Փետրվարի 4-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացավ արվեստագետ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Նրա մահը մեծ կորուստ էր ոչ միայն մշակութային գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի համար։ Արթուր Գրիգորյանը տասնամյակներ շարունակ պայքարեց եւ կրթեց սերունդներ։ Գրիգորիչի դպրոցն անցածներին անհնար է չտարբերակել թե՛ կատարողականով, թե՛ երաժշտական ճաշակով, թե՛ գրագիտությամբ:
ArmLur.am-ը առանձնացրել է հայ հայտնիների, որոնք մեծ ցավ եւ ափսոսանք են ապրում մեծ կոմպոզիտորի մահվան կապակցությամբ:
Երգչուհի Նարե Գրիգորյանը սիրելի ուսուցչի մասին գրել է. «Գնաց երկինք մի մարդ, ով իմ ուսուցիչն էր, իմ ավագ ընկերը, իմ տան անդամը, իմ վերելքների ու վայրէջքների ականատեսն ու իմ մեծ խորհրդատուն… Մաեստրո՛ ջան, հոգիդ լուսավորվի»:
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը կատարել է սրտառուչ գրառում եւ նշել. «Ահա եւ փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն… Ուսուցիչ, մաեստրո… Արթուր Գրիգորիչ ջա՛ն, բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ: Մանե ջա՛ն, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ, բայց ձեզ կմնա անսպառ կարոտը:…. Շատ եմ ցավում… Անհայր ապրելը անհավանական ծանր է… Գրկում եմ պինդ-պինդ»։
Երգչուհի Նունե Եսայանը խորը վշտով գրել է. «Իմ հա՛յր, իմ ընկե՛ր, իմ եղբա՛յր, իմ պահապա՛ն, իմ ուղեկի՛ց, իմ խորհրդատո՛ւ, իմ թա՛նկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, ի՛մ Գրիգորիչ»։
Հաղորդավար Էրիկ Անթառանյանը, հշելով Մաեստրոյին, գրել է. «Անցնում էր, ասաց՝ հաղորդումից պարֆյումի հոտ է գալիս… Դաջվեց, ինչ անեմ, պիտի «պարֆյումի հոտ գա», կամ չանեմ… Մեղադրում էի՝ դու ես մեղավոր, որ Արցախն էսքան սիրեցի, ու հիմա ցավը անտանելի է, մեղմ ժպտաց. ավելի անտանելի ցավեր կան։ Ցտեսությո՛ւն, Գրիգորիչ ջա՛ն։
Աստված հոգիդ լույսերի մեջ պահի Արթուր Գրիգորիչ ջա՛ն»:
Երգչուհի Սոնա Ռուբենյանը իր առաջին ուսուչի մասին գրել է. «Մարդ, ով ինձ համար բացեց մեծ ու կախարդական երաժշտության դուռը ու ընդունեց իր սրտի տուն՝ Երգի պետական թատրոն: 5 տարեկան էի, երբ ձեռքս բռնեց ու առաջին անգամ օգնեց բեմ բարձրանալ, երգել, լսել ու սիրել ճիշտ երաժշտությունն ու, ամենակարեւորը, հավատրիմ մնալ կյանքում որդեգրած լավագույն սկզբունքներին… Շնորհակալ եմ, որ Ձեր օրինակով ցույց տվեցիք՝ ինչպես կարելի է լինել լավ երաժիշտ, լավ մարդ ու լավ հայ…»։
Մեծ կոմպոզիտորի մահվան առթիվ ցավակցական եւ վշտալի գրառումներ են կատարել նաեւ Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Անահիտ Շահբազյանը, Սարո Թովմասյանը, Հրաչուհի Ութմազյանը, Արմինկան եւ այլք։
ArmLur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նույնպես միանում է ցավակցություններին։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑՎԵԼ Է ԿԱՄՈ ՆԻԳԱՐՅԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային պատկերասրահը արվեստասերներին է ներկայացրել հայ ժամանակակից արվեստի եւ դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը, որը բացվել է փետրվարի 4-ին:
«Թղթե ականներ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Թեք տեղ» թատրոնի կողմից՝ Երեւանի Գյոթեի կենտրոնի համագործակցությամբ, ընդգրկում է ավելի քան 70 տպագրված եւ անտիպ պաստառներ, ինչպես նաեւ նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին։
Անդրադառնալով քաղաքական, թատերական, ցուցահանդեսային եւ կինոյի թեմաներին՝ Նիգարյանը կոտրեց այն իլյուստրատիվ եւ խրատական մոտեցումների սահմանը, որոնք բնորոշում էին պաստառների նկատմամբ վերաբերմունքը ԽՍՀՄ-ում եւ Հայաստանում։ 1960-ականների լեհական, կուբայական եւ արեւելագերմանական գրաֆիկական արվեստի ազդեցության տակ նկարիչը միաձուլեց էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական եւ մինիմալիստական ոճերը գրատպության կոնցեպտուալ կիրառմամբ՝ ստեղծելու «քննադատական» պաստառի իր ուրույն տեսլականը: Այս պատկերագրորեն բարդ, բայց միտքը բորբոքող պատկերները ամբողջացնում են Նիգարյանի հետարդիական գեղագիտությունը բազմածիր պատկերային մի լեզվում, որը «չէր վաճառում» կամ պարտադրում որոշակի ապրանք կամ գաղափար, այլ դիտողին տանում էր դեպի պատկերված առարկայի վերլուծական բացահայտում:
Վերջին տարիներին Նիգարյանի ստեղծագործության վերաբացահայտումը եղել է ոգեշնչման կարեւոր աղբյուր երիտասարդ հայ գրաֆիկ նկարիչների համար՝ դառնալով որոշակի խթան Հայաստանում պաստառային արվեստի վերածննդի համար:
ՀԱՂԹԱՆԱԿ
Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը մեկնաբանել է նորամուտը իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմում։ Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Յուվենտուսը» 2։0 հաշվով հաղթել է «Վերոնային»։ Երկու գոլերն էլ խփել են նորեկները։ Դուշան Վլահովիչը բացել է խաղի հաշիվը, շվեյցարացի կիսապաշտպան Դենիս Զաքարիան կրկնապատկել է դաշտի տերերի առավելությունը։ «Շատ կարեւոր էր հաղթանակն այս խաղում։ Հենց սկզբից ճիշտ տրամադրվածություն ունեինք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս եւ մարզիչին ինձ օգնելու համար։ Ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագ հարմարվեմ նոր ակումբում։ Մարզիչն ասաց, որ անհանգստանալու պատճառ չկա։ Ցանկանում եմ առավելագույն ներդրում ունենալ թիմային հաջողություններում»,- Վլահովիչի խոսքը մեջբերում է Football Italia-ն։ «Յուվենտուսը» 45 միավորով չորրորդն է, «Վերոնան» 9-րդ տեղում է՝ 33 միավոր։
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է փարիզյան թիմի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի արդյունավետ խաղը Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում։ ՊՍԺ-ն 5։1 հաշվով հաղթել է չեմպիոն «Լիլին», Մեսին դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ «Ես ոչ մի կասկած չունեի, որ Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Մյուսների նման Մեսիին էլ ժամանակ է պետք նոր պայմաններին հարմարվելու համար։ Մեկ ամիս Մեսին չխաղաց կորոնավիրուսի հետեւանքով։ Ժամանակ էր պետք, որպեսզի նա վերադարձնի լավագույն մարզավիճակը։ Կարեւոր է, որ հետագայում էլ Մեսին դրսեւորի այսպիսի նպատակասլացություն»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։