Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր Բրյուսելում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին: Արդեն դրանից հետո այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպեցին Մոսկվայում նոյեմբերի 26-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հայտարարություն տարածեցին, որով վերահաստատեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա հետեւողական իրականացման եւ անվերապահ պահպանման հանձնառությունը: Բացի այդ, կողմերը նաեւ նշել են ռուսական խաղաղապահ առաքելության կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում: Եվ, ահա, ռուսական կողմի նախաձեռնությամբ հանդիպումից հետո այս անգամ երկու կողմերը հանդիպում են Եվրոպայի նախաձեռնությամբ: Ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկն այդ բանակցություններից առանձնապես սպասելիքներ չունի: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ սա հայ-ադրբեջանական բանակցությունների՝ վերջին տարիներին բնորոշ սխեման է, երբ բանակցություններն ընթանում են Ռուսաստանում եւ Եվրոպայում: «Արեւմտյան գործընկերների աջակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ դիվանագիտական եւ քաղաքական միջոցներով։ ԵՄ բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչները, անկեղծ ասած, թույլ ֆիգուրներ են, այդ թվում՝ բրյուսելյան բանակցությունների նախաձեռնող Շառլ Միշելը: Բաքուն, որը մեկ հարվածով կտրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, միանգամայն գոհ է այն փաստից, որ Մինսկի խմբի ֆորմատը որպես այդպիսին չի գործում: ԵՄ-ն նույնիսկ սրան ոչ մի կերպ չի արձագանքել: Ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը Ղարաբաղը չեն համարում ոչ ադրբեջանական հող»,- նկատում է նա:
Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գտնվում էր Սյունիքի մարզի առաջնագծում: Նա եղել է Որոտանում, Շուռնուխում, Խոտ եւ մի շարք այլ համայնքներում: Պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ այդ օրը խիստ խորհրդանշական էր, եւ իր համար խիստ կարեւոր էր, որ հենց այդ օրը նա լինի Սյունիքում, քանի որ Սյունիքը դարձել է քաղաքացիների իրավունքների ոտնահարման ամենաշատ դեպքեր արձանագրած մարզը: Ընդ որում՝ այդ ոտնահարման դեպքերի մեծ մասն իրականացվում է ադրբեջանցիների կողմից, ու Հայաստանը մինչեւ հիմա չի կարողանում դուրս գալ այս իրավիճակից եւ համարժեք պատասխան տալ: Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց նաեւ անվտանգության գոտու խնդիրը, որն անհրաժեշտ է գյուղի մեջ, որպեսզի գյուղացին ուղիղ չշփվի ադրբեջանական զինուժի հետ, ու տեսադաշտում նրանք չլինեն. «Պետք է խելամիտ եւ անվտանգության գոտի ստեղծվի հրատապ, որպեսզի գյուղացիների հոգեբանական եւ ֆիզիկական ճնշման դեպքերը բացառվեն»: Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Շուռնուխում անգամ բուժկետ չկա, իսկ բուժարանի տարածքում տունը կորցրած գյուղապետն է ապրում, բուժսպասարկում իրականացնում է բուժքույրը տնային պայմաններում։ Բացի այս, պատգամավորը ներկայացրեց նաեւ, որ դասապրոցեսն ապահովելու համար ուսուցիչները ստիպված են «Ուրալ» մեքենայով օրական երկու անգամ գնալ Գորիս, գալ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։ Բացի այս, Թովմասյանն արձանագրեց նաեւ, որ Որոտանում մարդիկ ջրի, գազի խնդիր ունեն: Ջրի խնդիր ունի նաեւ Շուռնուխը: Բացի այս, պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ այլընտրանքային ճանապարհը մշտադիտարկվում է ադրբեջանցիների կողմից, այն անվտանգ չէ, անանցանելի է ցածր ավտոմեքենաների համար:
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում որոշվեց 2021թ. պետական բյուջեով հաստատված վարչապետի աշխատակազմի «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Գյուղացիական տնտեսավարողներին տրամադրվող աջակցություն» միջոցառման գծով հատկացումներից 350 մլն դրամը վերաբաշխել Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրման նպատակով` տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով: Հարցը օրակարգում ներառվեց կառավարության նիստի սկսվելուց մի քանի րոպե առաջ: Այն օրակարգի վերջին հարցն էր եւ օրակարգում ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում, ընդ որում՝ որոշման 2-րդ կետը՝ հույժ գաղտնի: Ամփոփաթերթում նշված է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն է առաջարկել ծրագրի վերջնական արդյունքի նկարագրությունը շարադրել հետեւյալ ձեւակերպմամբ՝ «Գյուղատնտեսական մթերքների ծավալների ավելացում», «Օգտագործվող վարելահողերի ավելացում»: «Պտուղբանջարեղենի եւ խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների աճ»: Եվ եթե այդպես է, ապա էլ ինչո՞ւ է այն համարվել հույժ գաղտնի: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 36-րդ հարցով որոշվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին` գյուղացիական տնտեսավարողներին աջակցության նպատակով: Այդ հարցը նույնպես օրակարգում ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում: Որոշման 2-րդ կետը դարձյալ հույժ գաղտնի էր: Այդ որոշումն էլ ընդունվեց առանց հիմնավորման։ 350 մլն դրամի գյուղտնտեսվարողներին գումար տրամադրելու հարցն ինչո՞ւ պետք է հույժ գաղտնի լիներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունում՝ որպես ռիսկային տնտեսվարող, հաջորդ տարի ստուգումներ են նշանակված։ Բանն այն է, որ Երեմյաններին պատկանող ցանցն այս տարի ստուգման ենթարկվել է՝ ե՛ւ զորամասերին մատկարարվող սնունդը, ե՛ւ ռեստորանները։ Երեմյանների խնդիրը եղել է միայն «Բուրգըրի»-ում պատրաստի կիսաֆաբրիկատի պատճառով: Հիմա իրավապահները լուրջ գործընթաց են սկսում: «Երեմյան փրոջեքթս»-ում արձանագրված թունավորումների դեպքով հարուցված քրեական գործը ուղարկվել է ՔԿ: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ 13 քաղաքացի հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել էր թեթեւ եւ միջին ծանրության: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» եւ «Պանդոկ Երեւան» հասարակական սննդի կազմակերպություններից: