ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է կամ առաջատար է 36 համայնքներից 25-ում, միաժամանակ պարտվել է մի քանի խոշոր քաղաքներում: Դրանցից մեկն Արարատի մարզի Մասիսն է, որտեղ 50.6 տոկոսով հաղթել է գործող քաղաքապետ, քրեական գործով մեղադրյալ Դավիթ Համբարձումյանը, 2-րդ տեղում ՔՊ-ն է` ձայների 45.6 տոկոսով։

 

Մեկ այլ խոշոր քաղաք, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» պարտություն է կրել, Աբովյանն է։ Այստեղ ամենամեծ թվով ձայներ է ստացել «Բարգավաճ Հայաստանը», որի թեկնածուն Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանն է: Նա 2019-ին դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատ էր արձակվել: Աբովյանում ընտրությանը մասնակցած ավելի քան 23 հազար մարդուց ԲՀԿ-ին ձայն է տվել ընտրողների 44.4 տոկոսը, ՔՊ-ին` 35.2 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 11.5 տոկոսը, «Դաշնակցությանը»՝ 4.9 տոկոսը։

Վանաձորը հաջորդ խոշոր համայնքն է, որտեղ չի հաղթել իշխող կուսակցությունը: Մրցող 10 դաշինքներից եւ կուսակցություններից ամենամեծ թվով ձայներն այստեղ ստացել է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը՝ ստանալով քվեների մոտ 38,6 տոկոսը, 2-րդ տեղում ՔՊ-ն է` 24.6 տոկոսով, 3-րդ տեղում` հանրության համար անհայտ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որը ստացել է ձայների 14.4 տկոսը, անցողիկ շեմը հաղաթհարել են նաեւ «Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Իշխող ուժը պարտվել է նաեւ Ապարանում, այստեղ եւս հաղթողը անուն-ազգանունով դաշինք է` «Կարեն Եղիազարյան», որը ստացել է ընտրողների ձայների 65.1 տոկոսը, 2-րդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է` ձայների 32.5 տոկոսով։

ՔՊ-ն հաղթել է կամ առավելագույն ձայներ է ստացել էջմիածնում, Աշտարակում, Թալինում, Արտաշատում, Արարատում, Արմավիրում, Հրազդանում, Մարտունիում, Բաղրամյանում եւ այլ համայնքներում։

Ո՞րն է պատճառը. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ:

-Տիկի՛ն Ջուլհակյան, ՏԻՄ ընտրություններն ավարտված են: Մի քանի համայնքներում իշխանությունները չկարողացան հաղթանակ տանել: Հիմա ձեր ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունների վարկանիշն է անկում ապրել: Դուք ինչպե՞ս կբացատրեք այդ պարտությունը:

-Ես կարծում եմ, որ այստեղ վարկանիշի հարց չէ, այլ ՏԻՄ ընտրությունների տրամաբանության: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՏԻՄ ընտրությունների դեպքում այլ տրամաբանություն է գործում, իսկ համապետական ընտրությունների ժամանակ՝ այլ: Այդ ժամանակ նրանք այլ կերպ են որոշումներ կայացնում, չնայած մենք գնացել ենք դրանց քաղաքականացման՝ համամասնական ընտրակարգի գնալով, որպեսզի մրցեն նաեւ քաղաքական ուժեր, այլ ոչ թե անհատներ: Դեռեւս մեր հանրությունը հին տրամաբանությամբ է իր ընտրությունը կատարում եւ առաջնորդվում է այն տրամաբանությամբ, թե ում հետ է ծանոթ, ում կարող է դիմել որեւէ խնդրի պարագայում:

-Այդ դեպքում իշխանությունները չպե՞տք է ավելի լուրջ մտածեն որեւէ թեկնածու առաջադրելուց առաջ:

-Իշխանությունն ավելի ինստիտուցիոնալ մոտեցում պետք է ցուցաբերի եւ քայլեր ձեռնարկի այն ուղղությամբ, որ ընտրությունները քաղաքական լինեն, այլ ոչ թե հիմնված լինեն ծանոթ-բարեկամ սկզբունքի վրա: Կարեւոր է ծարգրի ընտրությունը, քաղաքական մշակույթ պետք է փոխվի, եւ ՏԻՄ ընտրությունները լինեն ավելի քաղաքական, այլ ոչ թե անձնակենտրոն: Ես չեմ հասկանում, թե ընդդիմության հրճվածքն ինչով է պայմանավորված: Եթե մեր վարկանիշն անկում է ապրում, դա չի նշանակում, որ նրանցն ավելանում է, այսինքն՝ նրանք չպետք է այդ հանգամանքից հրճվանք ապրեն: Իրենց հրճվանքն իմ համար անհասկանալի է: Եթե անգամ հանրությունը ինչ-որ պահի սկսել է մեզ չվստահել, փաստն այն է, որ իրենց հանդեպ վստահությունը, միեւնույնն է, չի բարձրանում: Հետեւաբար ինձ համար ծիծաղելի է, որ այս դեպքերում նրանք այսպիսի հրճվանքի մեջ են հայտնվում:

-Անգամ միջադեպերը չե՞ն ազդում ընդդիմության վարկանիշի վրա:

-Ես կարծում եմ՝ այդ միջադեպերն ավելի հակառակ ազդեցություն են թողնում, եւ վարկանիշը ոչ թե բարձրանում է, այլ ընկնում նրանց: Մեր վարկանիշը եւս առանձնապես չի բարձրանում այն միջադեպերից, որոնք լինում են Ազգային ժողովում: ԱԺ-ն ցիվիլ վայր է, եւ մենք պետք է մեր հարաբերությունները ցիվիլ մակարդակի վրա պահենք:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ԸՆԿԵԼ ԵՆ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՀԵՏԵՎԻՑ

Իշխանությունը, երեկվանից սկսած, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին «նախկինների» շարքին դասելու գործին է լծվել: Մարությանի՝ «սեւեր-սպիտակներ» բաժանումը, փաստորեն, իր իսկ գլխին է կախվել, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Մարությանին սեւացնելու բացահայտ գործընթաց է սկսել: Մեկ անգամ չէ, որ լրատվամիջոցները գրել են Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության տանդեմի մասին, բայց վարչապետի ու քաղաքապետի լարված հարաբերությունների, ավելին՝ նրանց շփման բացակայության մասին լուրերը ակտիվացել են հատկապես 44-օրյա պատերազմից հետո: ArmLur.am լրատվականը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Հայկ Մարությանն իշխող ՔՊ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում դեռեւս 2021-ի հունիսի 20-ին է գրել:

 

Մեր ունեցած տեղեկություններով՝ նա իշխանության հետ որեւէ շփում չունի, վերջերս մի քանի փուլով տեղի ունեցած ՏԻՄ-երին նույնպես չի խառնվել ու իր շուրջ ասես առանձին իշխանություն է ձեւավորել, ինչը Փաշինյանին դուր չի գալիս: ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանությունը Երեւանի ավագանու միջոցով առաջիկայում փորձելու է անվստահություն հայտնել Մարությանին՝ փորձելով ցույց տալ, թե քաղաքապետը նորմալ չի աշխատում, լիազորությունները կատարելիս թերանում է եւ այլն: Մեզ հայտնի դարձավ, որ մինչեւ Երեւանի ավագանու լիազորությունների ավարատը, ինչին մեկուկես տարի ժամանակ է մնացել, Փաշինյանը մտադիր է առավել վստահելի յուրայիններից որեւէ մեկին նշանակել քաղաքապետի պաշտոնում: Իշխանությունները վստահ են, որ այս պահին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություն անցկացնել պետք չէ, քանի որ վստահ չեն, որ իրենց թեկնածուն կանցնի ընտրություններում:

Մեր տեղեկություններով՝ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն անհաջողությամբ է պսակվելու, քանի որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներսում նա էլ իր ձեւավորած թիմն ունի՝ ավագանու անդամներ Պավել Մազմանյանի, Սերգեյ Սարգսյանի ու այլոց գլխավորությամբ: Բացի այդ, Երեւանի ավագանու իշխանական ֆրակցիայի բոլոր անդամներն այնպես չէ, որ տարված են Նիկոլ Փաշինյանով: Այդտեղ տարբեր համոզմունքների, գաղափարների ու մտածելակերպի մարդիկ կան, որ բավական ընդդիմադիր կեցվածք ունեն օրվա իշխանության նկատմամբ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանությունն այժմ ներքին քննարկումների մեջ է՝ հասկանալու համար, թե ինչ ճնշումներ պետք է բանեցնի Մարությանի նկատմամբ: Այսօր Երեւանում երթուղային վարորդների կազմակերպած սաբոտաժը նույնպես կարող է այդ ճնշումների մաս կազմել: Չի բացառվում նաեւ, որ Երեւանի ավագանու՝ դեկտեմբերի 21-ին նախատեսված նիստում, ինչի ժամանակ ըստ երեւույթին քննարկվելու է քաղաքի բյուջեի հարցը, ընդդեմ Մարությանի «պատժիչ» նոր գործողություններ լինեն: Չնայած իշխանությունն ամեն պահի հայտարարում է, որ Մարությանը Փաշինյանի շնորհիվ է քաղաքապետ դարձել, բայց նա որեւէ կերպ զիջել չի պատրաստվում:

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Եվրախորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ, եւ վաղը երեկոյան նա նրանց հետ եռակողմ հանդիպում կանցկացնի»,- ասել է նա:

 

 

ՀԱՐՍԱՆԻՔ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին՝ շաբաթ օրը, «Փարավոն» ռեստորանային համալիրում մեծ հարսանիք է սպասվում: Ամուսնանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ հարսանիքին խշխանությունները բոլորը հրավիրված են՝ նախարարներ, կառավարության անդամներ, պատգամավորներ, ՔՊ-ականներ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քավորսանիկական հարբերությունների մեջ է Ղալումյանների ընտանիքի հետ:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքով հարուցված եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն 2021 թվականի հուլիս ամսին, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հափշտակել նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության N տեսակի 6 հատ չօգտագործված վրանները։ Այդ նպատակով Ա.Կ.-ն եւ Տ.Պ.-ն հիշյալ 6 վրանները հաշվառել են իբրեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում անվերադարձ կորսված, արհեստականորեն առաջացրել են տվյալ ապրանքների ավելցուկ՝ այդ եղանակով հափշտակելով ընդհանուր 6.726.000 ՀՀ դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները։

 

 




Լրահոս