Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողին այն հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը թույլ չի տալու Մինսկի խմբի համանախագահներին զբաղվել Ղարաբաղի հարցով, եւ արդյոք Մոսկվան նույնպես այն կարծիքին է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է»:
«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձեւաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին նրա մանդատի համաձայն, եւ, իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ եկան 2020 թվականի պատերազմից հետո: Մինսկի խմբի մեր գործընկերները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, ամբողջությամբ կիսում են մեր տվյալ դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը արտացոլվել է Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ», – պատասխանել է Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ փաստաթղթում ամրագրվել է եռանախագահողների՝ Բաքվին եւ Երեւանին ուղղված կոչը մոտ ժամանակներում հյուրընկալելու համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց գնահատել իրադրությունը տեղում, հասնել շոշափելի առաջընթացի հումանիտար նախաձեռնություններում, որոնք քննարկվել են եռանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ընթացքում:
Զախարովայի խոսքով՝ հիշատակված շփումների արդյունքներով, որոնք տեղի էին ունեցել 2021թ. սեպտեմբերին եւ նոյեմբերին Նյու Յորքում եւ Փարիզում, համանախագահները Ստոկհոլմում դեկտեմբերի 2-ին կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում երկու նախարարին էին փոխանցել հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկ հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ: Համանախագահների առաջարկած օրակարգը վերաբերում է ե՛ւ հումանիտար, ե՛ւ սոցիալ-քաղաքական խնդիրներին: «Մենք կողմերից պաշտոնական արձագանք ենք ակնկալում՝ այդ թվում եռանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի կապակցությամբ», – հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր «ճնշել» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը եւ հավելել, թե, իր համոզմամբ, համանախագահները «չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է»:
Մ. Զախարովան անդրադարձել է նաեւ Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին՝ կապված ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցելության հետ: «Ելնում ենք տարածքների այցելության բազային մոտեցումներից: Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լաչինի միջանցքի երկարությամբ՝ սահմանազատման գծի երկայնքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության: Այդ հայտարարութան վեցերերոդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, քաղաքացիների եւ բեռների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղությամբ»,- ասել է Զախարովան:
Դիվանագետն ընդգծել է, որ ռուս խաղապահների հրամանատարությունը սահմանել է այցելության կարգը, այդ թվում եւ՝ արտասահմանյան քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների, առաքելությունների համար: «Այդ կարգը հայտնի է եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական կողմին: Այն նախեւառաջ ենթադրում է ժամանակին եւ պատշաճ կերպով տեղեկացում խաղաղապահներին նման այցելությունների մասին: Դա մեր բազային մոտեցումն է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Ն. Պ.
ՈՐՔԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին որպես մարդասիրական օգնություն Հայաստան է ուղարկվել 35 մլն 989 հազար 400 դոլարի օգնություն: Իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացվել է 21 մլն 925 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ին պաշտոնական աղբյուրից հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 177 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնական հատվածը՝ Բելառուսից: Ուկրաինայից անցյալ տարվա ընթացքում որեւէ մարդասիրական օգնություն Հայաստան չի եկել: Ի դեպ, անցած տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնություն եկել է 59 հազար 600 դոլարի չափով: Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից եկող մարդասիրական օգնության ծավալը բավականին նվազել է: Տեղեկացնենք, որ 2020 թվականի նույն ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան ստացվել էր 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկածների թվում են նաեւ Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 3 մլն 195 հազար 300 դոլարի չափով օգնություն, մինչդեռ 2020 թվականի 11 ամիսներին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 4 մլն 381 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնություն ՀՀ եկել է 1 մլն 566 հազար 600 դոլարի չափով: Ֆրանսիայից 2020 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստան եկել է 986 հազար 800 դոլարի մարդասիրական օգնություն:
Բացի այս, պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ Ճապոնիայից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի պակասել: Օրինակ՝ 2020 թվականի 11 ամիսներին Ճապոնիայից ՀՀ մտել է 860 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն, իսկ նախորդ տարի՝ 524 հազար 700 դոլար: Փոխարենը Չինաստանից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի ավելացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021 թվականի 11 ամիսներին Չինաստանից ՀՀ ստացվել է 5 մլն 689 հազար 800 դոլար, իսկ ԱՄՆ-ից՝ 8 մլն 923 հազար 300 դոլար:
Ս.Հ.
ՅՈՒՐԱՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
Հունվարի 1-ին «Հրազդան» ՔԿՀ շենքի եւ գույքի պահպանությունը իրականացնող ԱՆ կենտրոնական պահպանության աշխատակիցները հերթապահությունը ստանձնելուց առաջ պարզել էին, որ գույքի որոշ մասը բացակայում է, այն է՝ խցերի սառնարանների շարժիչներ, պղնձե խողովակներ, վարդակներ, լամպեր, սանհանգույցների ու լոգարանների ծորակներ, մի քանի խցերի հատակի լամինատները, մետաղական եւ փատյա դռներ։
Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել։ Դեպքը, ըստ նախնական տվյալների, դեկտեմբերի 21-ից մինչեւ հունվարի 1-ն էր եղել։ Պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալներից մեկը, որ ներկայումս պատիժը կրում է մեկ այլ քրեակատարողական հիմնարկում, դեկտեմբերին կնոջ հորն է փոխանցել սառնարանի 4 շարժիչ, նա էլ ապամոնտաժել էր շարժիչներն ու մետաղների ընդունման կետ հանձնել: Համայնքային ոստիկանները պարզել են նաեւ, որ քրեակատարողական հիմնարկից յուրացումը կատարել են նույն հաստատության երեք աշխատակից, որոնցից մեկը՝ Արզական գյուղի, երկուսը՝ Սեւան եւ Հրազդան քաղաքների բնակիչներ։ Հունվարի 18-ին Սեւան քաղաքի բնակիչը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են ներկայացել երկու հանցակիցներն ու քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի աները։ Նրանք տվել են խոստովանական բացատրություններ։ Յուրացված ապրանքը մասամբ հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
ԹԱՆԿԱՑՈՒՄ
Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, այս տարվա ապրիլից էլի բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, ավելի քան 20-30 դրամով թանկանա: Չի բացառվում, որ սրա հետեւանքով կթանկանա նաեւ ուղեւորափոխադրման սակագները: Այսօր գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը Երեւանում վաճառվում է 310-320 դրամով, իսկ մարզերում՝ 280 դրամով: Տեղեկացնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ հանձնաժողով ուղարկած հայտը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին: