ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է. «Համոզիչ չէ ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողների կալանավորումների իրավաչափությունը (մանրամասն հիմնավորումներ)։

 

Խոսքը, մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 14-ի եւ 16-ի ադրբեջանական զինված հարձակումներից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված եւ գերությունից վերադառնալուց հետո Հայաստանում ազատությունից զրկված ՀՀ զինծառայողների մասին է:

Այս հայտարարությունը հիմնված է «Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում նշված զինծառայողների, փաստաբաններից մի քանիսի հետ դեկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության ու համադրման վրա՝ հաշվի առնելով գերեվարման հանգամանքները եւ գերիների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային գործիքակազմը: Ըստ այդմ, այս եզրահանգման հիմքում են՝

1) նշված զինծառայողներին վերագրվող արարքների, ինչպես նաեւ նրանց գերեվարման հանգամանքների ուսումնասիրությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում. դրանք չեն հրապարակվում, բայց գրությամբ կներկայացվեն քրեական հետապնդման մարմնին:

2) Քրեական դատավարության հետ կապ չունեցող՝ ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմինների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների այն հրապարակային հայտարարությունները, որոնցով արվել են պնդումներ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, նրանց արարքներում հանցագործությունների հատկանիշների առկայության մասին:

Բացի այն, որ նման հայտարարությունները խախտում են մարդու իրավունքները եւ չեն բխում օրենքից, առանցքային է, որ դրանք արվել են մինչեւ զինծառայողների վերադարձը ադրբեջանական գերությունից եւ ունեցել են կանխակալ բնույթ: Ընդ որում, դրանք լայն տարածում են ստացել հայաստանյան եւ միջազգային լրատվամիջոցներում:

Նշված հրապարակային հայտարարությունները խախտել են ՀՀ գերեվարված զինծառայողների անմեղության կանխավարկածի իրավունքը՝ որպես արդար դատաքննության հիմնարար բաղադրատարր: Դրանք խնդիրներ են ստեղծել քրեական հետապնդման համար. առաջացրել են քրեական գործ քննող մարմինների վրա օրենքով չնախատեսված ազդեցության ակնհայտ չփարատված կասկածներ: Այդ պնդումները ստեղծել են նաեւ կանխակալ պատկերացումներ հայաստանյան հասարակությունում եւ միջազգային հանրության տարբեր շրջանակներում նշված զինծառայողներին վերագրվող հանցանքներում նրանց մեղքի հաստատված լինելու առնչությամբ:

Ուստի քրեական դատավարության հետ կապ չունեցող բարձրաստիճան պաշտոնյաների նշված հայտարարությունները քրեական հետապնդում իրականացնող մարմնի եւ կալանքի հարցերը քննող դատարանների համար առաջ են բերել կալանավորումների իրավաչափության հաստատման բարձր շեմ՝ առավել համոզիչ կերպով ու բարձր չափանիշով ցույց տալու, որ գերեվարված զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումն ու առավել եւս նրանց կալանավորումները չեն արվել գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների նշված հայտարարությունների ազդեցության ներքո: Դա անհրաժեշտ է անել նաեւ հրապարակային՝ հաշվի առնելով հարցի լայն հանրային հետաքրքրությունը եւ միջազգային լայն արձագանքները:

Այս պահի ուսումնասիրությունները վկայում են, որ հիշյալ կալանավորումների իրավաչափությունն այդ շեմը չի բավարարում:

3) Առկա են բազմաթիվ ապացույցներ առ այն, որ ադրբեջանական Զինված ուժերը, իրավապահ մարմինները եւ այլ ծառայողներ հայ գերիների նկատմամբ գործել են տարբեր հանցանքներ: Դրանից բացի, ադրբեջանական իշխանությունները, գերիների իրավունքների միջազգային կանոնների խախտմամբ, արհեստական ձգձգել են եւ շարունակում են ձգձգել գերիների հայրենադարձությունը՝ նաեւ նրանց ընտանիքներին պատճառելով հոգեկան տառապանքներ:

Ուստի Մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն այն մասին, թե ՀՀ քրեական հետապնդման մարմինն ինչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ զինծառայողների իրավունքների խախտումների, այն է՝ նշված հանցանքների մեջ մեղավոր անձանց պարզելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղղությամբ:

4) Պարզաբանման է ենթակա նաեւ այն հարցը, թե քրեական քաղաքականության ինչ կանոններ են հիմք ընդունվում գերությունից վերադարձած զինծառայողներին կալանքի միջնորդություններ ներկայացնելու հարցում, եւ ինչու հատկապես 2021թ. նոյեմբերի 14-ին ու 16-ին գերեվարված զինծառայողների համար ներկայացվեցին կալանքի միջնորդություններ, որոնք անմիջապես հաջորդեցին գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո:

5) Ստեղծված իրավիճակում պետք է պարզաբանվի նաեւ, թե ինչ միջոցներ է ձեռնարկել քրեական հետապնդման մարմինը գերությունից վերադարձած ու կալանավորված ՀՀ զինծառայողների ռեաբիլիտացիայի ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, նշված զինծառայողներից բացի, ՔԿՀ-ներում դեկտեմբերի 14-ին առանձնազրույցներ է ունեցել նաեւ այն զինծառայողների հետ, որոնք կալանավորվել են՝ կապված նոյեմբերի 14-ի եւ 16-ի ադրբեջանական զինված հարձակումների հետ, բայց չեն գերեվարվել: Նրանց իրավունքների հարցով նույնպես գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին:

Հատուկ նշում եմ, որ այս հայտարարությունով քրեական հետապնդման մարմինների կողմից նշված հարցերով քրեական գործեր կամ քրեական հետապնդումներ հարուցելը կամ չհարուցելը կասկածի տակ չի դրվում. այն վերաբերում է գերությունից վերադարձած 4 զինծառայողներին ազատությունից զրկելու, այն է՝ կալանավորելու իրավաչափությանը»։

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Թալին համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, 2012թ. օգոստոսից մինչեւ 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, առանց լիազոր մարմնի համաձայնության, նախ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, որում կեղծ տեղեկություններ է ներառել՝ համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի վերաբերյալ, այնուհետեւ կազմակերպել եւ իրականացրել է դրանց օտարումը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թեեւ Թալին համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ նշվել է, որ հողամասերը վաճառվելու են համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին եւ հողերի օգտագործման սխեմային համապատասխան, սակայն համայնքի ղեկավարը, խախտելով վերոգրյալ իրավական ակտերի եւ ավագանու նշված որոշման պահանջները, 2018թ. փետրվարին եւ 2020թ. հունվարին կազմել է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի վերաբերյալ կեղծ որոշումներ՝ նշելով, որ խնդրո առարկա հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքով սահմանված  սահմանափակումների ցանկում: Այնուհետեւ իրականում օտարման համար ոչ ենթակա, ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0532 եւ 0,0201հա հողամասերը օտարվել են, ինչի արդյունքում համայնքը զրկվել է նշված տարածքներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու եւ հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից՝ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս: Թալին համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին։

 

 

 

ԽՓԵԼ Է

Նախօրեին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորագավիթի 2-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանության փոխանցմամբ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ 37-ամյա տղամարդը Օդանավակայանի փողոցում վիճել է 56-ամյա տղամարդու, 18-ամյա երիտասարդի եւ 57-ամյա կնոջ հետ, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով խփել է հիշյալ տղամարդուն: 56-ամյա տղամարդը, 18-ամյա երիտասարդը եւ 57-ամյա կինը բերման են ենթարկվել բաժին, որտեղ տղամարդիկ ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլին: Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի եւ մյուս կառույցների հետ, ինչպես նաեւ ծրագրերի արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համար աշխատանքի առաջնահերթությունները, մի շարք ոլորտներում պետության կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ Ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը, ազատությունից զրկելու հարցերում խնդիրները, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերն այդ բոլոր հարցերում եւ այլն: Առանձին անդրադարձ է կատարվել ադրբեջանական իշխանությունների կողմից անօրինական պահվող հայ գերիների վերադարձին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, գերությունից նրանց վերադարձն արհեստական ձգձգելու հարցերին։ Արման Թաթոյանը շեշտել է նաեւ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստը, որոնք տեղի են ունենում մեր գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների ու արարքների հետեւանքով։

 

 

 




Լրահոս