ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունը կապ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք ելնում ենք երեք երկրների առաջնորդների՝ Սոչիի հայտարարությունից, որի համաձայն՝ պայմանավորվել ենք ձեռնարկել քայլեր՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, եւ գործը հասցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը՝ հետագայում սահմանագծման պայմանով՝ ՌԴ խորհրդատվական աջակցությամբ: Սակայն այդ հարցը որեւէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հետ»,-ասել է նա: Գրիգորյանը նաեւ հավելել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ: «Այդ հարցերի վերջնական կարգորոշման վերաբերյալ քննարկումներ դեռ չեն եղել»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

 

Հայաստանի փոխվարչապետը նշել է, որ Ադրբեջանի հայտարարությունը՝ ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքի» մասին, անսպասելի էր հայկական կողմի համար, սակայն Երեւանը հույս ունի, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կշարունակվեն այն հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք արդեն համաձայնեցվել են: «Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունն անսպասելի էր մեզ համար: Ենթադրվում էր, որ առաջիկա օրերին մենք կշարունակենք աշխատանքը: Հույս ունեմ, որ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն, եւ մենք կշարունակենք աշխատանքը այն հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք արդեն համաձայնեցված են»,- ասել է Գրիգորյանը: Նրա խոսքով՝ «աշխատանքային խմբի բոլոր նիստերը մինչ այժմ անցկացվել են կառուցողական երկխոսության ձեւաչափով»: Մհեր Գրիգորյանը նաեւ նշել է, որ աշխատանքային խմբի շրջանակում «կողմերն ունեցել են փոխըմբռնում երկաթուղային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ վերականգնման հարցերում»: «Եղել է նաեւ ըմբռնում առ այն, որ ճանապարհների վրա ինքնիշխանությունը կպահպանվի այն երկրների վրա, որոնց տարածքով դրանք կանցնեն, եւ այդ ճանապարհներն իրենց հերթին կլինեն այն երկրի ենթադատության տակ, որով անցնում են: Մնացած հարցերի շուրջ եղել են որոշ նրբերանգներ»,- ընդգծել է փոխվարչապետը: Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Հիշեցնենք, որ Սոչիում Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հրապարակային «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ոչ մի բառ չասաց, սակայն մեկ օր անց կրկին նույն հռետորաբանությամբ շարունակեց ելույթներ ունենալ ու նույնիսկ պնդեց, որ ծրագիրն իրականություն է դառնում՝ հրավիրելով այլ երկրներին մասնակցել զարգացման ծրագրերի: Կարելի է կասկած չունենալ, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան փոխվարչապետների հանդիպման արդյունքների մասին չի հայտարարվում, քանի որ պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել միջանցքի վերաբերյալ ունեցած իր դիրքորոշումը, հետեւաբար, այդ հարցը փակված չէ, որքան էլ պաշտոնական Երեւանը շարունակի հայտարարել, որ «միջանցքի թեման փակված է»։

Ն. Պ.

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄՆԱԼ

Հայաստանում բենզինի գները շարունակում են բարձր մնալ. այս ոլորտում բարձր գնաճ արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բենզինի գներն աճել են 3.2, իսկ դիզելային վառելիքի գները՝ 3.1 տոկոսով։ Բայց մեկ տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է բենզինի 48.1 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքը թանկացել է 53.1 տոկոսով: Նշենք, որ հայաստանյան բենզալցակայաններում Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 510-520 դրամով, Պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը՝ 530-540 դրամ, իսկ Սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 620 դրամով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ռուսաստանում բենզինի մեկ լիտրը վաճառվում է 338 դրամով, Ղազախստանում այն արժե 225 դրամ: Իրանի Իսլամական Հանրապետությունում բենզինի մեկ լիտրը վաճառվում է 25 դրամով:

 

ՄՈՒՏՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ

Ռուսաստանի մուտքի կանոներն օտարերկրացիների համար փոխվել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Ռուսաստանում որոշում է ընդունվել, ըստ որի՝ ՊՇՌ թեստերի վավերականության ժամկետը կսահմանվի մինչեւ 48 ժամ՝ նախկին 72 ժամվա փոխարեն։ Սա ենթադրում է, որ օտարերկրյա քաղաքացիները ՌԴ մուտք գործելիս պետք է ներկայացնեն ոչ շուտ, քան սահմանը հատելուց առաջ՝ 48 ժամվա ընթացքում հանձնված ՊՇՌ թեստի բասացական պատասխան։ Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները թեստերի պատասխանները պետք է ներկայացնեն «Ճամփորդիր առանց Covid-19» հավելվածում ներբեռնված տարբերակով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ դեկտեմբերի 1-ից գործում են ՀՀ մուտքի նոր կանոններ. Ռուսաստանից Հայաստան ժամանած անձանց կողմից եւս սերտիֆիկատները ներկայացվում են կցՑպՔպրՑՉցþ ոպջ COVID-19 բջջային հավելվածի միջոցով: ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվել է։ Բացի այս, օտարեկրացիների կողմից շարունակվելու է որպես պահանջ մնալ միայն ՀՀ տարածք օդային եւ ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի ներկայացումը: Նշենք, որ Հայաստանում կարանտինը կերկարաձգվի մինչեւ 2022 թվականի հունիսի 20-ը:

