ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՁԵՎ՝ ԸՆԴԴԵՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները ամեն ինչ անում են համայնքներում իրենց մարդկանց ղեկավար նշանակելու համար։ Գորիսում այլ ելք չունենալով՝ իշխանությունները նոր խորամանկության են ցանկանում դիմել։ Նախ նշենք, որ ամռանը Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։ Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ. 2.1-ին մաս. «2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Սա արվում էր այն բանի համար, որ համայնքներում իրենց մարդիկ ունենան մինչեւ ընտրությունը։ Հիմա էլ իշխանությունները Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ պայքարելու համար մեկ այլ նախագիծ են առաջ քաշել։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ եթե համայնքի ղեկավարը կալանավորված է, կամ նրա պաշտոնավարումը անհնարին է, ապա կարող է այլ մարդ նշանակվել հենց իշխանությունների հայեցողությամբ։ Այսինքն՝ նրանք ամեն ինչ անում են, որ Առուշ Առուշանյանը չդառնա համայնքի ղեկավար, չնայած որ Գորիսում ստացել է բացարձակ ձայներ: Քաղաքացիների ընտրության իրավունքից շատ խոսող իշխանությունը չի հարգում քաղաքացու ընտրությունը:

 

 

 

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, իշխանական ամբողջ էլիտան հարսանեկան խնջույքի է մասնակցել։ Ավելի վաղ գրել էինք, որ ամուսնանում է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի որդին։ ՔՊ-ական պատգամավորը որդու հարսանիքին հրավիրած է եղել իշխող խմբակցության բոլոր պատգամավորներին իրենց կողմնակիցների հետ միասին։ Հարսանիքին ներկա են եղել նաեւ գործադրի անդամներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ «Հարսանյաց արարողության բազմամարդությունը նրանով է նաեւ պայմանավորված եղել, որ հրավիրյալները, որ մեծամասամբ իշխանության ներկայացուցիչներ են եղել, իմացել են՝ Նիկոլ Փաշինյանը, որ Ղալումյանի հետ բացի վաղեմի մտերիմներ լինելը նաեւ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, նույնպես ներկա է գտնվելու, հետեւաբար չեն ցանկացել «բացակա ստանալ»։ Ուրախ, բավական ակտիվ մթնոլորտում է անցել խնջույքը։ Ներկաները մի լավ «քեֆ» են արել»,- ասաց մեր զրուցակիցը։ Փաշինյանն ու թիմակիցները խնջույքի սեղանին չեն մոռացել նաեւ միմյանց կենացը խմել, գովել մեկմեկու ու երդվել, որ ՔՊ-ին ու թիմը դավաճանող որեւէ մեկին չեն ներելու։

 

 

Երեւանի քաղաքապետարանում թե՛ այսօր, թե՛ վաղն ավագանու նիստեր են նախատեսված: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի ավագանու անդամները, ըստ նախատեսվածի, պետք է քննարկեն եկող՝ 2022 թվականի բյուջեն: Իսկ մյուս օրը՝ դեկտեմբերի 22-ին, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ ավագանին կքննարկի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: «Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երեւան քաղաքի ավագանու նիստ՝ հետեւյալ օրակարգով՝ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօրվա նիստը, որտեղ 2022-ի բյուջեն է քննարկվելու, հնարավոր է՝ չկայանա: «Ավագանու անդամները, ըստ երեւույթին, չեն ներկայանա, քվորում չի լինի: «Իմ քայլի» համար առաջնային հարցն այժմ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն է»,- մեզ հետ զրույցում ասաց ավագանու անդամներից մեկը:

 

 

Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել տարեկան 2019 եւ 2020 թվականների հայտարարագրերը: Խոսքը շվեցարահայ գործարարի, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահի մասին է, որը ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց ցանկում, քանի որ Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 253-րդ հորիզոնականը: Փոխարենը ներկայացված է 2017 եւ 2018 թվականների հայտարարագրերը: Տեղեկացնենք, որ վարույթ է հարուցվում այն պաշտոնյաների դեմ, որոնք հայտարարագիր չեն ներկայացնում: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հյուպատոսի դրամական միջոցները 2018 թվականի վերջին կազմել է 6 մլն 250 հազար 405 շվեյցարական ֆրանկ, 667 հազար եվրո, 11 մլն 795 հազար դրամ: Որպես եկամուտ Սիրմաքեշը 4 վայրից աշխատավարձ է ստացել 502 հազար շվեյցարական ֆրանկ, 60 հազար եվրո, 2 մլն 250 հազար դրամ, 502 հազար շվեյցարական ֆրանկ: Մեկ ընկերությունից ստացել է 8 մլն 448 հազար շվեյցարական ֆրանկի չափով շահաբաժին: Մոտ 9 մլն դրամի չափով Սիրմաքեշը տրված վարձակալության դիմաց գումար է ստացել: Կնոջ՝ Անի Սիրմաքեշի հայտարարագիրը դատարկ է. ո՛չ եկամուտ ունի եւ ո՛չ էլ դրամական միջոցներ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Սիրմաքեշը «Արցախբանկի» 39.1 տոկոսի եւ «Արմսվիսբանկի»  80 տոկոսի բաժնետերն է: Նրա պաշտոնական հայտարարագրում իրական ունեցվածքի եւ դրամական միջոցների մասին տվյալներ, ըստ էության, չկան:

 

 




Լրահոս