ՀԱՋՈՂՎԵԼ Է ՀԱՄՈԶԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իլհամ Ալիեւը պնդում է՝ Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին դեպի Նախիջեւան ավտոմոբիլային ճանապարհ բացելու հարցում: Այս մասին նա խոսել է իսպանական El Pais պարբերականի հետ զրույցում: «Անցած ամիսներին Հայաստանը դեմ էր ավտոմոբիլային ճանապարհի բացմանը, բայց հիմա մեզ հաջողվեց համոզել դրա անխուսափելիության հարցում, եւ նրանք համաձայնեցին։ Այսպիսով, կա համաձայնություն. ներկայումս մենք քննարկում ենք այդ միջանցքների՝ Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը, որը Ադրբեջանից հասնում է Հայաստան, իսկ այնտեղից՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա վերստին պնդել է՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկմանը վերադարձ չկա։

 

«Ադրբեջանի դիրքորոշումը ավելի քան բաց եւ հստակ է. մենք խաղաղություն ենք ուզում, այլ ոչ թե պատերազմ։ Մենք հաղթել ենք պատերազմում, մենք հաղթող ենք, եւ այդ իրականությունը պետք է հաշվի առնվի։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Լեռնային Ղարաբաղի տխրահռչակ կարգավիճակի կամ նման այլ բանի հետ կապված որեւէ քննարկման վերադարձ չկա։ Մենք ինքներս ենք դա որոշել ուժային ճանապարհով եւ քաղաքական միջոցներով», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը եւ հավելել՝ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ թշնամական գործողություններից, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։

«Նրանք պետք է աշխատեն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ եւ 21-րդ դարին վայել նորմալ վարքագիծ ունենան։ Ամեն դեպքում, մենք հարեւաններ ենք, եւ մեզանից ոչ ոք այլ մոլորակ չի տեղափոխվի։ Ուստի հարաբերությունները, այդ թվում՝ ժողովուրդների շփումները կարգավորելու համար պետք է աստիճանաբար, քայլ առ քայլ հիմք պատրաստել, սովորել ապրել կողք-կողքի։ Մենք բաց խոսեցինք, որ պատրաստ ենք սրան, սակայն Հայաստանից ոչ մի դրական ազդանշան չենք ստացել», – ասել է Իլհամ Ալիեւը՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունն իր ժողովրդին նախապատրաստում խաղաղության։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի զարգացման միակ ճանապարհը։

Խոսելով ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների մասին՝ նա հերթական անգամ խուսափել է հստակ թիվ նշել, փոխարենը մտավախություն է հայտնել, թե հայ գերիներին Հայաստան վերադարձնելով՝ նրանց հայրենիքում կարող են խոշտանգումների ենթարկել բանտերում: «Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալվեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այդ մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետեւաբար եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն»,-հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը: Նրա խոսքով՝ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել ավելի քան հարյուր զինվորականների, որոնք, Ալիեւի խոսքով, հանցագործություն չեն կատարել ադրբեջանցիների դեմ։ «Այստեղ որեւէ գաղտնիք չկա։ Ցանկը հայտնի է, միջազգային կազմակերպությունները եւ հայերը գիտեն այդ մասին։ Օրինակ՝ նոյեմբերի կեսերից ավելի քան 30 հայաստանցի զինվորականներ ձերբակալվել են ռազմական սադրանքի ընթացքում։ Նրանցից մեկը վիրավոր էր, եւ մեր բժիշկները խնամել են նրան, նրան վիրահատել են, եւ հենց նա ապաքինվել է, մենք նրան վերադարձրել ենք», -ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիեւը նշել է, որ հայաստանցի զինվորականները, որոնք հանցագործություն են իրականացրել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ, կանգնել են դատարանի առաջ եւ դատապարտվել. «Այսպիսով, որեւէ միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ Այլ հարց է, որ ձերբակալվածներից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար, վերադարձողների եւ նրանց հարազատների համար»։

Ն. Պ.

 

 

ՎԵԴԻՈՒՄ՝ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔՊ եւ «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։ Այս մասին հայտնում է Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը։ «Այս քայլին գնում ենք խոր գիտակցումով՝ բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը»,-նշել է նա։ Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման արդյունքում Վեդիում կկայանան նոր ընտրություններ: Նշենք՝ Վեդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ ձայների 42.86%-ով, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է ձայների 16.31%-ը:

 

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԼԻՆԻ

Հայաստանում առաջիկայում կներդրվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համակարգ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս համակարգը հնարավորություն կտա ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը՝ դրանց ծանոթանալը թույլատրելով միայն հատուկ հասանելիություն ունեցող աշխատակիցներին եւ միայն իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ չափով: Բացի այս, նոր համակարգով հնարավոր կլինի հետեւել արդարադատության համակարգում անձի փորձառությանը եւ գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները եւ խստությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նախագիծը մշակելիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվի է առել ժամանակակից խոստումնալից պրակտիկաները եւ եվրոպական փորձը։ Օրինակ, ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման բնագավառում եվրոպական երկրներում ամենախոստումնալից պրակտիկաներից մեկը գործում է Իսպանիայում։ Այս երկրում կենտրոնական ռեգիստրը գործում է արդարադատության նախարարությունում։ Թե ինչպես այն Հայաստանում կգործի, այս պահին դժվար է ասել:

 

 

ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված նախաձեռնության մասին: Նա պնդել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմից հետո շարունակաբար դրական ուղերձներ են հղում, ու ավելացրել. «Հատկապես կարեւոր է համընդգրկուն խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Ադրբեջանի արած առաջարկը Հայաստանին: Դա նաեւ ցույց է տալիս մեր եւ Ադրբեջանի նպատակն ու մոտեցումը»: Նա այս համատեքստում խոսել է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ չվերթների վերանկանգնման մասին՝ տեղեկացնելով, որ Ստամբուլ-Երեւան թռիչքների իրականացման համար իրենց արդեն դիմել են հայկական ու թուրքական ավիաընկերություններ:

 

 

ԱՆՈՐՈՇ ՃԱԿԱՏԱԳԻՐ

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցել է մեկ տարուց ավելի, բայց ռազմագերու կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների ճակատագիրը մնում է անորոշ: Եվ մինչ բարձրաձայնվում է Բաքվի բանտերում նրանց հանդեպ իրականացվող խոշտանգումների մասին, Նիկոլը եւ իր շրջապատը ռազմագերիներին նոր տարբերակ է առաջարկում՝ կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում: Հետո առաջարկն ամրապնդում են կոնկրետ գործողություններով՝ քրեական գործեր են հարուցում եւ կալանավորում գերեվարված եւ վերադարձած զինծառայողներին: Արդյունքում լուրջ վտանգ է ստեղծվում գերիների հետվերադարձի հարցում, դժվարանում է միջազգային ատյաններում հայկական կողմի աշխատանքը: Միգուցե Նիկոլի շրջապատում չկա որեւէ մեկը, ով նրան կզգուշացներ այսպիսի զարգացման հնարավորության մասին, միգուցե նրա թիմակիցները չունեն բավարար համարձակություն եւ մարդկային որակներ՝ նրան ուղղելու համար, բայց մենք այդ մասին զգուշացնում էինք: Պետք չէր լուրջ վերլուծություն անել՝ հասկանալու համար, որ երբ դու Բաքվի բանտում գտնվող գերուն ասում ես՝ գաս Երեւան՝ քեզ դատելու եմ, ապա քո հայտարարությունը չի կարող մնալ անհետեւանք»,- հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

 




Լրահոս