Պարզվում է՝ ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը դեմ չէ ընդլայնված լիազորությունների դեպքում նախագահ լինել, համենայնդեպս այդպիսի հայտարարություն նա արել է 2020 թվականի վերջում Գյումրիում հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Պաշտոնական հաղորդագրության մեջ թռուցիկ է ներկայացված սահմանադրական փոփոխությունների հատվածը, եւ մեծ տեղ է հատկացված նրա այն կարծիքին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն մեկուկես տարի անց: «Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ընտրություններ, պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անենք։ Միակ ձեւն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները թող պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։ Այս մարդիկ պետք է ժամանակ ունենան, որ իրենց կոնսոլիդացնեն, մեջտեղ գան նոր առաջնորդներ, հատկապես՝ երիտասարդները», – նշված է հայտարարությունում: Սակայն, այս ամենից զատ, նախագահը չի թաքցրել, որ եթե երկրում կառավարման համակարգ փոխվի, եւ անցում կատարվի նախագահական կամ կիսանախագահական համակարգի, նա դեմ չի լինի իր թիմով մասնակցել ընտրությունների: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց գյումրիաբնակ քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը եւս մասնակցել է Արմեն Սարգսյանի այդ հանդիպմանը: «Նա ասել է, որ եթե ապագայում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, ապա ինքը չի բացառում, որ իր թիմը կկազմի եւ ակտիվորեն կմասնակցի քաղաքական գործընթացների: Նա մանրամասն նշում էր, թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացումը եւ այլ հարցեր: Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ է հարթում, քանի որ նա անծայրածիր հնարավորություններ ունի», – նշեց նա: Իհարկե, սա վարկածներից մեկն է. ավելի լայն շրջանակներ չեն բացառում, որ նա հեռացավ իր պաշտոնից՝ գիտակցելով, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի կողմից կարող են որոշումներ կայացվել։
Երեկ խորհրդարանում 68 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը: Այս ֆոնին զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե նա պաշտոնավարման ավարտից հետո ինչով է զբաղվելու: Բանն այն է, որ, մեր տեղեկությունների համաձայն, նա պատրաստվում է առաջիկայում նշանակվել Ամերիկյան համալսարանի դեկանի պաշտոնում: Եվ մեկնաբանության համար մենք դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հայտնեցին. «Այս պահին նման հարց չկա»: Հավելենք, որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել: Իշխանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է եւ համապատասխանում է այդ պաշտոնին, սակայն ընդգծենք՝ նա ընտրվեց միայն իշխանական պատգամավորների ձայների շնորհիվ, ընդդիմությունը չքվեարկեց։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի մեկնարկն արդեն տրվել է Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ունեցած հանդիպումով, նաեւ փշալարային տրամաբանությամբ կահավորված ու զինված սահմանների թոթափում է ենթադրում։ Համենայնդեպս Շիրակի մարզից «ժողովուրդ» օրաթերթին շարունակ տեղեկություններ ու ահազանգեր են հասնում այն մասին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ Իհարկե, հայ-ռուսական միացյալ զորքերի մասին համաձայնագրի շրջանակներում դեռեւս 2010-ին ստորագրված արձանագրության մեջ ֆիքսված է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան այնտեղ մնալու իրավունք ունի մինչեւ 2044 թվականը, այնուամենայնիվ, թեմայի շուրջ զրուցեցինք Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ: Մարզպետը հորդորեց Պաշտպանության նախարարություն դիմել, բայց հիշեցրեց 2010-ին ստորագրված փաստաթուղթը: Նշենք, որ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ստորագրված N5 արձանագրության համաձայն՝ ոչ միայն բազայի տեղակայման ժամկետն էր սահմանվում, այլ նաեւ ռուսական կողմը պարտավորվում էր համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունն ու սատարել հայկական զինուժին սպառազինվելու արդիական զինատեսակներով:
Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի եւ վարունգի մշակությամբ զբաղվող ջերմոցատերերը լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Գյուղատնտեսներին մտահոգում է ոչ միայն գազի գնի սպասվող բարձրացումը, այլեւ թուրքական ապրանքների ներկրման արգելքը չերկարացնելը: Չի բացառվում, որ առաջիկայում գյուղատնտեսները սկսեն բողոքի ակցիաներ իրականացնել, ճանապարհներ փակել: Ավելին՝ նրանց խոսքերով՝ այսօր տեղական շուկան ողողված է թուրքական ծագում ունեցող լոլիկով, որն ավելի ցածր գին ունի, քան տեղում աճեցվողը: «Ճգնաժամ է առաջացնելու, գիշեր-ցերեկ մտածում ենք՝ ոնց ենք վարկերը վճարելու: Չենք քննարկում, թե ինչպես անենք եկամուտ ստանանք, օգուտի մասին արդեն մոռացել ենք, անգամ զրոյականով չենք կարող դուրս գալ, հիմա էլ թուրքական արկղերով լոլիկ են բերում ու վաճառում: Չգիտենք՝ ճանապարհ փակենք՝ հարցը կլուծվի՞. հույս չունենք: Օր ու գիշեր տանջվում ենք, բայց 100 տոկոս վնաս կրում: Արի ու տես, որ մեր կառավարությունը չի արգելում թուրքական լոլիկի մուտքը Հայաստան: Մտածող չկա» ,- «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհեցին գյուղատնտեսները: