ԲԱՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում որոշում կայացրեց, որով սահմանափակեց  gov.am  եւ  govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը՝ որոշումն հիմնավորելով անվտանգային խնդիրներով: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել  ծավալուն նյութեր, որոնք վերաբերվում են կայքերում առկա բաց եւ ուղիղ հասանելիությամբ տեղադրված պետական տեղեկություններին:

 

«Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության եւ կարեւորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ եւ երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից այն կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական եւ այլ վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է e-gov.am  եւ govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը եւ բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության ուղիղ հասանելիությունը»:

Կառավարությունը պնդում է, որ վերոնշյալ փոփոխություններով e-gov.am  եւ  govtravel.am կայքերում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում: Հավելենք նաեւ, որ պետության կողմից տեղեկությունների հրապարակման նման սահմանափակումներ կիրառվում են մի շարք այլ երկրներում:

Մասնավորապես, որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 12-րդ ենթակետի «ա» եւ «գ» պարբերությունները:

Դրանցում ասվում էր. ««Ռեեստրներ եւ ցանկեր» բաժնում տեղադրվում են`

ա. արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, որը թարմացվում է յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը: Տեղեկատվությունը պարունակում է արտադրական վտանգավոր օբյեկտի նկարագիրը, շահագործող անձի անունը, գտնվելու վայրը, գրանցման ամսաթիվը, պետական ռեգիստրի համարը,

գ. ընդերքի պաշարների մասին տեղեկանքները, որոնք թարմացվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդերքի պաշարների վերաբերյալ տեղադրվում են օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված հանքային իրավունքների, օգտակար հանածոների ուսումնասիրության համար տրամադրված հանքային իրավունքների եւ ստորերկրյա ջրերի հանքաարդյունահանման համար տրամադրված հանքային իրավունքների մասին տեղեկանքները»:

Որոշման երկրորդ կետով սահմանափակվեց պետական պաշտոնյաների ավիաթռիչքների մասին տեղեկատվությունների բաց հասանելիությունը:

Ն. Պ.

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ

Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ համագործակցությամբ դրամական աջակցություն է տրամադրելու Սյունիքի եւ Գեղարքունիքի 30 սահմանամերձ համայնքներին։ ԿԽՄԿ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա մոտ 6500 մարդ կամ ընտրված համայնքներում բնակվող ամեն ընտանիք։ Ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա 280,000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական աջակցություն ձմռան առաջնահերթ կարիքները, օրինակ՝ վառելափայտի կամ անասնակերի ծախսերը հոգալու համար։ Աջակցությունը կտրամադրվի դեկտեմբերին՝ տեղական բանկի մասնաճյուղերի միջոցով։

Ծրագրին նախորդել է կարիքների գնահատումը, որն իրականացվել է տեղական իշխանությունների համակարգմամբ։ ԿԽՄԿ եւ ՀԿԽԸ թիմերը գրանցել են նշված համայնքներում բնակվող բոլոր ընտանիքներին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության անցյալ տարվա սրացման հետեւանքով տեղահանվածներին։ «Պատերազմի ազդեցությունը մարդկանց կյանքի եւ կենսապահովման վրա հատկապես զգալի է այս շրջաններում,- ասում է ԿԽՄԿ տնտեսական անվտանգության ծրագրի համակարգող Ասլան Բժիխատլովը։- Լինի դա արոտավայրերի կամ վարելահողերի հասանելիության խնդիր, թե ապագայի հանդեպ անորոշության կամ անվստահության զգացողություն, մենք լսում ենք տուժած համայնքների բնակիչներին եւ փորձում համապատասխանեցնել մեր մարդասիրական արձագանքը նրանց կարիքներին։ ԿԽՄԿ-ն չեզոք, անկողմնակալ եւ անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված հակամարտությունից եւ բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքը եւ արժանապատվությունը։ Կազմակերպությունն իրականացնում է իր մարդասիրական գործունեությունը տարածաշրջանում 1992թ.-ից Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ»։

 

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումներում պետք չէ նրանց խղճալ, առավել եւս՝ խուսափել նրանցից: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։ Հաշմանդամությունը միշտ չէ, որ տեսանելի է: Կան հաշմանդամության տարբեր տեսակներ, որոնք առաջին հայացքից ակնհայտ կամ առհասարակ տեսանելի չեն, սակայն դա չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն: Ոչ տեսանելի հաշմանդամությունը կարող է հակասել հասարակության շրջանում առկա կարծրատիպերին այն մասին, թե ինչպիսին կարող են լինել հաշմանդամություն ունեցող անձինք՝ ձեւավորվելով նրանց հետ շփման կամ նրանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի սովորույթներ կամ նորմեր:

Օրինակ՝ տեսանելի հաշմանդամություն ունեցող անձը միանգամից կարող է խարանի կամ խտրականության ենթարկվել՝ առանց հնարավորություն ունենալու ինքնադրսեւորվելու, իր կարողություններն ու հմտությունները ներկայացնելու, մինչդեռ ոչ տեսանելի հաշմանդամություն ունեցող մարդկանց ավելի հաճախ մեղադրում են «հաշմանդամությունը կեղծելու» կամ «ուշադրություն փնտրելու» մեջ: Երկու դեպքում էլ սա խնդրահարույց է, քանի որ թիրախավորում է հաշմանդամություն ունեցող անձը միայն այն պատճառով, որ հաշմանդամություն ունի: Նման դրսեւորումների պատճառ է նաեւ իրազեկման պակասը:




Լրահոս