 

 

 

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ

Ընդդիմությունն աջակցում է անհայտ կորած եւ գերի ընկած զինծառայողների հարազատների բողոքի ակցիաներին։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Անկախ գերեվարման հանգամանքներից՝ պետությունը, ըստ նրա, պատասխանատվություն է կրում Հայաստանի քաղաքացիների եւ գերիների վերադարձի համար, սակայն իշխանությունները չեն կարողանում առաջ տանել երկրի համար կարեւոր հարցերը. Նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ նրանք չկարողացան արձանագրել գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը»,- ասել է նա։

 

 

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը 2022թ. պետական բյուջեի նախագծով 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը համարում է անիրատեսական, առաջարկում դրա փոխարեն նախագծում ֆիքսել 5-5.5 տոկոս աճի կանխատեսում: Հակոբյանը 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն անիրատեսական է համարում: «Կապիտալ ծախսերը 2022-ին նախատեսվում է ավելացնել ավելի քան 130 մլրդ դրամով այն պարագայում, երբ կառավարությունն արդեն իսկ թերացել է. այս տարվա կապիտալ ծախսերը  շուրջ 30 տոկոսով չեն կատարվել: Ակնհայտ է, որ 7 տոկոսին հնարավոր չի լինելու հասնել»,- ասել է նա: Պատգամավորը լավ ցուցանիշ կհամարի, եթե այս վիճակում այս տարին ամփոփվի 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով:

 

 

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՄԵՐԺՎՈՒՄ ԵՆ

ՀՀ Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Աժ երեկվա նիստին դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին. «Առաջարկել էի 2022թ. պետական բյուջեով նախատեսել Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի հիմնանորոգումը: Սեւանա լճի ողջ երկայնքով ավտոճանապարհները 2018թ.-ից հետո հիմնանորոգվել են՝ բացառությամբ Վարդենիս-Մարտունի համայնքային ավտոճանապարհի: Այն այժմ գտնվում է անմխիթար վիճակում. տպավորություն է, որ Մարտունիից հետո երկիրը վերջանում է, այնինչ Քարվաճառի հանձնումից հետո  Կառավարության վերաբերմունքը Վարդենիսի նկատմամբ ավելի ընդգծված պետք է լիներ՝ հաշվի առնելով մի շարք փաստեր, ընդ որում՝ զգացական մակարդակով։ 2-րդ առաջարկս վերաբերում էր  Վիկտոր Համբարձումյանի հայրական տան հիմնանորոգմանը, որը գտնվում է Վարդենիսում քանդված վիճակում, առաջարկում էի վերանորոգել այն եւ դարձնել «Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան», ինչը  կնպաստեր նաեւ սահմանամերձ դարձած Վարդենիսում տուրիզմի զարգացմանը եւ կարտահայտեր պետության վերաբերմունքը մեր նշանավոր գիտնականի նկատմամբ»։ Նշենք, որ պատգամավորի 2 առաջարկներն էլ մերժվել են:

 

 

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 2022թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ ռազմական բյուջեի մասով, անընդունելի է համարում: «Գլխավոր խնդիրը, որը կա այս բյուջեի ռազմական բլոկում, այն է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հռչակված ԶՈՒ բարեփոխումների ծրագիրն առ այս պահը դեռ չի հաստատվել, ավելին՝ դա նույնիսկ քննարկում չի անցել պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, ըստ այդմ՝ ԶՈՒ-ի հետ կապված պայմանական բարեփոխումները որեւէ արտացոլում չունեն 2022 թվականի պետական բյուջեի նախագծում: Այսինքն՝ մենք ունենք հետպատերազմյան ժամանակահատված, ունենք աղետալի հետեւանքներ, որն արտացոլված է ե՛ւ սահմանագծում, ե՛ւ, առհասարակ, ԶՈՒ-ում, ե՛ւ  անվտանգության համակարգում: Մեկ տարի է՝ խոսում ենք Զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց մինչեւ այժմ այդ բարեփոխումները ոչ միայն առարկայական քննարկումներ չեն ստացել, որեւէ ձեւով այդ հայեցակարգն ընդունված չէ, բայց մենք քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջե: Մենք չենք էլ ձեւակերպել, թե ուր ենք գնում, ինչ ճանապարհով ենք գնում»,- ասաց Աբրահամյանը:

 

 

 




Լրահոս