ՀԱԿԱՀԱՅ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը գնահատական չի տալիս Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների՝ օրերս Մոսկվայում կայացած հանդիպմանը։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց՝ թող քաղաքացիները դատեն՝ ինչ կարող է նշանակել թուրքի հետ առանց նախապայմանների սեղանի շուրջը նստելը։

 

-Պարո՛ն Մամիջանյան, կարծես թե,  Հայաստանը Թուրքիայի հետ սկսում է առանց որեւէ հավելյալ պարտավորությունների, խոսքերի բաց եւ հրապարակային բանակցություն: Ի՞նչ ազդակ է սա: Առաջին փորձը չէ Թուրքիայի հետ շփվելու, բայց այս անգամ բոլորովին այլ է ֆորմատը:

-Այո, այս անգամ բոլորովին այլ է ֆորմատը: Առաջին հերթին ես այդքան էլ համաձայն չեմ այն պնդմանը, որ ամեն ինչ բացահայտ է, որովհետեւ գործընթացի բոլոր օրերի հետ կապված մենք Հայաստանի գերատեսչությունների կողմից տեղեկություն ստացել ենք այն բանից հետո, երբ դա բարձրաձայնվել է Թուրքիայի այս կամ այն պաշտոնյայի կողմից: Օրինակ՝ ինձ համար բացահայտում է, որ վերջերս Ստոկհոլմում հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Դրա մասին հայկական կողմը որեւէ հայտարարություն չի արել: Ավելին ասեմ, զուգահեռներ տանել նախորդիվ տեղի ունեցած գործողություններին անընդունելի է, որովհետեւ թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակն էր այլ, թե՛ դրան նախորդող իրադարձություններն էին այլ: Ինչ վերաբերում է առանց նախապայմանների գործընթացի մեկնարկին, Հայաստանը, ցավոք սրտի, փաստացի կատարել է Թուրքիայի վաղեմի բոլոր նախապայմանները: Թուրք որոշ պաշտոնյաների այսպես կոչված միջանցքային տրամաբանության հետ կապված հայտարարություններին որեւէ արձագանք չի լինում: Հայկական կողմից միակ արձագանքը եղել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կոմղից,  երբ ասել էր՝ եկեք նստենք սեղանի շուրջ, զրուցենք, միգուցե հասկանանք, իրենք միջանցք ասելով՝ նկատի ունեն այն, ինչ որ մենք ենք ասում: Իրենք եթե մի հայտարարություն են անում, որը հակահայկական է եւ մեր երկրի շահերի դեմ է ուղղված, շատ հետամուտ են լինում դրանց իրականացմանը: Այս պահի դրությամբ մենք այս օրակարգով, այս ելքային մակարդակով սա բացասաբար է ազդելու թե՛ Հայաստանի ապագայի, թե՛ Արցախի հակամարտության վրա:

-Երբ ասում եմ, որ առավել բաց է տեղեկությունը,  խոսքը նաեւ հենց Թուրքիայի մասին է, որովհետեւ նախկինում  մենք  չէինք լսի, որ թուրքական կողմը կամ մամուլը կխոսեր ինչ-ինչ իրադրություններից: Հիմա սա ինչի՞ մասին է վկայում: Այսինքն՝ իրենք թաքցնելու բան  չունե՞ն, թե՞ բոլորովին այլ բան:

-Գործընթացը համակարգողները, մեղմ ասած, չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում: Երբեք թուրքակական մամուլում տեղ գտած այս կամ այն հայտարարությունը, մանրամասները հանկարածակի չեն հայտնվում այնտեղ: Դա նպատակաուղղված տեղեկատվական քաղաքականության արդյունք է ու  այն պնդում, որ գործընթացը բաց է եւ թափանցիկ Թուրքիայի շնորհիվ. եթե իշխանություն կոչվածը համաձայն է այդ պնդմանը հետ, ապա այո:

-Ի՞նչ է նշանակում այս կարգավիճակով գնալ այս գործընթացին: Ասացիք, որ ապագայի վրա հետք է թողնելու: Կմանրամասնե՞ք:

-Թուրքիայի խորհրդարանում իրենց փոխնախագահը բյուջերի քննարկման ժամանակ բացահայտ ասաց, որ թուրքական հատուկ ծառայություններից մեկը ակտիվորեն ներգարվված է եղել 44-օրյա պատերազմին եւ Ադրբեջանի ձեռք բերած արդյունքներում իր դերակատարումն ունի: Դրան զրո արձագանք է եղել հայկական կողմից:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ԱՆՀԱՅՏ

Ծովագյուղ,  Սեմյոնովկա համայնքների խոշորացման ճակատագիրը դեռ շարունակում է անորոշ մնալ։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի գյուղապետարանների աշխատանքները պարալիզացված են, չեն աշխատում։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։ Օրինակ՝ ծովագյուղցիները մասնավոր զրույցներում հպարտորեն հայտարարում են, որ իրենց գյուղի մասով «հատուկ որոշում է լինելու»։

 

Ծովագյուղի բնակիչները հույս ունեն, որ իրենց համայնքին միանալու է միայն Սեմյոնովկա գյուղը։ Ավելի քան մեկ ամիս է, ինչ գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։ Այս հարցում կառավարությունը կարծես թե լուռ է, համենայնդեպս այս ընթացքում որեւէ պաշտոնական հայտարարություն չկա։ «Ժողովուրդ»  օրաթերթը, դիմելով կողմերին, հետաքրքրվեց, թե ի վերջո ինչ ճակատագիր է սպասվում այս գյուղերին։ Նախ զրուցեցինք Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանի հետ, որը «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով. «Ոնց կորոշեն… Սպասում ենք, չգիտենք։ Հուսով ենք, որ լավ կլինի։ Գյուղապետարանը չի աշխատում, սպասում ենք որոշման»։

Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզպետարանում եւս տեղյակ չեն, թե ինչ է լինելու այս գյուղերի հետ։ Մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ես ոչ մի ինֆորմացիա չունեմ, հստակ տեղեկություն դուք կարող եք ստանալ Սեւան խոշորացված համայնքի ղեկավարից»։

Բայց Սեւան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը կարճ պատասխանեց հարցին՝ նշելով. «Այս պահին անորոշ է, սպասում ենք, տեսնենք, թե ինչ որոշում կլինի»։ Բոլորը շունչները պահած սպասում են, գյուղապետերաննները տեւական ժամանակ է՝ չեն աշխատում, իսկ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում։ Հարցին պատասխան ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են եւ ներառված են Սեւան համայնքի մեջ։ Ասել է թե՝ հարցի լուծման այլ տարբերակ չկա։

 

 

 

ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա 11 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 31 հազար 713 մարդ, իսկ 2020-ին՝ 31 հազար 580 մարդ, 2019-ին՝ 23 հազար 782: Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 15 հազար 68 մարդ: Այսինքն՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները գլխավորում են մահվան հիմնական պատճառների ցանկը եւ տարածվածության, մահացության ցուցանիշով առաջին տեղում են ամբողջ աշխարհում: Նշենք, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: Մահվան ամենատարածված պատճառների ցանկում երկրորդ հորիզոնականում նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին մահացել է 4905 մարդ: Մասնագետները պնդում են, որ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում նշված երկու հիվանդությունների աճի վրա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարսողական օրգանների հիվանդություններից մահացել է 1135 մարդ, իսկ ՄԻԱՎ-ով հարուցված հիվանդություններից՝ 34 մարդ: Ի դեպ, այս ցուցանիշը 17-ով աճել է, ինչը խիստ մտահոգիչ է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այլ հիվանդություններից մահացել է 1501 քաղաքացի: Նշենք, որ Covid-19-ը անցյալ տարվա 11 ամիսներին խլել է 5079 մարդու կյանք: Այս ցուցանիշը, ցավոք, եւս աճել է 2470-ով:

 

 

 

«ՍԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է»

Հայաստանի իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նպատակը կարող է լինել Ղարաբաղից եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջներից հրաժարումը, ինչն արդյունքում կդառնա Երրորդ Հանրապետության վերջը, որը ղարաբաղյան շարժման հենակետն է։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը կատարում է Թուրքիայի նախապայմանները. նրանք հանձնեցին Ղարաբաղի տարածքները, Նիկոլ Փաշինյանը վախենում է Հադրութն ու Շուշին օկուպացված անվանել, պատերազմից հետո Ղարաբաղ չի այցելում, ոչինչ չի խոսում Հայոց ցեղասպանության մասին։  Շարմազանովը Հայաստանի համար ստեղծված իրավիճակում անընդունելի է համարում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ այն օրինականացնում է Թուրքիայի պահանջները։ «Սա հանցագործություն է»,-համոզմունք է հայտնել ՀՀԿ խոսնակը։

 

 




Լրահոս