Այս տարվա հունվարի 1-ից վարկառուն պետք է եկամտային հարկի գումարի վերադարձի դիմումը ներկայացնի բացառապես էլեկտրոնային եղանակով: Նախկինում գործում էր նաեւ Պետական եկամուտների սպասարկման սրահներ այցելելու տարբերակը: Այս մասին ասել է պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը: Նա ներկայացրել է համակարգը, եւ թե ինչպես պետք է շահառուներն օգտվեն այդ հարթակից: Ըստ նրա՝ եթե նախկինում շահառուն բանկերից, վարկային կազմակերպություններից վերցնում էր տեղեկանք, լրացնում դիմում եւ ներկայացնում ՊԵԿ, ապա հիմա դրա անհարժեշտությունը չկա. շահառուները կարող են էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնել դիմումները: Նախ՝ շահառուն պետք է բանկերին եւ վարկային կազմակերպություններին տա համաձայնություն, որպեսզի նրանք կարողանան ՊԵԿ-ին ներկայացնել շահառուների կողմից վճարված տոկոսագումարի վերաբերյալ տեղեկատվությունը:
Հաջորդ քայլով շահառուն պետք է գրանցվի էլեկտրոնային հարթակում, որի համար պետք է ՊԵԿ-ին ներկայացնի էլեկտրոնային փոստի հասցե: Ինչպես Արմինե Հովսեփյանը նշել է, շահառուն էլեկտրոնային հասցե կարող է տրամադրել՝ նաեւ ներկայանալով սպասարկման սրահ, կամ էլեկտրոնային եղանակով անձնական էլհասցեն ուղարկել ՊԵԿ-ի կայք էջում տեղադրված էլեկտրոնային հասցեներին, եւ եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն, դրանով ստորագրել հայտն ու ներկայացնել ՊԵԿ-ին. «Այդ գործողություններից հետո շահառուին տրամադրվում է հղում եւ շահառուն, անցնելով այդ հղումով, կարող է լրացնել հանրային ծառայության համարանիշը, մուտքանուն եւ գաղտնաբառ եւ մուտք գործել էլեկտրոնային հարթակ: Եթե շահառուն մոռանում է մուտքանունը կամ գաղտնաբառը, կա կոճակ, որտեղ սեղմելով՝ ՊԵԿ-ի կողմից դարձյալ ուղարկվում են այդ տվյալները»,-պարզաբանել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուները կարող են իրենց բանկային հաշիվներին ստանալ եկամտահարկի վերադարձի գումարը, բայց լինում են դեպքեր, որ գումարը շահառուին հասնում է դիմումը լրացնելուց կես ժամ հետո: Արմինե Հովսեփյանի տվյալներով՝ նոր համակարգին անցնելուց հետո 2 հազար 346 շահառու արդեն ստացել են իրենց գումարները, որն, ընդհանուր առմամբ, կազմել է 1 միլիարդ դրամ: Նրանք գումարները ստացել են 1 օրվա ընթացքում: Կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ նախկինում սահմանված էր առավելագույնը 19 աշխատանքային օր: 2020 թվականին եկամտային հարկի վերադարձի գումարներ ստացող շահառուների թիվը եղել է 12 հազար 322, եւ վերադարձվել է 13, 3 միլիարդ դրամ:
2021-ին վերադարձվել է 22,7 միլիարդ դրամ, շահառուների թիվը կազմել է 21 հազար: Արմինե Հովսեփյանը նշել է, որ հիմնական շահառուները բնակարանները ձեռք են բերել Երեւանում: Դիտարկմանը՝ շահառուները դժգոհություն ունեն, որ դիմումն ուղարկելուց հետո ծանուցում չեն ստանում՝ արդյոք այն անխափան տեղ է հասել, տիկին Հովսեփյանն ասել է, որ իրենք էլ նման բողոքներ ստացել են եւ հիմա համակարգում փոփոխություններ են կատարում, որպեսզի շահառուն պատշաճ ծանուցվի:
Ն. Պ.
ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԹՄՐԱՄԻՋՈՑ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Առողջապահության եւ Արդարադատության նախարարությունների ՊՈԱԿ-ներին թույլատրել թմրամիջոցները եւ հոգեմետ նյութերը փորձագիտական նպատակներով օգտագործելը: Ազգային ժողովում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ «Օրենքի առաջին մասում ֆիքսված է, որ այն լիզենզավորման ենթակա գործունեություն է, երկրորդ մասում նախատեսված են բացառություններ։ Բացառության մեջ ներառված են Արդարադատության նախարարության եւ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ները, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը։ Մեկ ՊՈԱԿ դուրս էր մնացել բացառությունից՝ ԳԱԱ համակարգում գործող ՊՈԱԿ-ը, որը բավականին ծավալի փորձաքննություն էր իրականացնում հոգեմետ եւ հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ, եւ դրա հանդեպ որոշակի խտրական մոտեցում կար: Այդ մոտեցումը վերացնելու համար, նաեւ հաշվի առնելով, որ գործ ունենք հոգեմետ եւ հոգեներգործուն նյութերի հետ՝ առաջարկվում է բացառությունները հանել եւ բոլոր ՊՈԱԿ-ներին տալ համապատասխան լիցենզիա՝ այդ նյութերի օգտագործմամբ փորձաքննություն իրականացնելու համար»,- ասել է Զեյնալյանը։ Պատգամավորի խոսքով՝ բացառությունների մեջ միայն մնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, քանի որ այն հանդիսանում է վերահսկող մարմին եւ ոստիկանության ստորաբաժանում է, այլ ոչ թե ՊՈԱԿ, եւ լիցենզավորման ենթակա չէ։ «Անցումային դրույթներով նախատեսում ենք 3 ամիս ժամկետ, որպեսզի նշված ՊՈԱԿ-ները հասցնեն դիմել լիցենզավորման»,- եզրափակել է պատգամավորը:
ՍԱՐՍԱՓԵԼԻ Է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է Առողջապահության նախարարության քաղաքականությանը։ «Երբ Սահմանադրական դատարանում քննարկվում էր պարտադիր պատվաստման հարցը, Առողջապահության նախարարության հիմնավորումները լսելիս ես հասկացա, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վիճակում, քանի որ առողջապահության քաղաքականությունը իրականացնում են մարդիկ, որոնք այդ որոշումները կայացնելուց առաջնորդվում են ինչ-որ ամերիկյան կայքի հրապարակած նյութերով»,- ասել է նա։ Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից՝ պատգամավորն ասել է. «Ձեր նպատակը ոչ թե այսպես կոչված համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը, այսինքն՝ հնարավորինս ավելի շատ պատվաստվել»։ Ըստ Գ. Մանուկյանի՝ իշխանությունը հրապարակում է թվեր, որ 1,5 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել, բայց չի ասում՝ որքան մարդ է ընդհանրապես ապրում Հայաստանում։ Նա հարց բարձրացրեց, թե այդ պատվաստվածների թվի մեջ նկատի ունեն միայն ՀՀ քաղաքացիներին, թե Իրանից եւ Չինաստանից եկած քաղաքացիներին եւս։ «Դուք այնքան պարզ ու պրիմիտիվ եք շարժվում, որ մեկ շաբաթ առաջ ազդարարում եք, որ, ահա, Օմիկրոնը գալու է, մեկ շաբաթ հետո ասում եք՝ եկավ»,-ասել է նա։
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով դեռեւս չի ձեւավորվել, քննարկվում են պայմանները, որոշակի հանգամանքներ կան պարզելու.
այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Թագուհի Ղազարյանի հարցին, թե արդյոք կա կոնկրետ պայմանավորվածություն՝ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:
«Առայժմ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով ձեւավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ երբեմն պատահական, տեխնիկական պատճառներով տեղի ունեցող բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու եւ աշխատելու հարցում»,-ասաց Միրզոյանը:
Հանձնաժողովի ստեղծման կոնկրետ ժամկետների հարցում հստակություն չկա, սակայն, ըստ նախարարի, կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է: Որոշակի հանգամանքներ կան պարզելու, համաձայնեցնելու: Դրանից հետո հանձնաժողովը կարող է ձեւավորվել եւ աշխատել:
Նախորդ տարի Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նաեւ մանրամասներ ներկայացրեց Ստոկհոլմում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ ոչ պաշտոնական հանդիպումից։ Ազգային ժողովում կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին, թե ինչ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, Միրզոյանն ասաց, որ կարող է բառացի վերարտադրել իր եւ Չավուշօղլուի հանդիպումը։
«Մենք ոչ թե պաշտոնական հանդիպում ենք ունեցել, ուղղակի մի սենյակից մյուս սենյակը կապող միջանցքում քայլելիս, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական նիստը, կողք կողքի ենք քայլել, բարեւել միմյանց, ծանոթացել, պատրաստակամություն հայտնել հարաբերությունների կարգավորմանը, խոսել հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, պայմանավորվել ենք երկիր վերադառնալու պես նշանակել ներկայացուցիչ եւ սկսել գործընթացը։ Կարծում եմ, որ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, եւ ազդակներն էլ դրական են»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ որեւէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա, եւ քանի որ պաշտոնական հանդիպում չէր, ըստ այդմ, հաղորդագրություն չի եղել։