ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2021 թվականի ապրիլի 13-ին այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից բարձրացրեց զինծառայողների ընտանիքներին առնչվող մի խնդիր՝ կոչ անելով պատկան մարմիններին կամք ցուցաբերել ու լուծել խնդիրը:

 

«Հովիկը մինչեւ այսօր անհետ կորած է։ Որեւէ մեկը տեղը չգիտի, չգիտենք, թե որտեղ փնտրել։ Նա, լինելով երկկողմանի ծնողազուրկ, զորակոչվել է բանակ։ Ունի երկու եղբայր, խնամակալը հորեղբայրն է։ ՊՆ-ն եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մերժում են Հովիկ Ասատրյանի հարազատ եղբայրներին ճանաչել շահառու եւ փոխհատուցում տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ նրանք չեն մտնում ընտանիքի անդամ համարվողների ցանկի մեջ, այսինքն՝ եղբայրները շահառու չեն համարվում։ Մոտ տասը նման դեպք ունենք։ Կարգավիճակ է պետք է տալ, եւ դա հնարավոր է անել կարճ ժամանակում»,-հավելեց Թագուհի Թովմասյանը։

Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, թե զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում ովքեր են հանդիսանում շահառու: Նրանք են զինծառայողի 1) ամուսինը, 2) զավակը (զավակները), 3) ծնողը (ծնողները): Պատգամավորը կոչ էր անում ընդլայնել շահառուների շրջանակը:

Եվ չնայած այդ ժամանակ իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց պատգամավորի բարձրացրած հարցին, սակայն 2021 թվականի դեկտեմբերի 1-ին, այսինքն՝ ամիսներ անց նմանատիպ մի նախագիծ է ներկայացրել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ առաջարկում է ամրագրել, որ նշված շահառուների բացակայության պարագայում շահառու են համարվում նաեւ զինծառայողի 1) եղբայրը, 2) քույրը, 3) պապը, 4) տատը:

Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորի կողմից առաջարկվող փոփոխությունն ամիսներ անց ներկայացվում է իշխանական պատգամավորի կողմից, ինչպես խորհրդարանի ավանդույթն է

Երեկ այդ նախագիծը քննարկվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, եւ զեկուցողը հենց Հայկ Սարգսյանն էր:  «Նախագծի կարգավորմամբ այն զինծառայողները, ովքեր զոհվել են եւ չունեն կին, երեխա, ծնողներ, փոխհատուցում կստանան նրանց եղբայրները կամ քույրերը»,-ասաց նա՝ հավելելով, որ իրեն հայտնի է դարձել 16 դեպք, երբ կան զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողներ, ովքեր 18 տարեկան են եղել, ամուսնացած չեն եղել, զավակներ չեն ունեցել, չեն ունեցել նաեւ ծնողներ, եւ նրանց հարազատները փոխհատուցում չեն ստացել։

Հայկ Սարգսյանը քննարկման ժամանակ անդրադարձավ այդ դիտարկմանը, որ Թագուհի Թովմասյանը վաղուց էր նման առաջարկով հանդես եկել: «Թագուհի Թովմասյանը օրենքի նախագիծ չի կազմել եւ չի դրել շրջանառության մեջ, հանձնաժողովի ժամանակ քննարկման չի դրել, ելույթի ժամանակ պարզապես ասել է, որ նման խնդիր կա, կոչ է արել ՊՆ-ին զբաղվել։ Բայց, կներեք, մենք պատգամավոր ենք, պետք է միջոցներ ձեռնարկենք, առաջին հերթին նախաձեռնողականություն ցույց տանք, օրենքի նախագիծ մշակենք, քննարկենք, պատկան գերատեսչությունների հետ քննարկում կազմակերպենք»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները, մի շարք հարցեր  բարձրացնելով, նշում էին, որ չեն կարող կողմ չլինել, որ շահառուների հետ կապված հարցը լուծում ստանա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նաեւ հիշեցրեց՝ երբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հիմնադրամի գաղափարը ներկայացրել էր, մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ սվիններով էին ընդունել, «նրանցից այն մարդիկ, ովքեր մեծ արշավ էին իրականացնում «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ, այսօր իշխանության են»։ Հայկ Սարգսյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ կողմ էր քվեարկել։ Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Ես հիշում եմ Նիկոլ Փաշինյանի ելույթը, այո, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հակառակ այս-այս բաների՝ պետք է կողմ քվեարկել, բայց հիշում եմ նաեւ հիմա ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ իր աշխատակազմի շատ կարկառունների, թե ինչպես էին փնովում, ծաղրուծանակի ենթարկում «Ազգ-բանակ» գաղափարը բազմաթիվ ծրագրերի շրջանակներում»,- եզրափակեց նա։

Ն.Հ.

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՓՈԽՎԵԼ Է

Ռուսական խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում կգլխավորի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ Հրամանատարի փոխարինումը տեղի է ունենում պլանային փոխատեղման շրջանակում, սկսվել է գործերի ընդունման-հանձնման ընթացակարգը։ Գեներալ-մայոր Վոլկովը եղել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի փոխհրամանատարը 2020թ. նոյեմբերից մինչեւ 2021թ. մայիս, երբ խաղաղապահների հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ներկայում Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետն է։ Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։

 

 

ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են: ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ 2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 240 հազար 7 տոննա հաց, մինչդեռ 2020-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 245 հազար 639 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները նախորդ տարվա 11 ամիսներին 2.3 տոկոսով է նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է ոչ միայն մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ, այլեւ գնողունակության անկմամբ, քանի որ բնակչության գերակշիռ մասը վերջին շրջանում նախընտրում է հաց գնել ոչ թե խանութից, այլ թխել տանը:

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ առաջարկում է նվազագույն աշխատավարձ 68 հազար դրամը փոխարինել 100 հազար դրամով: Հիմնավորման մեջ խմբակցությունը նշում է, որ թանկացել են մի շարք ապրանքատեսակներ, բացի այդ, ավելացել է ջրի սակագինը, չի բացառվում՝ նաեւ գազի սակագինը բարձրանա: Եվ հաշվի առնելով այս ամենը՝ ընդդիմադիր խմբակցությունը նվազագույն աշխատավարձի նման բարձրացում է առաջարկում՝ ընդգծելով, թե սպառողական զամբյուղն էլ 70 հազար դրամ է կազմում: Հավելենք, որ կառավարությունն իր ծրագրով ստանձնել էր պարտավորություն նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ:

 

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում բնակարանների գները բարձրացել են. ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում զգալի բարձրացել են, ընդ որում՝ բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում: ArmLur.am-ը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 7300 դրամով. այն գերազանցում է 1300 դոլարը: Եթե հոկտեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 665 հազար դրամ, նոյեմբերին այն դարձել է 672 հազար 300 դրամ: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2000 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 10 հազար 50 դրամով: Նկատենք, որ մեկ ամսվա ընթացքում ավելի քան 10000 դրամով թանկացումը խիստ մտահոգիչ է: Իսկ, ահա, Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 7300 դրամով: Աջափնյակ վարչական շրջանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 9500 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 345 հազար դրամով, մինչդեռ հոկտեմբերին արժեցել է 335 հազար 100 դրամ:

Ավանում բնակարանի մեկ քմ-ն 310 հազար 500 դրամ է, Մալաթիա-Սեբաստիայում` 310 հազար դրամ, Նոր-Նորքում` 312 հազար 500 դրամ: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ հոկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 186 հազար դրամ, իսկ նոյեմբերին՝ 189 հազար դրամ: Մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում անշարժ գույքն է՛լ ավելի է թանկանալու:

 

ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է: Մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 32 հազար 968, 2020-ի նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 33 հազար 346: Նախորդ տարվա 11 ամիսներին Հայաստանում ծնվել է 33 հազար 587 երեխա: Բացի այս, ավելացել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 418-ից հասնելով 462-ի: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արձանագրվել է  0-1 տարեկան մահերի 232 դեպք, 0-4 տարեկան՝ 262 մահվան դեպք: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվը ավելացել է 133-ով:

 

 




Լրահոս