ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ: Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Առաջին անգամ է, որ արձանագրում ենք վարակի վերարտադրողական այսպիսի բարձր ցուցանիշ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը՝ ինչը խոսում է վարակի տարածման տեմպերի մասին, արդեն 2.3 է կազմում: Ունենք հիվանդացության մակարդակի բարձրացում բոլոր մանկապատանեկան տարիքային խմբերում: Եթե մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը, ըստ ԵՄ չափանիշների, գտնվում էր կանաչ գոտում, ապա վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնվեցինք նարնջագույն գոտում»,- ասել է Ռոմելլա Աբովյանը:

 

Այս հիվանդությունը՝ ըստ մասնագետի, համաճարակաբանական օրինաչափություններին չի ենթարկվում, չունի սեզոնայնություն: Փոխարենը 3-4 ամիսը մեկ դիտարկվում է վարակի ալիքների վերելք եւ անկում: Մասնագետի խոսքով, թե այդ ալիքների ժամանակ գրանցած դեպքերի թիվը որքան կլինի, դա արդեն կախված է տվյալ երկրում ձեռնարկվող միջոցառումներից: «Եթե չունենանք սահմանափակումներ, ապա, օրինակ, վարակի չորրորդ ալիքի ժամանակ կարող էինք ունենալ 2.500-3.000 դեպք: Այնպես որ, շատ կարեւոր է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, հակահամաճարակային կանոնների պահպանումը: Նշեմ նաեւ, որ մեզ մոտ առկա է նոր շտամի՝ օմիկրոնի դեպք: Երկու բերովի դեպք ունենք, բայց չի բացառվում, որ արդեն իսկ մեր երկրում այն շրջանառվում է»,- ասել է մասնագետը՝ ընդգծելով, որ միակ կանխարգելիչ միջոցառումը պատվաստումն է:

Ըստ Ռ. Աբովյանի բուստեր-չափաբաժնով պատվաստվելը  բավականին արդյունավետ է նաեւ օմիկրոնի դեմ պայքարում: Նա նշել է, որ եթե արդեն կա օմիկրոն շտամով վարակման երկու դեպք՝ որպես մասնագետ չի բացառում, որ օմիկրոնը արդեն շրջանառվում է նաեւ Հայաստանում: Եթե ամբողջ աշխարհում եւ մեր հարեւան երկրներում կա, բնականաբար, Հայաստանը չէր կարող զերծ մնալ: «Այս պահին որոշ խմբերի շրջանակներում պարբերաբար իրականացվում են այդ հետազոտությունները, տվյալ դեպքում  նմուշները վերցրել են սահմանի անցման կետ մուտք գործած անձանցից: Գործընթացը շարունակական է, մեր հետազոտությունները շարունակվում են տարբեր խմբերի բուժառուների շրջանակում, ովքեր ունեն ախտանշաններ, որպեսզի պարզենք, թե որտեղի՞ց է անջատվում օմիկրոնը, այսինքն՝ ունենք շրջանառություն, թե ոչ: Հաստատված  երկու դեպքերը ՀՀ քաղաքացիներ են՝ կլինիկական թեթեւ ընթացքով: Նրանք բուժումը ստանում են տանը»,- ասել է մասնագետը:

Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ օմիկրոնի ախտանշանները շատ նման են այլ շտամներով վարակված անձանց մոտ առկա  ախտանշաններին՝ ջերմության բարձրացում, հազ, քթից արտահոսք, մկանացավ: «Ըստ միջազգային կազմակերպության հետազոտության տվյալների՝ օմիկրոնի պարագայում շատ ավելի քիչ է ախտահարվում թոքային հյուսվածքը, եւ թոքաբորբեր ավելի քիչ են առաջանում: Սա ասում եմ այսօրվա տվյալով, քանի որ այն անընդհատ շարունակական հետազոտության փուլում է, եւ չի բացառվում, որ մի քանի օր հետո նոր տեղեկատվություն ունենանք»,- ասել է նա:

Ն. Պ.

 

 

 

ՊԱՀԱՆՋ ԿԱՄՐԱԳՐՎԻ

Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն օրենսդրորեն կամրագրվի:  Գործադիրը վերջերս հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունները:

«Յուրաքանչյուր պետության համար պետականության հաստատման գործում չափազանց մեծ նշանակություն ունեն պետական խորհրդանիշերը, որոնք ունեն հսկայական բարոյահոգեբանական նշանակություն: Ըստ էության՝ նաեւ պետական խորհրդանիշերի հանդեպ ունեցած վերաբերմունքով է պայմանավորվում մեր վերաբերմունքը  պետականության հանդեպ: Քայլերը, որոնք ձեռնարկում է կառավարությունը, ուղղված են հանրային գիտակցության մեջ ընդգծելու այդ արժեքների կարեւորությունը: Առաջարկվում է դրոշը նախադպրոցական, հանրակրթական բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական մարզական մշակութային կազմակերպությունների պետության համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն ամրագրել»,-նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

 

 

 

ԾԱԽՍԵՐԸ ԿՀԱՏՈՒՑՎԵՆ

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք, կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելու մասին նախագիծը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վերջիններիս տրամադրել ամբողջական փոխհատուցում` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայություններից օգտվելու համար։ «Գործող կարգավորումներով՝  զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է որոշակի հնարավորություն՝ օգտվելու սահմանափակ կամ արտոնյալ վերարտադրողական բուժօգնության ծառայություններից, սակայն ֆինանսավորմամբ ամբողջապես չեն ծածկվում ծախսերը: Մասնավորապես՝ չեն ծածկում փոխնակ մոր, դոնորական ծառայությունների ծախսերը: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, եւ քանի որ ծառայությունները թանկ են, հետեւաբար չեն կարողանում իրականացնել իրենց որոշումը: Այս նախագծի ընդունմամբ վերը նշված ծառայությունների համար ծախսերն ամբողջությամբ կիրականցվեն պետության կողմից»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

 

 

298 ՆՈՐ ԴԵՊՔ

Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը, կորոնավիրուսի համավարակի համատեքստում, Եվրամիության չափորոշիչներով կանաչ գոտում էր: Սակայն նախորդ 2-3 օրվա ընթացքում երկիրը կտրուկ մտավ նարնջագույն գոտի: Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ երկրում վերջին օրերին գրանցվում է հիվանդացության կտրուկ աճ, իսկ վարակի վերարտադրողության ցուցանիշը աճել է եւ հասել է 2.3-ի: Հիշեցնենք, որ հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, 5763 թեստավորում, 111 առողջացած, 4 մահվան դեպք: Այս պահի դրությամբ փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով 8014 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է: Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում:

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

2021 թվականի օգոստոսի 17-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ-ում ոստիկանության Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների հետ, Ջրաշեն գյուղում հայտնաբերել եւ ոստիկանության Արտաշատի բաժին բերման էին ենթարկել ԱՄՆ 43-ամյա մի քաղաքացու: Նա միջազգային մակարդակով հետախուզվում էր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի քրեական օրենսգրքի` երեխայի բռնաբարություն, երեխայի հետ շարունակական սեռական հարաբերություն եւ անառակաբարո գործողություններ, անչափահասների կոռուպցիա հոդվածների հատկանիշներով։ Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողը ձերբակալվել, այնուհետեւ կալանավորվել էր: Հունվարի 10-ին, ինչպես ՀՀ ոստիկանության եւ Գլխավոր դատախազության, այնպես էլ ԱՄՆ մի շարք իրավապահ մարմինների ներկայացուցիչների, նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ հետախուզվողն էքստրադիցիայի ենթարկվեց ԱՄՆ:

 




Լրահոս