոցով Գ. Դավթյանից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, այնուհետեւ նշված հանցավոր ճանապարհով ստացված գումարների ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը եւ պատկանելիությունը թաքցնելու նպատակով դրանց մի մեծ մասն ուղղել է իր գործող վարկային պարտականությունների մարմանը, մյուս մասը կանխիկացնելով՝ քողարկել է գումարների իրական բնույթը եւ ծագման աղբյուրը։ Ա. Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, 311 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 314 հոդվածի 1-ին մասով, 190 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Գ. Դավթյանին՝ 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308 հոդվածի 2-րդ մասով,  Ա. Հովհաննիսյանին՝ 38-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308 հոդվածի 2-րդ մասով։ Ա. Սանթրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ա. Սանթրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը, Գ. Դավթյանի եւ Ա. Հովհաննիսյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Նոյեմբերի 10-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է նշված քրեական գործով ինքնաբացարկ հայտնել, այժմ այդ քրեական գործով դատավարությունը վարում է դատավոր Զոյա Զաքինյանը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս