ՀՀ Երեւան քաղաքի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. նոյեմբերի 5-ին Փ. Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:
Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս 2021թ. սեպտեմբերի 20-ի երեկոյան, գտնվելով Երեւան քաղաքի Նոր-Նորքի 1-ին զանգվածում, իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ 1-02 հեռախոսահամարին եւ ՀՀ ոստիկանության աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Երեւան քաղաքի երթուղային տրանսպորտի բնականոն գործունեությունը պատշաճ չկազմակերպելու պատճառաբանությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց ու նրանց ընտանիքների անդամների հասցեին, այդկերպ նա դիտավորությամբ ծանր վիրավորանք է հասցրել վերջիններիս:
Քրեական գործը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2021թ. նոյեմբերի 22-ին ուղարկվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Փ.Ս.-ն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
2022թ. փետրվարի 2-ի դատավճռով Փ. Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ դատապարտվել տուգանքի՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դատարանի կողմից կայացված դատավճիռն առաջինն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց եւ այն ուժի մեջ մտնելուց՝ 2021թ. օգոստոսի 30-ից հետո:
Մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 263 քրեական գործ, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի:
214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 31 անձի:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 8 քրեական գործ, որոնցից մեկով՝ վերոնշյալով, կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ մյուսներով դատական քննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազությունը հասարակության բոլոր անդամներին հորդորում է ձեռնպահ մնալ վիրավորանքը եւ դրա ծանր դրսեւորումները հանրային հարաբերություններում կիրառելուց, ոչ միայն անխուսափելի քրեական պատասխանատվության չենթարկվելու, այլ նաեւ հանրային խոսակցական եւ վարքագծային մշակույթում ատելության խոսքն օրինաչափության չվերածելու, հանրային համակեցության եւ համերաշխության մթնոլորտը վերականգնելու համար:
Դատախազությունից ընդգծում են, որ հարկ է հաշվի առնել նաեւ, որ հայհոյանքով, անձի արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանքով ուղեկցվող խոսույթն ինքնին նաեւ այլ բնույթի հանցագործություններ ծնող, դրանց կատարմանը նպաստող էական գործոն է:
Ք.Մ.
ՎԻՃԵԼ ԵՆ
Փետրվարի 2-ին՝ ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի։ Րոպեներ անց ստացվել է եւս մեկ հիվանդանոցային ահազանգ՝ «կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 17-ամյա մեկ այլ պատանի։ Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երեւան քաղաքի վարչության ԱԳ եւ ԸԲԿ եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13.40-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու հարակից տարածքում մի խումբ պատանիների մասնակցությամբ վիճաբանություն է եղել։ Ծեծկռտուքի ընթացքում 15-ամյա պատանին դանակով խփել է տուժածներին՝ պատճառելով վնասվածքներ: Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանք բերվել են ոստիկանություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։
ՆՍԵՄԱՑՐԵԼ ԵՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել եւ բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։ Անմիջապես հանձնարարել եմ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներին կապ հաստատել թե՛ Պաշտպանության նախարարության, թե՛ զինվորի հարազատների հետ։
Նորակոչիկի հարազատները նշել են, որ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան եւ եւս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել, իրենք հրաժարվել են, որի արդյունքում ծեծել են, թույլ չեն տվել ճաշարանից օգտվել, քնել, ջուր խմել եւ այլն: Զինվորը կապ է հաստատել հարազատների հետ, պատմել հանգամանքները, որից հետո զինվորի հետ կապը կորել է? վերջինս փախուստի է դիմել, իսկ ծեծի մասին ահազանգել է 2-րդ զինվորը։ Հարազատները պատմել են նաեւ, որ ՊՆ-ն եւ տվյալ զորամասի հրամանատարական կազմը ներողություն են խնդրել իրենցից, ընդունել են, որ տարածքում մաքրություն անելու պարտադրանք եղել է, իրենց խոսքով, մեկ անգամ խփել են զինվորին, բայց սանհանգույցի մաքրության մասին խոսք չի գնացել։ Կապ ենք հաստատել նաեւ ՊՆ Մարդու իրավունքների բարեվարքության վարչության պետի հետ, ով հայտնել է, որ տեղյակ է խնդրից, խոսել է Կապանի ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ.զինվորին միայն հորդորել են մաքրել իրեն հատկացված տարածքը, այլ պարտադրանք եւ ծեծ չի եղել։ Դեպքի առթիվ ծառայողական քsննություն է ընթանում, իսկ զինվորի գտնվելու վայրը հայտնի չէ»։
ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՎՆԱՍԸ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ավարտվել է ներկայումս Երեւանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող ընկերություններից մեկում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որի շրջանակներում վերականգնվել է համայնքին պատճառված 805 մլն ՀՀ դրամ վնասը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Առերեւույթ հանցանք կատարած անձի նկատմամբ որոշում է կայացվել վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործով վարույթը կարճելու մասին:
ԿՆՈՋ ՄՈՏ
Սույն թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ի մոտ երկարատեւ տեսակցության եկած կնոջը: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են Մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,77 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 2,5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեկ զույգ անլար ականջակալ, ապակե կաթոցիչ եւ կոտրված ներարկիչ, որում առկա է եղել բաժանորդային քարտ: Այս մասին հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՏԱՐԱԾԵԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հայտարարություն են տարածել Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է. «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական եւ անձնական բարձր հատկանիշների վրա, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին՝ ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի եւ դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում»։