Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող QR կոդերը սքանավորելիս հետայսու հնարավոր կլինի տեսնել քաղաքացու անձնական տվյալների միայն մի հատվածը։ Այսուհետ նշվելու է անուն, ազգանուն, չեն ցուցադրվի նախկինում հանձնած ՊՇՌ թեստերը, իսկ անձնագրի եւ ծննդյան օրվա ու տարվա տվյալներից միայն մի քանի նիշ է երեւալու, ինչը հնարավորություն կտա խուսափել անձնական տվյալների արտահոսքից։
Արդեն մի քանի օր է, ինչ ուժի մեջ են մտել նոր խստացումները՝ հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ եւ մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Մի շարք մեդիափորձագետներ մտահոգություն հայտնեցին, որ QR կոդերը սքանավորելիս անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում։
ԱՐՄԵԴ համակարգի տնօրենն ասում է՝ այս բոլոր մտահոգությունները հաշվի առնելով՝ երեկ ուշ երեկոյան՝ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո, որոշում է կայացվել անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար փակել որոշ տվյալներ։
Այս պահանջը չի վերաբերում մինչեւ 18 տարեկաններին, հղիներին, պատվաստման հակացուցում ունեցողներին, առավելագույնը երեք ամիս առաջ քովիդով հիվանդացածներին։ Տնտեսվարողն ինքը պետք է ստուգի՝ արդյոք քաղաքացին ունի համապատասխան փաստաթղթերը, թե ոչ, իսկ տնտեսվարողներին արդեն տեսչական մարմինները կվերահսկեն։ Եթե տնտեսվարողը չպահպանի կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվի 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ մինչեւ 500 հազար դրամով։
Տնտեսվարողներն ընդգծում են, որ քովիդի հետեւանքով տուժած հանրային սննդի ոլորտը դեռ չի վերականգնվել, այժմ էլ հավելյալ ռեսուրս ներգրավելու պահանջն արդարացի չեն համարում, ասում են՝ այն միանշանակ բիզնեսին վնաս է հասցնելու։ Նշում են, որ կառավարությունն իրենց հետ քննարկում չի ունեցել, կարծիքները չեն լսել։ Սրճարանների մեծ մասում դեռ տեղյակ չէին, որ երկու շաբաթից արդեն գործելու են նոր կարգավորումները, ու չէին պատկերացնում, թե ինչպես են դա կազմակերպելու։
Մասնագետների գնահատմամբ՝ Օմիկրոն ենթատեսակը խիստ վարակիչ է, բայց մեծամասամբ լուրջ հետեւանքների չի հանգեցնում։ Ընթանում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով, հազվադեպ թոքաբորբ է առաջացնում։ Հավելենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1931-ով՝ հասնելով 355 հազար 662-ի, գրանցվել է մահվան եւս 1 դեպք. հաղորդում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 147-ով եւ հասել 334 հազար 696-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 7 հազար 721 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 692 հազար 959-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 8 հազար 33-ի, եւս 1525 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 408 մարդ։ Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 108 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր, 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է,14-ինը՝ ծանր։ 2022 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1652 քաղաքացու հետազոտություն, որից 129-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՊԱՀԵԼ ԱՆԿԱՆԽԻԿ
Ըստ 2020 թվականի տարեկան հայտարարագրերում տարեվերջի դրությամբ հայտարարագրված տվյալների՝ զգալի թվով պաշտոնատար եւ վերջիններիս ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք հայտարարագրել են խոշոր կանխիկ դրամական միջոցների մնացորդներ։ Մասնավորապես՝
l 15-50 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ,
l 50-100 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 160 անձ,
l 100 մլն եւ ավելի ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 70 անձ:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող եկամուտը կամ դրամական միջոցներով հանձնած փոխառության գումարը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարատուն նշված գործարքները կատարել է կանխիկ ձեւով:
2022 թվականի հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով էական սահմանափակումներ են նախատեսվում կանխիկ գործարքների նկատմամբ։ Մասնավորապես, 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման կարգից, եթե այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր եւ այլ բացառություններ նախատեսված չեն։
Պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հաշվետվողականության համար հանձնաժողովը խոշոր կանխիկ դրամական միջոցների առկայությունը դիտարկում է որպես ռիսկային գործոն: Այդ հիմքով հանձնաժողովը դիտարկում է խոշոր կանխիկ գումարի առկայությունը հայտարարագրերի համալիր վերլուծության իրականացման համար որպես հիմք ընդունելու հնարավորությունը:
Հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում իրականացնում է նաեւ օրենքով սահմանված պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում հաշվի է առնվում նաեւ խոշոր կանխիկ դրամական միջոցների առկայությունը, ինչը կարող է ազդել համապատասխան պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության գնահատականի վրա:
Ելնելով վերոգրյալից՝ հայտարարատու անձանց առաջարկում ենք դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով, ինչն ավելի թափանցիկ եւ հաշվետու կդարձնի պաշտոնատար անձանց գործունեությունը:
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Տավուշի մարզպետարանը ունի 88 աշխատակից։ Մարզպետ Հայկ Ղալումյանն ունի 2 տեղակալ։ Մարզպետի մեկ տեղակալի եւ մարզպետի տեղակալի օգնականի պաշտոնները թափուր են։ Մարզպետի տեղակալի օգնականի մեկ այլ հաստիք զբաղեցված է։ Մարզպետի օգնականի 2 հաստիքներից մեկը զբաղեցված է, մյուսը՝ թափուր, թափուր են նաեւ մարզպետի խորհրդականի 2 հաստիքները։ Թափուր է նաեւ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտական զարգացման վարչության ու քաղաքաշինության վարչություն պետերի, բնապահպանության բաժնի վարիչի հաստիքները։ Տեղական ինքնակառավարման եւ ՀԳՄ հարցերով վարչությունում թափուր է վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Ուշագրավ է, որ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթներ չեն անցկացվում։
ԱՄԵՆԱԳՆԱՑ ՊԻԿԱՊ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի եւ Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ 2021 թվականին մեկնարկել եւ ընթացքի մեջ է «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության եւ գյուղատնտեսության աջակցության» ծրագիրը, որի շրջանակում Բերդի համայնքապետարանը ձեռք է բերել տեխօգնության ամենագնաց պիկապ՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, ավելի վաղ ձեռք էր բերվել 150 հատ մետաղական աղբաման: Բերդի համայնքապետարանից հայտնում են, Բերդ քաղաքից զատ, համայնքի մյուս բնակավայրերում ջրամատակարարումը սպասարկվում է համայնքապետարանի կողմից, տեխօգնության ամենագնաց մեքենայի անհրաժեշտությունը մեծ էր: Վթարների դեպքում այսուհետ կարող ենք ավելի արագ եւ օպերատիվ կերպով հասնել անհրաժեշտ վայր եւ առկա խնդիրները շտկել: Ավտոմեքենան կկիրառվի ոչ միայն ջրամատակարարման համակարգի վթարների դեպքում, այլեւ այլ բնույթի ֆորսմաժորային իրավիճակներում։ Ծրագրի շրջանակում համայնքը ձեռք կբերի նաեւ թվով 3 աղբատար մեքենա, էքսկավատոր-բեռնիչ, մինիամբարձիչ՝ իր լրացուցիչ կցորդներով, անիվավոր տրակտոր՝ գութանով եւ գրեյդերային շերեփով: 20 շենք-շինությունների վրա կտեղադրվեն 350 ԿՎ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Ծրագրի ընդհանուր արժեքը 347, 590,000 ՀՀ դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 34, 759, 000 ՀՀ դրամ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