ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունիսի 7-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կազմակերպված խմբի կողմից արձանագրվել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգեւով պարգեւատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն եւ այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

 

Այդ պահից սկսած՝ վերը նշված անձինք, միավորվելով պետական դավաճանություն կատարելու միեւնույն նպատակի շուրջ, միմյանց միջեւ ձևավորել են կայուն կապ, անխախտ, փոխադարձ համաձայնություն, երկարատեւ եւ մանրակրկիտ կերպով նախապատրաստել են հանցագործության կատարումը, կատարել դերերի, ակնկալվող եկամուտների բաշխում, պլանավորել հանցագործության քողարկման եղանակները, կապի միջոցները, փոխանցման ենթակա տեղեկատվության ծավալը, նշանակությունը՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստանալով համապատասխան հրահանգավորումներ եւ ցուցումներ:

Կատարված նախապատրաստական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, բանավոր կերպով ձեռք բերված համաձայնությունը փաստաթղթավորելու եւ կոնկրետ հանձնարարականներ ստանալու համար: Երրորդ երկրում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր՝ առ այն, որ տալիս են իրենց ստորագրություններն ու համաձայնությունը թշնամու կողմն անցնելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության գործելու վերաբերյալ, որից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցներից ստացել են համապատասխան ծածկանուններ եւ կանխավճարների տեսքով գումարներ: Հնարավորինս գաղտնի գործելու եւ քողարկված եղանակով օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու նպատակով կազմակերպված խմբի անդամները հատուկ ծառայությունների աշխատակիցներին տվել են իրենց կողմից օգտագործվող թուրքական հեռախոսահամարները եւ դրանցով գրանցված ինտերնետային հավելվածների նույնականացման վերաբերյալ տեղեկությունները:

Այնուհետեւ հիշյալ անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ եւ ցուցումներ, որոնց շրջանակներում լուսանկարել եւ տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները, հատուկ եւ կարեւորագույն օբյեկտների շրջակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների առկայության վերաբերյալ տվյալները, լուսանկարել եւ տեսանկարահանել են նաեւ պետական եւ ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ եւ կարեւորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրակայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները, զորքերի, զինտեխնիկայի քանակն ու տեղաշարժը, որոնք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը եւ այդկերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կոորդինատները:

Այսինքն՝ Գագիկ Ժորայի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով: Վերոնշյալ անձինք կալանավորված են:

Ք.Մ.

 

 

ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐ

Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության բարձր պրոֆեսիոնալ հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինին (Stefania Battistini) ծավալուն ֆիլմ է պատրաստել, եւ հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմը, որ վերաբերում է անցյալ տարվա արցախյան պատերազմին, պատճառներին ու հետեւանքներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետեւ նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց մոտ արժանանում խրախուսանքի:

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր:

Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում:

Ինքս ֆիլմում խոսել եմ նաեւ պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց եմ տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Խոսել եմ նաեւ միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաեւ այն մասին, որ այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետեւանք է:

Մեկժամանոց տեսաֆիլմի մի հատվածը ներկայացնում ենք թարգմանությամբ»,- գրել է նա:

 

 

ԵՎՍ ՄԵԿ ԱՃՅՈՒՆ

2021 թվականի դեկտեմբերի 6-ից դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 614 զանգ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք:

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են շաբաթվա ընթացքում: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք: Աշխատանքներն այս շաբաթ արդյունք չեն տվել: Սակայն ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, զինադադարից հետո` մինչ օրս, հայտնաբերվել եւ տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է հրթիռակասետային 24 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ եւ 94 փոքր տրամաչափի այլ զինամթերք: Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 29 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 եւ վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 10 ելք։

Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի եւս 8 կանչերի։ Յոթ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում:

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Սահմանադրական դատարանի՝ դեկտեմբերի 7-ի որոշման վերաբերյալ, որի հիման վրա ազատ արձակվեցին ԱԺ կալանավորված պատգամավորները:

Պարզաբանման մի մասը ներկայացնում ենք ստորեւ. «Սահմանադրական դատարանի որոշումից ակնհայտ է, որ վերջինս քրեական հետապնդում հարուցելուց անձեռնմխելիության կապակցությամբ փաստացի համաձայնել է սահմանադրի պարզ կամքն արտահայտող մոտեցմանը եւ գտել, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնություն չի պահանջվում: Միեւնույն ժամանակ Սահմանադրական դատարանը բացարձակ անկանխատեսելիորեն հակառակ մոտեցում է ցուցաբերել նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը տեղի ունեցած ազատությունից զրկումը անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու կապակցությամբ եւ փաստել, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նախքան այդ տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակվել չի կարող՝ դրա հիմքում անհասկանալիորեն դնելով այն պատճառաբանությունը, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո կոնկրետ անձի նկատմամբ նախկինում տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելը կարող է խոչընդոտել ազգային ժողովի գործունեությանը»:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը նախ խնդրահարույց է այն առումով, որ պատգամավորական անձեռնմխելիության չարաշահման, այն որպես նախկինում կատարած հանցանքի համար ենթադրվող պետական հարկադրանքի միջոցից խուսափելու միջոց դիտարկելու հիմքեր է տալիս։ Այս առումով հատկանշական է հենց Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման գործընթացը քաղաքական բաղադրիչ ունի, եւ դրա արդյունքը կախված է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի կամքից:

Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տասը տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ եւ ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից: Բացի այդ, սահմանադրական դատարանի որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում մեկ այլ առումով եւս։ Խնդիրն այն է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ պատգամավորական անձեռնմխելիության՝ ամբողջությամբ նույնական իրավակարգավորումները Սահմանադրական դատարանի որոշմամբ անհասկանալի կերպով ենթարկվել են սկզբունքորեն տարբերակված մեկնաբանության այն դեպքում, երբ մեջբերված սահմանադրական դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի կամքը այդ երկու դեպքերը միատեսակ իրավակարգավորման ենթարկելն է։




Լրահոս