ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՑԱՎՈՏ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում  2019 թվականին  բարձրագույն կրթական հաստատություն   դիմողների մոտ   20   տոկոսը   չի   հաղթահարել հայոց  լեզվի  կենտրոնացված միասնական քննությունների նվազագույն շեմը:  Ազգային ժողովում  «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս  մասին ասաց   ԿԳՄՍ   նախարարի   տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հայոց լեզվի եւ գրականության առարկայի ավարտական քննության  նվազագույն շեմը 2017-2018 թվականներին հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6 տոկոսը: Ցուցանիշները խոսում  են հայոց   լեզվի   թույլ   իմացության   կամ   առհասարակ չիմացության մասին: Սրան գումարենք սոցիալական արդարության տեսանկյունից մտահոգիչ   այն   իրավիճակը,   ըստ   որի՝ ընտանիքի  սոցիալ-տնտեսական   վիճակը էապես պայմանավորում է երեխայի կրթական արդյունքը»,- ասաց Անդրեասյանը:

 

Հայաստանում 2003-2015 թվականներին աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել  մաթեմատիկայի  միջազգային  գնահատման  ստորին  շեմը: «Սա վկայում է   ամբողջ   թվերի,   տասնորդական   կոտորակների   մասին   տարրական   գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին:   Աշակերտների   8-11   տոկոսը   այնքան   ցածր   միավոր   է   ստացել,   որ   անհնար է եղել նրանց գնահատել»,- ասաց Անդրեասյանը: Նախարարի տեղակալի խոսքով` 2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 24-42   տոկոսը   չի   հաղթահարել   բնագիտության   միջազգային   գնահատման   ստորին շեմը: «Սա   վկայում   է   կյանքի   մասին   գիտությունների եւ  ֆիզիկայի   բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին: Օրինակ, որ գրիպը վիրուսային հիվանդություն է, գեները ժառանգվում են երկու ծնողից եւ նման պարզ փաստեր»,- ընդգծեց Անդրեասյանը: «Մեզ   մեղադրում   են   դպրոցը   քանդելու   մեջ,   բայց   եկեք   հասկանանք,   թե   որ դպրոցի   մասին   է   խոսքը։   Այսօր   մեր   երեխաները,   12   տարի   սովորելով հանրակրթական դպրոցներում, կկարողանան իրացնել իրենց կարողությունները 57 տոկոսով   կամ   կեսից   մի   փոքր   ավելին։   Այսինքն`   դպրոցի   ավարտին   մեր չիրացվածությամբ   մնում   ենք   կիսամարդ   կամ   կիսաքաղաքացի։   Այն   արդյունքը, որին հասնում ենք երեխաների կյանքի 12 տարին վերցնելով, կարող էինք ստանալ շուրջ 9 տարում»,- ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով` միջին դպրոցում մինչեւ 20 առարկա   են   երեխաներն   անցնում,   բայց   մինչ   շատ   դպրոցներում

ջերմեռանդությամբ խոսում են նոր առարկայի ներդրման մասին, մոռանում են, որ կարեւորը առարկան չէ, այլ երեխան: Անդրադառնալով   մի   շարք   խնդիրների`   նախարարը   շեշտեց,   որ   գիտելիքը   միայն գնահատականը չէ, որը հաճախ երեխայի կամ ծնողի համար կյանքի ու մահվան հարց է   դառնում։   Նա   ցավով   նշեց,   որ   այսօր   Հայաստանում   ընդամենը   7   ուսանող է ցանկանում ֆիզիկայի ուսուցիչ դառնալ։ Քիմիայի հարցում պատկերն ավելի վատ է. դիմորդների թիվն ավելի ցածր է։ Ազգային   ժողովի   գիտության,   կրթության,   մշակույթի,   սփյուռքի, երիտասարդության   եւ   սպորտի   հարցերի   մշտական   հանձնաժողովն   է   կազմակերպել խորհրդարանական   լսումներ   «Հանրակրթության   մասին»   օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: «Փոփոխությունները  հսկայական  են՝ ամենատարբեր  ոլորտներին  վերաբերող, եւ համապատասխան   հանձնաժողովում   քննարկման   ընթացքում,   այդ   թվում`   մերընդդիմադիր   գործընկերների   առաջարկով,  որոշեցինք   կազմակերպել   հանրային լսումներ, որպեսզի ավելի առարկայական, գուցե առաջին ձեռքից տեղեկանանք այն բոլոր խնդիրների մասին, որոնք այսօր կան մեր դպրոցներում: Լսենք նաեւ ձեր կողմից   առաջարկություններ,   ներկայացված   նախագծի   վերաբերյալ դիտողություններ:   Մոտ   130   մասնակից   այսօր   ներկա   լինելու   ցանկություն է հայտնել»,- ասաց Գաբրիելյանը:

Ս. Հ.

 

 

 

ԳԱԼԻՍ ԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեւանում օտարերկրացի զբոսաշրջիկները կարող են պատվաստվել ցանկացած շարժական կետում, եւ հենց դա է գրավում զբոսաշրջիկներին ու ոչ միայն՝ իրանցի:  Բանն այն է, որ անցած տարի արտերկիր մեկնող ռուսաստանցիներն ամենից հաճախ Երեւան են այցելել, ինչը  կապված է նաեւ կորոնավիրուսի դեմ արագ  եւ անվճար պատվաստվելու հնարավորության հետ։

 

2021-ին գագաթնակետին է հասել Հայաստանի, Ղրղզստանի, Բուլղարիայի եւ Խորվաթիայի ուղղությամբ տոմսերի վաճառքը՝ ՌԻԱ Նովոստիին են հայտնել տոմսերի գնման «Ozon Travel» կայքի մամուլի ծառայությունից: Նշված   երկրներում   կարելի   է   կորոնավիրուսի   դեմ   պատվաստվել   Առողջապահության համաշխարհային   կազմակերպության   կամ   Եվրամիության   կողմից   հավանության արժանացած պատվաստանյութերով։ «Ozon Travel-ի   տվյալներով՝   ռուսաստանցիները   2021   թվականին   ամենից   շատ այցելել են Երեւան։ Պատվաստվելու համար Մոսկվայից Երեըան կարելի է մեկնել ու վերադառնալ մեկ օրում. օրական մի քանի թռիչք կա։ Արտասահմանցիներին երկու պատվաստանյութ   են   առաջարկում՝   «Moderna»   եւ   «AstraZeneca»,   երկուսն   էլ երկբաղադրիչ են, ուստի պետք է երկու անգամ այցելել, երկրորդ դեղաչափից հետո եվրոպական հավաստագիր կտրամադրեն»,- ասել են ծառայությունում։ Ընկերությունում մանրամասնել են, որ Երեւանում զբոսաշրջիկները կարող են պատվաստվել ցանկացած շարժական կետում։ Ծառայությանը կարելի է  նախապես գրանցվել «Early One» հավելվածի միջոցով։ Թռիչքի միջին արժեքը (մեկ ուղղությամբ) աշնանը կազմել է 9 հազար ռուբլուց ոչ պակաս, իսկ ձմռանն այդ թիվը հասել է 10 հազարի։   Ռուսաստանցիները   Հայաստան   կարող   են   գալ   առանց   վիզայի,   ներքին անձնագրով,   ժամանումից   հետո   պետք   է   ներկայացնեն   ՊՇՌ   թեստի   պատասխան   կամ պատվաստման հավաստագիր։ ՀՀ   առողջապահության   նախարարության   մամուլի   քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը  ՌԻԱ   Նովոստիին  ասել   է,   որ   «Սպուտնիկ   V»-ով  պատվաստված   օտարերկրյա քաղաքացիները   կարող   են   երկրում   նաեւ բուստերային   դեղաբաժին   ստանալ: Հավելենք, որ չնայած այս իրավիճակին՝ հենց հայաստանցիները շարունակում են քիչ   թվով   պատվաստվել։ Թերեւս գործող սահմանափակումները   կարող են   նպաստել պատվաստումների թվի աճին:

Ն.Պ.

 

 

 

ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ

2021թ. դեկտեմբերի  5-ին Նոյեմբերյան  խոշոր համայնքում տեղի  ունեցան ավագանու  համամասնական ընտրություններ, որի արդյունքում ձեւավորվեց Նոյեմբերյան քաղաքը եւ   այդ   տարածաշրջանի 18  գյուղերը  միավորող Նոյեմբերյան խոշոր համայնքը։ Այդ ընտրություններից անցել է մեկ ամիս եւ 20   օր, սակայն Նոյեմբերյան խոշոր համայնքում դեռեւս չեն նշանակվել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչը խանգարում է համայնքում կատարվող աշխատանքներին։ Նմանապես Նոյեմբերյանում, բացի ավագանու կողմից ընտրված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանից,     համայնքապետի տեղակալներ, օգնականներ եւ այլ պաշտոնյաներ չեն   նշանակվել։ Նոյեմբերյանի համայնքապետարանից տեղեկացա, որ դրա պատճառն այն է, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների     նախարարությունում դեռեւս չեն հաստատել Նոյեմբերյանի համայնքապետարանի հաստիքացուցակները, որից հետո ավագանին նիստ կգումարի, եւ կնշանակվեն համայնքների վարչական   ղեկավարներ եւ այլ պաշտոնյաներ։ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ տարածքային կառավարման  եւ ենթակառուցվածքների նախարարությունում չեն հասցնում հաստատել նույնիսկ այն համայնքների   հաստիքացուցակները, որտեղ ՏԻՄ ընտրությունները 2021թ. նոյեմբերի   17-ին են կայացել։ Դա   խիստ բացասաբար է ազդում այդ համայնքապետարանների գործունեության վրա։ Հարց է  ծագում, թե ինչու   համայնքների       հաստիքացուցակները   պետք   է   հաստատվեն   Տարածքային կառավարման   եւ   ենթակառուցվածքների   նախարարությունում,   եւ   այդ   գործն   էլ ամիսներով ձգձգվի. չէ՞ որ  համայնքապետարաններում ավելի լավ գիտեն, թե իրենց ինչ հաստիքներ են հարկավոր, այդ գործն էլ շատ արագ կարվեր։

 

 

ՆՈՐ ԼՈՒՍԱԿԻՐՆԵՐ՝ ԲԵՐԴՈՒՄ

Բերդի   համայնքապետարանից  հայտնում են, որ երթեւեկության անվտանգության բարձրացման   նպատակով   Բերդ   քաղաքի   Մաշտոց-Ալեք   Մանուկյան,   Մաշտոց-Այգեստան փողոցների հատման խաչմերուկներում ժամանակակից լուսակիրներ են տեղադրվել: Աշխատանքներն իրականացվել են կառավարության 2021թ?-ի սուբվենցիոն ծրագրով եւ Բերդի   համայնքապետարանի   համաֆինանսավորմամբ՝ 65-35 տոկոս հարաբերակցությամբ:   Նույն   ծրագրի   շրջանակում   Բերդ համայնքի 11 բնակավայրում՝   Բերդում, Վարագավանում, Վերին   Ծաղկավանում, Չինչինում, Տավուշում, Նավուրում, Արծվաբերդում, Չինարիում, Չորաթանում, Նորաշենում, Վերին Կարմիրաղբյուրում գիշերային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս