ԳԵՐԵԶՄԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի դատախազությունում ուսումնասիրության են ենթարկվել Երեւան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարված առերեւույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մի շարք քրեական գործերի նյութեր: Դատախազությունից հայտնել են, որ արդյունքում պարզվել են, որ Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խւմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո անգամ հարուցված քրեական գործերի պայմաններում տարբեր գերեզմանատներում շարունակվում են արձանագրվել աղաղակող խախտումներ: Պարզվել է, որ մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմաններ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից եւ հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը:

 

Օրինակ՝ քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Սիլիկյան» բաց գերեզմանատան կողմից տրամադրված գերեզմանատեղերը եղել են օրենքով սահմանված չափերից ավելի: Գերեզմանատան վարիչը նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը պատճառված 1.530.000 ՀՀ դրամ վնասը, սակայն քրեական գործի նախաքննությանը զուգահեռ շարունակել է դրսեւորել հանցավոր վարքագիծ, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույնիսկ այն գերեզմանատներում, որտեղ նախկին վարիչներն ազատվել են աշխատանքից, հետագայում նույնաբնույթ խախտումները շարունակվել են, ավելին՝ գերեզմանատներում գործել է հանցանքների կատարման նույն մեխանիզմը: Բացի այդ, պարզվել է, որ ե՛ւ բաց, ե՛ւ փակ գերեզմանատեղիներում առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավելի տարածքներ, ինչի պատճառով գերեզմանտեղիներում տարածքների սղություն է առաջանում, եւ ազատ տեղեր չլինելու պատճառով դրանք դառնում են փակ գերեզմանատեղիներ: Հուղարկավորություն իրականացրած անձինք ավել տարածքների զավթումը պատճառաբանում են բետոնապատման աշխատանքներով կամ իրենց կողմից ուղղակի, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու ավել տարածք զբաղեցնելու որոշմամբ: Այսինքն՝ բաց եւ փակ գերեզմանատների վարիչները պատշաճ հսկողություն չեն իրականացրել իրենց ղեկավարած գերեզմանատներում՝ նոր գերեզմանատեղերի՝ օրենքով նախատեսված չափերով տրամադրման եւ այդ գերեզմանատեղերի չափերի պահպանման նկատմամբ: Իսկ կաշառք ստանալու վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ գերեզմանատան վարիչները կամ հսկիչները գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջել գերեզմանատեղի տրամադրման համար եւ նշված աշխատանքների համար  տարբեր անձանցից տարբեր չափի գումարներ պահանջել:

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ, որոնց մեջ ներառված են գերեզմանահորի փորումը, գերեզմանի բարեկագումը, այսինքն՝ սալիկապատում կամ բետոնապատումը, եւ այլն: ՀՈԱԿ-ում առկա է հստակ սահմանված գնացուցակ վերոհիշյալ ծառայությունների համար, որի վճարումները եւս քաղաքացիների կողմից պետք է իրականացվեն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով: Այսինքն՝ գերեզմանի վարիչները եւ հսկիչները նման ծառայություններ մատուցելու իրավասություն չունեն, այն ՀՈԱԿ-ի կողմից բացված ձեռնարկատիրական կազմակերպության բացառիկ լիազորությունն է, մինչդեռ գերեզմանատների վարիչները եւ հսկիչները, շրջանցելով օրինական ճանապարհը, տեղերում առաջարկում են իրենց կողմից վերհիշյալ ծառայությունների մատուցումը՝ դրա մեջ նաեւ առանձին դեպքերում ներառելով գերեզմանատեղի հատկացման համար վճար: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն օրենսդրական կարգավորումն ի զորու չէ ապահովել օրենքով սահմանված գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանումը, եւ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել քաղաքացիների կողմից նման հողազավթումները հայտնաբերելու եւ վերացնելու համար: Ելներով ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ իրողություններից՝ Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը շարունակվող հանցավոր խախտումները, կոռուպցիոն տարածված սխեմաները վերացնելուն, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները չեզոքացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնոդրագրով դիմել է Երեւանի քաղաքապետին:

Ն. Պ.

 

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հունվարի 19-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից, որը հայտնել է, որ գալով տուն՝ հայտնաբերել է տունը թալանված: Տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին եւ քննիչներին հայտնել է,  որ,  հավանաբար,  հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից  մինչեւ  ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան եւ այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր: Փաստի առթիվ քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են  նախապատրաստվում: Լ. Փաշինյանը ոստիկաններին եւ քննիչներին հայտնել է նաեւ, որ ինքը աշխատում է հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:

 

 

ԳՈՒՄԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ

2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22.45-ին, Շենգավիթի ոստիկանության բաժին հաղորդում էր ստացվել, որ 1-02 զանգած տղամարդը հայտնել է, որ ՍՊ ընկերություններից մեկի դրամարկղից գումար են գողացել: Պարզվել է, որ որ ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք բժշկական դիմակով մուտք էին գործել ՍՊԸ գանձապահի աշխատասենյակ եւ բացահայտ հափշտակել մոտ 13 միլիոն դրամ: Փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը: Երեւանի բնակիչներ 30 եւ 34 տարեկան երկու տղամարդիկ հունվարի 18-ին Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից Շահամիրյանների փողոցում հայտնաբերվել եւ, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին ու ձերբակալվել: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑ ՈՒ ԱՐԳԵԼՎԱԾ ԻՐԵՐ

Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել նույն հիմնարկի մի շարք ծառայողների: ՔԿԾ-ից տեղեկացրել են, որ իրականացվող գործողությունների ընթացքում զննության ենթակա ծառայողներից մեկը փորձել է արգելված առարկաներ աննկատ թաքցնել պահարանում, սակայն նրան չի հաջողվել ավարտին հասցնել գործողությունը, եւ նրա մոտ առկա առարկաներն առգրավվել են: Զննությամբ պարզվել է, որ վերոնշյալ ծառայողը փորձել է թաքցնել 3 բջջային հեռախոս եւ փաթեթ, որում առկա են եղել Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, տարբեր ձեւով փաթեթավորված, ընդհանուր 56 գրամ քաշով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ: Ծառայողը բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածները գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, առերեւույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է, իրականացվում է նախաքննություն։

 

 

 

ՄԻ ՇԱՐՔ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Պետական եկամուտների կոմիտեն 2021թ. 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է փոխկապակցվածության, ինչպես նաեւ գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր: Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 71 որոշում՝ ընդհանուր շուրջ 38.7 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ 7 վարչական ակտերով նախատեսվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը:

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2021թ. 4-րդ եռամսյակի ընթացքում ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված միջոցառումների արդյունքում 12 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ նախագահի համապատասխան որոշումներով այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված:




Լրահոս