ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՏՁՄ նորանշանակ տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը Հայաստանի ապագան տեսնում է բացառապես ՏՏ ոլորտի արդյունաբերության զարգացման մեջ։

 

2022թ.-ին Հայաստանում ու Արցախում նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի 9 լաբորատորիա բացել։ Այս մասին երեկ Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 2021թ.-ի գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ արդեն նախկին տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։

Նա նաեւ հիշեցրեց, որ ներկա պահին ՀՀ-ում միայն 1 նման լաբորատորիա է գործում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այն հիմնադրվել է 2021թ.-ին` Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

«Պատերազմից հետո մենք նշել էինք, որ պիտի վերսկսեինք «Բանակից ՏՏ» մեր ծրագիրը, որին 138 մասնակից ունեցանք։ Նրանցից 85-ն արդեն ավարտել են ՏՏ ոլորտին հարակից կրթական ծրագրերը»,- ասաց Քասսարջյանը։

Նրա խոսքով` ծրագրում ընդգրկված են արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդները։ Նրանց համար անվճար դասընթացները կազմակերպվում են ԱՏՁՄ անդամ կազմակերպություններում։

Շարունակելով թեման` ԱՏՁՄ նորանշանակ տնօրեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ Հայաստանի ապագան տեսնում է բացառապես ՏՏ ոլորտի արդյունաբերության զարգացման մեջ։

«Պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչ կրիտիկական մեծ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմական արդյունաբերություն չունենալը, որովհետեւ երբ մեր սահմանները փակվեցին, փակվեցին հնարավորությունները` մեր Զինված ուժերին սնել առաջատար տեխնոլոգիաներով, ու եթե ուզում եք իմանալ, դրանով էլ պարտվեցինք։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին»,- ասաց Չոբանյանը։

Նոր պատերազմում հաղթելու համար, Չոբանյանի համոզմամբ, Հայաստանին անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ։ Այդ նպատակով ԱՏՁՄ-ն նախաձեռնել է տեխնոլոգիական ներուժի նոր մոբիլիզացիոն գործընթաց։

Ինչ վերաբերում է ոլորտի զարգացմանը, որպես դրան խոչընդոտող հիմնական գործոն ԱՏՁՄ ներկայացուցիչները նշում են մասնագիտական ներուժի պակասը։ Փոխարենը վերջին տարիներին բարելավվել է ոլորտի ֆինանսավորումը։

«Այսօր մենք պետք է դիրքավորվենք որպես գլոբալ մտածող ոլորտ եւ դուրս գանք ՀՀ սահմաններից։ Այո, վերջին տարիներին մեծ աշխատանք է արվել ձեռնարկությունների կողմից, բայց ռազմավարական առումով մենք ավելի կենտրոնացած ենք եղել Հայաստանի վրա եւ չենք մտածել Հայաստանից դուրս գործունեություն ծավալելու մասին»,- ասաց Չոբանյանը։

Նա նշեց, որ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում արտադրված տեխնոլոգիաներն այսօր կարող են ներկայացվել աշխարհին։

Հիշեցնենք` 2021թ.-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի պաշտոնում Րաֆֆի Քասսարջյանին կփոխարինի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։

ԱՏՁՄ-ն Հայաստանում ՏՏ ոլորտի ամենախոշոր հասարակական կազմակերպությունն է, որում ներկայացված են հայաստանյան ՏՏ ոլորտի գրեթե բոլոր կազմակերպությունները։ Միությունը ներկայում 122 անդամ ունի, որոնցից 38-ը միության կազմում ընդգրկվել են 2021թ.-ին:

Ս.Հ.

 

 

ՕՄԻԿՐՈՆԸ ՎԵՐՋԻՆԸ ՉԷ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարն ասել է, թե վտանգավոր կլինի ենթադրել, որ արագ փոխանցվող Օմիկրոնը կորոնավիրուսի վերջին ենթատեսակն է: Թեդրոս Գեբրեյեսուսն ասում է նաեւ, որ այս տարի հնարավոր է դուրս գալ համաճարակի սուր փուլից, եթե իրականացվող ռազմավարությունն ու միջոցները, ինչպիսիք են թեստավորումն ու պատվաստանյութերը, կիրառվեն համապարփակ կերպով: Ելույթ ունենալով գործադիր խորհրդի նիստի բացման ժամանակ՝ Գեբրեյեսուսն ասել է, թե ինը շաբաթ առաջ բացահայտվելուց ի վեր այս ենթատեսակով վարակվածության ավելի քան 80 միլիոն դեպք է արձանագրվել, ինչն ավելի մեծ թիվ է կազմում, քան ամբողջ 2020 թվականի ընթացքում գրանցված դեպքերը: «Նոր ենթատեսակներ ի հայտ գալու հնարավորությունները մեծ են»,-ասել է նա:

 

 

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿԸ

2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով՝ «Ամերիաբանկ»-ը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 8.9 մլրդ դրամի հարկ (30.12.21 դրությամբ): Նշված ցուցանիշը, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 53.3%-ով: Եթե 2020 թվականին ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Ամերիաբանկ»-ը 23-րդ տեղում էր, ապա 2021 թվականին բանկը առաջընթաց է գրանցել միանգամից 6 կետով` զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը: «Ամերիաբանկ»-ը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին եւ ունի հստակ ձեւակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով՝ «Ամերիաբանկ»-ը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

 

 

ԱՌԱՋԱՏԱՐ Է ՌԴ-Ն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճիռների թիվը նվազել է, ներկայացված գանգատների թիվն՝ աճել: ՄԻԵԴ նախագահ Ռոբերտ Սպանոն ամենամյա ասուլիսի ընթացքում այս առիթով մանրամասնեց. «2021-ին դատարանը կայացրել է 36 հազար վճիռ: Վճիռների թիվն 8 տոկոսով նվազել է՝ նախորդ տարվա համեմատ: Մեծ պալատի վճիռների թիվը 428 է, որոնց թիվն աճել է՝ նախորդ տարվա համեմատ: 2021-ին դատարանը վարույթ է ընդունել 44250 նոր գանգատ, իսկ 2020-ին այդ թիվը կազմել է 41.700»: ՄԻԵԴ ներկայացված դիմումների թվով առաջատար է ՌԴ-ն՝ 17.013, երկրորդ հորիզոնականում է Թուրքիան՝ 15.251 դիմում: ՌԴ-ի կողմից ներկայացված դիմումները աճել են 24, Թուրքիայի կողմից ներկայացվածները՝ 30 տոկոսով: ՀՀ-ն այս ցուցակում 10-րդն է՝ քննության սպասող 1350 գանգատով, Ադրբեջանը 7-րդ տեղում է՝ 2100 գանգատով: Այն դիտարկմանը թե որն է Թուրքիայի կողմից ներկայացված դիմումների թվի աճի պատճառը, Եվրոպական դատարանի նախագահը պատասխանել է. «Պատճառը շատ պարզ է՝ ազգային մակարդակում գրանցված խախտումները՝ հատկապես տարբեր պատճառներով դատապարտված անձանց նկատմամբ: Այդ խախտումները հետագայում գալիս հասնում են Եվրոպական դատարանին»: Ըստ Ռ. Սպանոյի՝ դատարանը  բազում նմանատիպ գործեր ունի, բոլոր այս գործերով քննություն իրականացնելն ու վճիռ կայացնելը շատ ժամանակ է պահանջում: «Մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ քննել գործերը: Այստեղ էլ գործում է որոշակի ռազմավարություն՝ օրինակ՝ կան գործեր, որտեղ տուժող կողմը շարունակում է գտնվել անազատության մեջ, եւ, բնականաբար, այդ գործերին է առաջնահերթությունը տրվում, քան այն դեպքերում, երբ անձն արդեն գտնվում է ազատության մեջ, սակայն նրա իրավունքները խախտված են եղել, եւ նա որոշ ժամանակ գտնվել է անազատության մեջ»: ՄԻԵԴ նախագահը շեշտել է՝ ՌԴ-ի կողմից դատարանին ներկայացված գանգատների 24 տոկոսը կապված է հավաքների ազատության իրավունքի խախտման հետ: 2021-ի ընթացքում ՄԻԵԴ-ը ՀՀ-ի վերաբերյալ կայացրել է 17 վճիռ, այս թիվը նվազել է 2019-ի համեմատ, երբ կայացվել է 41 վճիռ: ՀՀ-ի կողմից ՄԻԵԴ-ին ներկայացված 194 գանգատ մերժվել է դատարանի կողմից՝ համարվելով անընդունելի: 2021-ին ՀՀ իշխանություններին է ներկայացվել 36 դիմում, 2020-ին այդ թիվը կազմել է 38, 2019-ին՝ 63:

ՄԻԵԴ-ի վարույթում կան տասնյակ գործեր, կան՝ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված, սակայն Ադրբեջանը շարունակում է լիարժեք չկատարել եվրոպական դատարանի՝ անհապաղ միջոց կիրառելու որոշումները: ՄԻԵԴ նախագահն նշել է. «Ցանկացած հակամարտություն լուրջ մարտահրավեր է դատարանի համար: Այս հակամարտությունը եւս շատ մեծ մարտահրավեր է դատարանի համար եւ՛ ռեսուրսների տեսանկյունից, որ մենք ունենք, եւ՛ նաեւ մարդկային ողբերգությունների տեսանկյունից:  Մենք դեռ շարունակում ենք Կոնվենցիայի 39-րդ հոդվածի՝ միջանկյալ միջոցի կիրառման հետ գործ ունենալ: Դատարանն արդեն կիրառել է այդ մեխանիզմը, Նախարարների կոմիտեին եւս հայտնել ենք այդ որոշման մասին»:




Լրահոս