Միջազգային հանրությունը դրական է արձագանքում Մոսկվայում տեղի ունեցած հայ-թուրքական նոր երկխոսությանը: Մասնավորապես, հանդիպումներից հետո բազմաթիվ հայտարարություններ են եղել: Օրինակ՝ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարություն է տարածել եւ նշել, թե ԵՄ-ն քաջալերում է Հայաստանին եւ Թուրքիային շարունակել ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Եվրամիությունը ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու Թուրքիայի եւ Հայաստանի պատրաստակամությունը, – նշել է խոսնակը եւ հավելել:- Եվրամիությունը խրախուսում է Թուրքիային եւ Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության, հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»:
Նրա կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի այդ երկուերկրներիհետ Եվրամիության հարաբերություններում։
«2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնց նպատակն է հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունըեւ հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին», – հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն։
Բացի ԵՄ-ից, ՆԱՏՕ-ն էլ է ողջունել Երեւանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպումը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզը Թվիթերում գրել է. «ՆԱՏՕ-ն սատարում է հարաբերությունների կարգավորումը, ինչը կարող է օգնել տարածաշրջանում կայունության հաստատմանը,եւմենք քաջալերում ենք Անկարային ու Երեւանին շարունակել ջանքերը այս ուղղությամբ»:
Թուրքական մամուլը եւս դրական է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Մասնավորապես, իշխանամետ «Յենիշաֆաք», «Սաբահ», «Միլիյեթ», «Յենիչաղ» պարբերականների գլխագրերը արձանագրում են՝ 13 տարի անց սա Անկարայի ու Երեւանի առաջին հանդիպումն է:
Թուրքական պարբերականներն ընդգծում են՝ կողմերը պայմանավորվել են առանց նախապայմանների երկխոսել:
«Կարնեգի Եվրոպա»հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը, BBC-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական բանակցային նոր գործընթացի հեռանկարի մասին, նշել է, որ, ի տարբերություն կարգավորման նախորդ փորձերի, այս անգամ Թուրքիան ունի դաշնակից Ադրբեջանի համաձայնությունը: Նրա խոսքով՝սահմանների բացումից ավելի շատ կշահի հայկական տնտեսությունը, քանի որ Հայաստանը ելք կունենա դեպի Սեւծովու Եվրոպա: Թուրքական շուկան այդ ազդեցությունը շատ չի զգա, բայց Թուրքիան էլ կստանա ուղիղ կապ Ադրբեջանի հետ: Կա նաեւ Ռուսաստանի շահերի գործոնը՝ սահմանների բացմամբ Ռուսաստանն ու Թուրքիան էլ սովետական շրջանից հետո առաջին անգամ ինչ-որ իմաստով ուղիղ կապ կունենան:
Հավելենք, որ շուրջ մեկուկես ժամ տեւած բանակցություններից հետո Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները նույն հայտարարությունն էին հրապարակել, որտեղ, մասնավորապես, ասված էր. «Դրական եւ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների:
Նաիրա Հովհաննիսյան