Ընտրությունների միջոցով մի շարք համայնքների ղկավարների չկարողացավ փոխել իշխանությունը, եւ ժողովրդավարությունից բարձր գոռացող «իշխանիկները» ռեպրեսիաներ են կիրառում իրենց քիմքին ոչ հաճելի, բայց ժողովրդի կողմից ընտրված համայնքների պոտենցիալ ղեկավարերի դեմ:
Որտեղ իշխանական թեկնածուները 50% եւ պլյուս մեկ ձայն չեն հավաքել, մյուս թեկնածուների դեմ բռնաճնշումներ են բանեցնում՝ ընդհուպ կալանավորելով նրանց:
Դեկտեմբերի 9-ին կալանավորվեց «Միասնական Վարդենիս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը, ապա մեղադրանք առաջադրվեց մյուս դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի կնոջ նկատմամբ. նրան գիշերով բերման ենթարկեցին: Այդ ամենից բացի, երեկ էլ հետապնդում սկսվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ, ում գլխավորած դաշինքը եւս այս ընտրություններում ավելի շատ ձայն էր հավաքել, քան ՔՊ-ն։ Նրան երեկ ձերբակալեցին: Թալինում ՔՊ-ն կարողացավ հասնել իր ցանկալի արդյունքին, եւ իրենց թեկնածուն հաղթեց՝ մյուսների ճնշման գնով։ Ցանկը երկար է. Ախուրյանում, Գորիսում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում եւ այլ համայնքներում նույն բռնաճնշումների շղթան է:
Դեկտեմբերի 12-ին էլ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ հոդված հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շփվել է գեներալների, Ռոբերտ Քոչարյանի հետ, շեղվել ՔՊ ուղուց, անմիջապես հաջորդ օրը սկսվեցին ճնշումները Հայկ Մարությանի նկատմամբ: Երեկ երեկոյան արդեն Երեւանի ավագանու մոտ 40 անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծ էին պատրաստել, ստորագրել, որով պատրաստվում են պաշտոնանկ անել Երեւանի ամենաչստացված քաղաքապետերից մեկին: Ինչո՞ւ չստացված. քանի որ ընտրվելուց հետո նրան այդպես էլ չտեսանք Երեւանում շրջելիս, չերեւաց մի նորույթ մայրաքաղաքում: Բայց այն, ինչ արվում է Մարությանի նկատմամբ միայն այն բանի համար է, որ չի կատարել տարբեր փաշինյանների քմահաճույքները, ինչ խոսք, անթուլատրելի է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանն այլեւս խորհրդարանում չի աշխատում: Ինչպես հայտնի է, Ստեփանյանը սեպտեմբերին աշխատանքի անցավ խորհրդարանում՝ զբաղեցնելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականի հաստիքը: Մենք տեղեկացանք, որ նա ազատվել է աշխատանքից նախօրեին: Իրականում Ալեն Սիմոնյանի այդ որոշումը պատահական չէ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել խորհրդարանում, որի շրջանակներում քննություն է ընթանում ԱԱԾ-ում, եւ նախաքննական մարմին են հրավիրվել դեպքին մասնակից իշխող ուժի պատգամավորները, նրանց օգնականները եւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները: Բանն այն է, որ իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում են այն հարցը, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով անցնող, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակված մարդը չի կարող պատգամավորի օգնական աշխատել: Եւ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «Հեղափոխության պահապանների» հիմնադիրներից մեկի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Հայկ Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից: ԱԺ նախագահը դարձավ անխոցելի այս հարցում: ԱԺ-ում խոսվում է, որ «հեղափոխության պահապանը» առաջիկայում Պետական վերահսկողական ծառայությունում նոր աշխատանք է ստանալու:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն իշխանության ներսում արդեն սկսել են քննարկել ու խոսել այն մասին, թե ով կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի թեկնածությունը: Բանն այն է, որ ԱԱԾ-ում Սիմոնյանին համակարգի մարդ չեն համարում, ինչպես եղավ դա ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պարագայում, ուստի նրա տեղափոխման հարցը սարերի հետեւում չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկվել է նաեւ Երեւանի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազն է: Այս իրավիճակում հարց է առաջանում՝ քաղաքական իշխանությունը գլխավոր դատախազին պաշտոնանկ կանի մինչեւ պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ մյուս տարվա հունվարի սկզբին արդյոք, թե կշտապի կադրային այս փոփոխությունների ֆոնին նրան եւս փոխարինող գտնել:
Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը կարգելվի։ Հունվարի 1-ին մնացել է շուրջ 2 շաբաթ, սակայն տնտեսվարողները դեռ կամուկացի մեջ են, հստակ որոշում չեն կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ երեւանյան սուպերմարկետներից հետաքրքրվեց, թե պոլիէթիլենային տոպրակների փոխարեն այլընտրանքային ինչ տարբերակ են առաջարկելու հաճախորդներին: Մեր հարցին ի պատասխան՝ «Ծիրան» սուպերմարկետից փոխանցեցին, որ սպասում են պաշտոնական հայտարարության. «Մենք ինֆորմացիա ունենք, որ մասայականորեն չեն վերանալու պոլիէթիլենային տոպրակները, միկրոնն է հաստանալու, բնականաբար այդ դեպքում գինը բարձրանալու է, եւ հաճախորդներին պետք է այլընտրանք առաջարկել: Այս դեպքում մեր սուպերմարկետը մեր հաճախորդներին առաջարկում է էկո տոպրակներ՝ թղթից պատրաստված, որոնք բազմակի օգտագործման համար են»: Իսկ ահա «Նոր Զովք» -ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այս պահին իրենք կոնկրետ որոշում դեռ չունեն: Շրջակա միջավայրի նախարարության կողմից, սակայն, արգելքի մասին ծանուցվել է: «Գուցե փոփոխություն լինի, եւ առաջիկայում մեր սուպերմարկետը եւս իր հաճախորդներին առաջարկի թղթե կամ կտորե տոպրակներ»,- փոխանցեցին «Նոր Զովք»-ից: Ի դեպ, ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների լայն կիրառումը բնապահպանական խնդիրներ է առաջացրել: