«Կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի խստացնում, այլ փոքր փոփոխություններով երկարաձգում է»,- ասել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Կառավարությունը կարծում է՝ այն տնտեսական արդյունքները եւ սպասումները, որ ունենք, կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ տեսնում ենք ճիշտ նախագծված եւ սիմետրիկ, չենք դիտարկում, որ միակողմանի պետք է լինեն հարաբերությունները»,-ասել է Վ. Քերոբյանը:
Նախարարի կարծիքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները ապաշրջափակման համատեքստում պետք է շատ մանրամասն քննվեն, եւ դա պետք է լինի երկկողմանի գործողություն: «Կա լայն հանրային երկխոսություն այս հարցի վերաբերյալ` ե՛ւ Կառավարությունը, ե՛ւ իշխող քաղաքական ուժը չի թաքցնում, որ կան տարբեր կարծիքներ այդ հարցի շուրջ, եւ դա նորմալ ենք համարում»,- ասել է Քերոբյանը:
Կառավարությունը շատ անհանգստացած է Հայաստանում գնաճի մակարդակով եւ փորձում է գործիքներ գտնել գնաճը զսպելու համար: «Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների նկատմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերի դեպքում գնաճը զուսպ լինի»,-ասել է նախարարը։ Քերոբյանը նշել է, որ աշխատանքները շարունակվում են Կենտրոնական բանկի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի առկա գործիքներն օգտագործելով՝ գնաճը զսպեն: «Պետք է ասեմ, որ այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասածից շատ ավելի շատ է, եւ դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ»,- ասել է Քերոբյանը:
Մեր քաղաքացիները անգամ գնաճի պայմաններում միջինը ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 16-ին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Դա, նրա խոսքով, կապված է այն բանի հետ, որ իրական տնտեսական աճը (այսինքն՝ գնաճի ազդեցության հաշվառմամբ) այս տարի շատ ավելի բարձր է, քան սպասվում էր։ Քերոբյանը նշեց, որ տնտեսական աճը 10 տոկոսից բարձր չի լինելու։ «Այսօրվա հաշվարկներով՝ կլինի 4,5-6 տոկոսի սահմաններում։ Վերջնական արդյունքները կամփոփվեն ավելի ուշ»,- ավելացրել է նախարարը։
Անդրադառնալով արտաքին շուկայում գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարցին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ խնդիրը հիմնականում կապված է որակի եւ ստանդարտների հետ, որոնց այս կամ այն արտադրանքը կարող է համապատասխանել, այլ ոչ թե պետության գործողությունների։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասնել է, թե որքան գումար է անհրաժեշտ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար:
«Գիտեմ, որ շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը` Երասխի մոտ: Այստեղ ուղղակի մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է: Երկրորդ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որն արդեն բավականին ծախսատար է, որովհետեւ նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է եւ դարձել է ավտոմոբիլային ճանապարհ: Կարծում եմ, որ այնտեղ հստակ նախագիծ չունենք եւ չունենք մոտավոր գնահատական: Կարծում եմ, որ խնդիրը կարող է լուծվել 200 միլիոն դոլարի սահմաններում: Իսկ ավելի խոշոր ներդրում է պահանջվելու ՀՀ սահմանից մինչեւ Հորադիզ երկաթգծի կառուցումը: Այնտեղ ներդրումները բավականին խոշոր են. 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու»,- ասել է Քերոբյանը:
Ն. Պ.
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ ավարտվել են Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի տանիքի վերանորոգման աշխատանքները։ Այդ աշխատանքները կատարվել են Դիլիջանի համայնքապետարանի եւ «Թերմոպլաստ» ընկերության կողմից: Դիլիջանի համայնքապետարանը իր ինտենետային կայքում շնորհակալություն է հայտնել Termoplast. am-ին մեծ օժանդակության համար։ Համայնքապետարանում չեն հասկացել, որ շնորհակալություն պետք է հայտնել աջակցած ընկերությանը, ոչ թե այդ ընկերության ինտերնետային կայքին, կամ էլ ցանկացել են, այդ ընկերության կայքի հղումը համայնքապետարանի էջում տեղադրելով, ընկերությանը գովազդ անել։ Անկախ ամեն ինչից՝ առկա է անգրագետություն։ 2021թ. հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրություններից հետո Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը համայնքապետարանում միայն մեկ կադրային փոփոխություն է կատարել. նոյեմբերի 24-ին Նելլի Ամիրյանն ազատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Դ. Սարգսյանի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ դեկտեմբերի 9-ից Արփի Թամրազյանը նշանակվել է համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար՝ 3-ամսյա փորձաշրջանով։ Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը փոխվել է, սակայն համայնքապետարանի աշխատանքի լուսաբանումը չի բարելավվել։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ՝ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից սերված, Ռուսաստանում բնակվող, այնտեղ գործարարությամբ զբաղվող 63-ամյա Յուրա Աղբալյանը հայրենի գյուղի բոլոր ընտանիքներին սննդամթերքի օգնություն է ուղարկել: Ոսկեպարի բնակիչները երախտագիտությամբ են ընդունել համագյուղացու նվիրատվությունը, ով նախկինում էլ բազմիցս սննդաթերքի օգնություն է ուղարկել համագյուղացիներին։ Յուրա Աղբալյանը, 1973 թվականին ավարտելով Ոսկեպարի ութամյա դպրոցը, միջնակարգ կրթությունը ստացել է Ոսկեվան գյուղի միջնակարգ դպրոցում: Նա համագյուղացիներին ուղարկած սննդամթերքի օգնությունից ուղարկել է նաեւ Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերում բնակվող իր համադասարանցիներին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
«ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԼԽԻՎԱՅՐ ՓՈԽՈՒՄ ԵՆ»
2018թ. իշխանափոխությունից հետո, երբ պետական համակարգը օր-օրի լցվում էր երիտասարդ կադրերով, որն ինքնին ոչ թե երիտասարդ լիցք էր հաղորդում, այլ յուրայիններով տոտալ բռնագրավում էր պետական հաստատություններում, գերատեսչություններում աշխատողներից շատերն ասում էին՝ դեռ մի քանի ամիս էլ կգոյատեւեն փորձառու կադրերով, հետո պարալիզացվելու է: Այս մասին Աժ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Հիմա օրենքի նախագծեր չեն մշակվում, նույն նախագիծը բերում, մի բան փոխում են, 2 ամիս հետո բերում, նորից են փոխում, եւ երկրի պետական համակարգը որբի գլուխ են դարձրել ու փորձարկում են անում: Հիմա կառավարությունը եկել է, առաջարկում է շատ արագ, շըփ-թըփ կարգով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ անել: Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցներ երեխա ուղարկողնե՛ր, կառավարությունը ուզում է Հայաստանում ամբողջ կրթական համակարգը գլխիվայր փոխել՝ կառավարման իմաստով: Ուզում են երկու տնօրեն նշանակել՝ մեկը ընտրովի տնօրեն, որը կրթական համակարգի պատասխանատուն է, մյուսը՝ նախարարությունից ուղղակի: Սրանով կուսակցական ենթակայության տակ են դնելու ամբողջ կրթական համակարգը: Երբ օրակարգը կգա, մենք կպատմենք, թե դահլիճում քաղաքական մեծամասնության թեկնածու պատգամավորներից մեկը ոնց է կրթական համակարգում արդեն սեփական ամուսնուն նշանակում այդ պաշտոնին»,-ասել է նա:
ԴՐԱԿԱՆ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը դրական է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բանագնացներ նշանակելու հայտարարություններին։ Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հայտարարել է, թե ինքն էլ՝ որպես պատգամավոր, պատրաստ է ստանձնել պատասխանատվություն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աշխատանքներում։ «Սա խաղաղության հնարավորության պատուհան է, որի համար պետք է պատասխանատվություն ստանձնեն թե՛ հայ, թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի գործիչները։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սպասվածից ավելի արագ կլինի։ պարզապես պետք է քաղաքական կամք»,- գրել է Կարո Փայլանը։