ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմից մեկ տարի անց. զոհվածների ընտանիքներին կառավարությունը միայնակ է թողել բանկերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունների ներման գործողությունները ֆինանսական կառույցներն իրականացրել են իրենց միջոցների հաշվին: Այս մասին հայտնի դարձավ երեկ խորհրդարանում՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը: Թագուհի Թովմասյանը քննարկման ժամանակ նշեց, որ անհատական մակարդակում շատ են ստանում դժգոհություններ, որոնք ստանում են անձնավորված լուծումներ. «Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք համակարգային լուծում փնտրենք, որը չի լինի այնպիսի լուծում, որից կտուժեն մասնավոր բանկերը և միաժամանակ նաև կորուստներ ունեցած ընտանիքներին օգտակար լինենք»,-ասաց պատգամավորը:

Պարզվում է՝ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված և անհետ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների՝ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները: Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով, զոհված և անհետ կորած անձանց պարտավորությունների ներում է իրականացվել՝ 2400 անձանց մասով՝ 1 մլրդ 948 մլն դրամի չափով: Զոհված և անհետ կորած անձանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով ներվել է 631 մլն դրամ, պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով՝ 230 մլն դրամ: Բայց արձանագրենք, որ վարկային պարտավորությունների ներման գործողությունները ֆինանսական կառույցները իրականացրել են իրենց միջոցների հաշվին: Այս հարցում, սակայն պետությունը որեւիցե մասնակցություն չի ունեցել:

Ավելին, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից այս հարցը բարձրաձայնելուց հետո եւս կառավարությունը ոչինչ չի անում: Ի դեպ, քննարկմանը ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմում ասաց. «Այնքան տարօրինակ էր ինձ համար, երբ մեր տան անդամներից մեկը բանկերից մեկում ուներ սպառողական վարկ, երբ գնացինք, որ վարկը մուծենք, ասացին, որ մեզ կորոնավիրուսային համակարգի զեղչման համակարգի մեջ կներառեն: Գիտե՞ք այնքան վիրավորական է, որ հայրենիքի համար կյանքը տված մարդու համար չկա ինչ-որ որոշում, և նրան ընդգրկում են կորոնավիրուսային ինչ-որ ծրագրի մեջ»: Սա որպես վառ օրինակ, որ կառավարությունը զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունների ներման հարցում ակտիվ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս