Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղու այլընտրանքային տարբերակի՝ լաստանավի ծախսերը կփոխհատուցվեն: Արդյոք սա իրականություն կդառնա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նման առաջարկով դիմել է կառավարությանը: Ավելին այս մասին որոշման նախագիծն արդեն հանրային քննարկման է դրված:
Ըստ էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությունների՝ լաստանավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։
Եւ ԷՆ-ն առաջարկում է փոխհատուցել լաստանավով տեղափոխման ծախսերը ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։ Որոշ տվյալներով, լաստանավը կարող է Փոթի-Կովկաս նավահանգիստ տեղափոխել յուրաքանչյուր ուղղությամբ 50 մեքենա, իսկ երկու ուղղությամբ տեղափոխման արժեքը կազմում է 100-120 հազար դոլար, հետևաբար մեկ բեռնատար մեքենայի մեկ ուղղությամբ ծախսը կազմում է 1000-1200 դոլար, իսկ երկաթգծային վագոնով տեղափոխման դեպքում, քանի որ լաստանավը կարող է տեղափոխել 40 վագոն, ծախսը կկազմի 1200-1500 դոլար։ Պարզվում է՝ ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 20-50 տոկոս զեղչերի կիրառելու վերաբերյալ։
Իսկ մինչ այդ, նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանը կապող միակ ցամաքային ճանապարհը Վերին Լարսն է, որի նախագծային թողունակությունը կազմում է օրական 170 բեռնատար եւ 200 մարդատար ավտոմեքենա՝ երկու ուղղություններով։ Այժմ այդ թիվն աճել է մի քանի անգամ՝ 650 բեռնատար եւ 1700 մարդատար մեքենա՝ երկու ուղղություններով։ Ավելին, այս թվերն էլ ավելի են աճում ամռան սկզբից սկսած՝ հանգեցնելով կուտակումների։
Բացի այս, գաղտնիք չէ, որ Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղին` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, պարբերաբար փակվում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Արդյունքում Ռուսաստանի և Վրաստանի սահմանին մշտապես մեծ երկարությամբ հերթեր են առաջանում։ Ինչը լուրջ լոգիստիկ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, բացասական մեծ ազդեցություն թողնում տնտեսության, մասնավորապես արտահանման ցուցանիշների վրա։ Ըստ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ եթե մեկ մեքենայի միջինացված հաշվով բեռը գնահատվի 25 հազար դոլար և այն, որ միջինում օրական 10-15 հայկական բեռներով մեքենաներ են անցնում Լարսով, ապա օրական 250 հազար դոլարի արտահանում չի իրականացվում։
Փոխարենն առաջարկվում է՝ ամսական իրականացնել 8 չվերթ 50 մեքենայով, իսկ 1 մեքենայով տեղափոխվող արժեքը միջինացված գնահատվել է 25 հազար դոլար, հետևաբար՝ լաստանավով բեռնափոխադրման ծավալը 1 ամսում կկազմի 10 մլն դոլար։ Բացի այս, 20 տոկոս շահութաբերության պարագայում այդ ընկերությունների շահույթը կկազմի 2 մլն դոլար, որից միայն շահութահարկ կգեներացվի 360 հազարդոլար։ Պարզվում է, որ այս հաշվարկները վերաբերվում են նաեւ ներմուծող բեռներին։
Ըստ գնահարականների՝ 2,7 մլն դոլար հարկային մուտքեր կավելանան, իսկ ընդհանուր ծախսը կկազմի 8 չվերթի համար 800 հազար դոլար:
Սյունէ Համբարձումյան