Տարածաշրջանային երկրներին ներառող «3+2» ձեւաչափով Մոսկվայում կայացած առաջին հանդիպումը մասնակից բոլոր երկրները դրական են գնահատում։
Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը հանդիպել են փոխարտգործնախարարների մակարդակով, իսկ Վրաստանը հրաժարվել է մասնակցել՝ հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ մղած այս հարթակի առաջին հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Վահե Գեւորգյանը։ Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարության՝ հայկական կողմը վերստին հաստատել է դիրքորոշումը, որ այս հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ եւ փոխընկալելի օրակարգի ձեւավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձեւաչափերի գործունեության կրկնորդումներից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում նշված է՝ «3+3» ձեւաչափով առաջին նիստի մասնակիցները պայմանավորվել են կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր, համագործակցություն առեւտրա-տնտեսական, տրանսպորտային եւ մշակութային-մարդասիրական ոլորտներում, ինչպես նաեւ հակազդեցություն ընդհանուր սպառնալիքներին եւ մարտահրավերներին:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը նաեւ նշել է, որ Վրաստանը ցանկացած պահի կարող է միանալ տարածաշրջանային համագործակցության այս ձեւաչափին։
«Հինգ երկրների ներկայացուցիչները իրենց շահագրգռությունը հայտնեցին հարթակի աշխատանքներում Վրաստանի ներգրավվածության առթիվ՝ նշելով, որ «դուռը Թբիլիսիի համար բաց է», – հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Հարավկովկասյան երեք երկրները եւ տարածաշրջանային երեք տերությունները ներկայացնող այս ձեւաչափի կարեւորության մասին ամիսներ շարունակ խոսում է Թուրքիան։ Անդրադառնալով առաջին նիստին՝ պաշտոնական Անկարան այն կառուցողական է գնահատել:
«Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել տարածաշրջանային համագործակցության բազմակողմանի զարգացման հարցում մտքերի կառուցողական փոխանակում, համաձայնության են եկել կենտրոնանալ խորհրդակցության մասնակից բոլոր կողմերի շահերին առնչվող գործնական հարցերի վրա: Նախատեսվել է առաջնահերթություն տալ առեւտրատնտեսական, հաղորդակցության, մշակութային եւ հումանիտար հարցերին՝ խաղաղության եւ կայունության ամրապնդման համար փոխվստահության բարձրացմանը նպատակով»,-ասված է Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է, որ փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կանցկացվեն տարեկան առնվազն երկու անգամ ռոտացիոն սկզբունքով ամեն անգամ անդամ երկրներից որեւէ մեկում: Հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու ԱԳ նախարարությունների համակարգմամբ էկոնոմիկայի, տրանսպորտի նախարարությունների եւ այլ կառույցների ներգրավմամբ: Մեխանիզմի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում հանդիպումներ եւ քննարկումներ կկազմակերպվեն ավելի բարձր օղակներում:
Օրերս Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ էր հայտնել «3+3»-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին։
«Մենք առիթ ենք ունեցել մի քանի անգամ հայտարարել, որ «3+3» ձեւաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձեւաչափերում։ Այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ եւ ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը», – նշել է վարչապետը:
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած եւ Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձեւաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը։
Ն.Հ.
ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԵՆ
Թերեւս Հայաստանից դուրս բնակվող հազարավոր մեծահարուստ հայրենակիցներից քչերն են իրենց ունեցվածքի մի մասը ծախսում Հայաստանի կամ հայության խնդիրները լուծելու վրա: Մեր խմբագրություն զանգահարած ծնողներից մեկը խնդրեց շնորհակալություն հայտնել հայ ընտանիքի, որն իր վրա է վերցրել երեխայի վերջույթների վիրահատության ողջ ծախսերը` ներառյալ ավիատոմս, կեցություն, բուն բժշկական միջամտություն ու վերականգնողական փուլ: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ կապ հաստատած ծնողի կողմից նշված անձինք` Կարեն Մարգարյան եւ Լիլիթ Կարապետյան ամուսինները, սեփական միջոցներով կազմակերպել են շուրջ 200 հայ երեխաների նմանատիպ ու շատ թանկարժեք վիրահատություններ, ինչի շնորհիվ փոքրիկներից շատերն այսօր վերդարձել են առօրյա կյանքի, իսկ նրանց խնդիրներն արտաքնապես նույնիսկ տեսանելի չեն: Ամուսինների հետ կապ հաստատել, ցավոք, չհաջողվեց, բայց պետք է արձանագրենք, որ հրաշալի է՝ կան Լիլիթի ու Կարենի նման զույգեր, սակայն ավելի հրաշալի կլիներ, եթե աշխարհասփյուռ հայությունը իր հնարավորությունների, իր կապերի ու ռեսուսների թեկուզ փոքր հատվածն ուղղեր երկրի զարգացման ու վերակառուցման վրա. որպես օրինակ, կարող ենք հիշել տարիներ շարունակ ցանցերում պտտվող մի տեսակետ, համաձայն որի` Հայաստանում չկա գյուղ, որտեղից դուրս եկած ու լուրջ հաջողությունների հասած գոնե մեկ մարդ չլինի: Ցավոք, նման հայերը կա՛մ չնչին ու համայնքին ոչինչ չտվող, կա՛մ ավելի շատ իրենց անձը բարձրացնող քայլեր են անում, քան թե նպաստում խնդիրների լուծմանը: Եթե սրան էլ գումարենք Հայաստանում տարիներով իշխած կոռուպցիան, պարզ կլինի, թե ինչու հասանք այս վիճակին, եւ ինչու են մեր հազարավոր երեխաների, զինվորների ու ծերերի վերջին հույսը Կարենի ու Լիլիթի նման բարերարները:
ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երեւանում կնոջը էլեկտրահարելով սպանելու դեպքով կալանավորել են ամուսնուն: Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի՝ Արշեն Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ 2021 թվականի սեպտեմբերի 05-ին Արշեն Քալանթարյանը, վերջինիս կինը՝ Եվգենյա Յասոյանը, գտնվել են Երեւան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի 10 շենքի՝ իրենց պատկանող թիվ 10 բնակարանում:
Նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, Արշեն Քալանթարյանը կնոջը՝ Եվգենյա Յասոյանին էլեկտրահարելու միջոցով ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ աթոռը տեղադրել է նախասրահում գտնվող էլեկտրական վարդակի առջեւ, այնուհետեւ կնոջը տեղափոխել աթոռին, ինչից հետո վերցնելով բնակարանում գտնվող էլեկտրական մալուխը՝ այն ամրացրել է Եվգենյա Յասոյանի աջ եւ ձախ դաստակների մատներին, ապա մալուխը միացրել է վարդակից, որի պայմաններում ստացած աջ դաստակի 1-ին, 5-րդ եւ ձախ դաստակի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մատների շրջանների էլկետրոնիշաների ձեւով, կյանքին վտանգ սպառացող վնասվածքների պատճառով Եվգենյա Յասոյանը մահացել է:
Այս գործով նախաքննական մարմինը որոշում է կայացրել եւ այն ուղարկել է դատարան:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
ՀԱՆՁՆԵԼ Է
Համատեղության կարգով Կանադայում եւ Կուբայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ ք. Օտտավա) դեկտեմբերի 10-ին իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Կուբայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-կուբայական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը եւ տարբեր մակարդակներում երկխոսության խորացմանը:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները: Հանդիպման սկզբում նախարար Քերոբյանը կարեւորել է երկու երկրների համագործակցությունը տնտեսության մի շարք ոլորտներում: «Մեր երկրների հումանիտար եւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը մեր երկրների համագործակցության տնտեսական ուղղությունը զարգացնելու համար», – ասել է Վահան Քերոբյանը: Դեսպան Անն Լույոն ընդգծել է դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստի շրջանակում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի կարեւորությունը եւ նշել, որ տնտեսության ոլորտում երկու երկրները շատ անելիքներ ունեն: