ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը հայտնեց, որ նոյեմբերի 16-ի հակառակորդի կողմից գերեվարված եւ այժմ Հայաստանի Հանրապետության իրավապահների կողմից կալանավորված զինծառայողներից երկու հոգու վիրահատել են: Ավելին, Սիրանույշ Սահակյանը հայտնեց, որ այցելել են զինծառայողներին եւ ծանոթացել նրանց վիճակին: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այս գործով ուշագրավ դեպքեր են սպասվում:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին արյունալի բախումներ էին տեղի ունեցել Հայաստանի արեւելյան սահմանին։ Հայկական կողմը հաղորդել էր 6 զոհի եւ ավելի քան երեք տասնյակ գերեվարվածների մասին: Նրանցից երեքի դիերը նոյեմբերի 17-ին եւ 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) նոյեմբերի 26-ին եւ դեկտեմբերի 4-ին վերադարձվել էին հայկական կողմին, 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչեւ օրս անհայտ է

Արդյունքում ադրբեջանական գերությունից մեկ շաբաթ առաջ Հայաստան վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել են նոյեմբերի 16-ին Սյունիքի ու Վայոց ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու եւ փախուստի դիմելու համար. հայտնում է Քննչական կոմիտեն։

Տվյալ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երեմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է, մեղադրող դատախազը դիմել է Վերաքննիչ դատարան։ Քննչական կոմիտեն նաեւ հայտնում է, որ կալանավորված 4 զինծառայողներից մեկը եղել է դիրքի պատասխանատուն, մյուսը՝ ավագը, իսկ հաջորդ երկուսը՝ դիրքի դիտորդները։

«Մասնավորապես՝ մարտական հերթափոխություն իրականացնող դիրքերի զինծառայողները, տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն, փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած զինծառայողների հետ, որոնք փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնողներին։ Դիրքերի անձնակազմը, նշված գործողությունները կատարելու փոխարեն, թողել է մարտական դիրքերը եւ դիմել փախուստի, որի հետեւանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ»,-մանրամասնել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:

Քննչական կոմիտեից նաեւ փոխանցել էին, որ դիրքերը թողած 5 զինծառայողները մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում, իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

30 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը:

 

Հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը եւ անտառպահպանության ինժեները, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ եւ հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ եւ սահմանված ժամկետում ներկայացնել անտառապետին, ստուգել բնափայտի մթերման եւ այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ չեն կատարել: Մասնավորապես, նրանց կողմից նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացվել, ինչի հետեւանքով հետագայում կատարված ստուգմամբ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության թվով երեք պահաբաժիններում հայտնաբերվել են 344 տարբեր տեսակի եւ տրամագծերով ծառերի ապօրինի հատման փաստեր: Դրա  հետեւանքով  բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30?000.000 ՀՀ դրամի չափով վնաս։

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:  Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք: Դատախազը քրեադատավարական օրենքի տիրույթում քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան պետությանը պատճառված վնասը բռնագանձելու համար։

Պայթուցիկի համար

Ոստիկանությունը հայտնել էր, որ հունվարի 9-ին՝ ժամը 04.13-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Կորյունի փողոցի ակումբում պայթուցիկ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու փրկարարները զննությամբ ոչինչ չեն հայտնաբերել: Պարզվել է կեղծ ահազանգը կատարած անձի ինքնությունը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը՝ ժամը 12.10-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։ Կատարվում է քննություն։ Նշենք, որ երիտասարդ տղան, որին իրավապահները ռումբի կեղծ ահազանգի մասով բաժին էին տարել, բաժնում ասել է, թե ինչու է այդ քայլին գնացել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին պատմել է, որ իրեն թույլ չեն տվել ակումբ մուտք գործել, ինչի համար էլ նա ահազանգել է եւ ասել, թե ակումբում պայթուցիկ նյութ կա: Ասել է թե՝ վրեժ է լուծել իրեն ակումբ չթողնելու համար եւ այս քայլով հարամել է ակումբի առօրյան:

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործով ԱԱԾ-ն հարցաքննել է ՊՆ 20 պաշտոնյայի: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործով ԱԱԾ-ն, բացի մեղադրյալներից, հարցաքննել է ՊՆ մոտ 20 պաշտոնյայի, որոնց մի մասը ավիացիայի վարչության աշխատակիցներ են, որոնք առնչվել են հրթիռների ձեռք բերման գործին: Հարցաքննվել են նաեւ ՊՆ նախկին նախարարի տեղակալները, ֆինանսական մասով պատասխանատուները, նախարարության դեպարտամենտի աշխատակիցներ: Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու եւս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: Ի դեպ, մեղադրյալներից է նաեւ ԳՇ պետի տեղակալ Արտակ Դավթյանը, որին ցանկանում են պաշտոնից ազատել, սակայն նրան փոխարինող չեն գտնում, իսկ քաղաքական իշխանությունը ում էլ առաջարկում է, նրանց մերժում են՝ ասելով, թե չեն կարող: Հավելենք, որ 2021-ի տարեվերջին այս գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, ու կողմերին ժամանակ էր տրամադրվել նյութերին ծանոթանալու համար: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐԱԶԱՏԸ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսում կրակոցներ իրականացրած անձը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարազատներից Արթուր Ճաղարյանն է, որը կրակոցները արձակել է ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպով վրեժխնդիր լինելու համար, ասել է թե՝ վենդետա է արել: Բան այն է, որ Գորիսում ամիսներ առաջ ծեծել էին Առուշ Առուշանյանի քրոջ որդուն,  ինչից հետո նրա հողեբայրը՝ Արտակ Ճաղարյանը, դեպքից մի քանի ամիս անց որոշել է վերժխնդիր լինել իր  եղբոր որդու ծեծի համար, զենքով գնացել է սպանելու BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ իմանալով, թե նա մեքենայի մեջ է, սակայն վարորդը մեքենայի մեջ  չի եղել: Նշենք, որ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին, որը կասկածվում է  իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ: Գորիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս:

 

 




Լրահոս