ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.0 հազար մարդ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 2?3 հազարով։ 2020 թվականի տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 959.7 հազար, իսկ 2019-ի սկզբին՝ 2 մլն 965.3 հազար։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 891.9 հազար, իսկ գյուղականը՝ 1 մլն 069.1 հազար։ Երեւան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 092.7 հազար մարդ։

ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 964.6 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 896.7 հազար, գյուղականը՝ 1 մլն 067.9 հազար մարդ: 2020 թվականի հուլիսի մեկի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.0 հազար, այսինքն՝ հեղափոխությունից հետո բնակչության թիվը շարունակում է նվազել։

 

 

Երկար փնտրտուքներից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջապես նախագահի թեկնածու գտավ ու առաջադրեց, այժմ էլ մտածում է Վահագն Խաչատուրյանի թեկնածության հարցի քննարկման, այնուհետ դրա ընտրության կարգը հավուր պատշաճի կազմակերպելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ Խաչատուրյանին առաջին փուլով ընտրելու խնդիր է իր առջեւ դրել իշխող ուժը: Բայց քանի որ դրա համար բավարար 81 ձայն չունի իշխանությունը, որոշել է դիմել ընդդիմադիրների օգնությանը ու բանակցելով նրանց հետ՝ քվերակության, ընտրության համար պակաս 11 ձայն խնդրել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում ու չի էլ կարծում, թե նման սցենար կարող է լինել: «Ընդդիմադիրները հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը, հետեւաբար բավարար ձայներ չեն լինի, որ նախագահն առաջին փուլում ընտրվի: Ձեր հարցի հավանականության կամ անհավանականության մասին խոսել չեմ ցանկանում»,- նշեց նա: Հարցը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանի անկեղծ ծիծաղն առաջացրեց. «Մենք հայտարարել ենք, որ այդ տրագիկոմեդիկ ֆարսին չենք մասնակցելու: Իշխանությունը, հիշում եք, չէ՞, ասում էր, որ նախագահի թեկնածու առաջադրված ցանկալի մարդուն երկրորդ փուլով կանցկացնի, իսկ իրենց ցանկալի մարդիկ, գիտենք, տեսել ենք՝ ովքեր են: Ո՞ւմ էին օրինակ ներկայացրել ՀՌԱՀ-ի թափուր տեղի համար. կղանքին ձոն նվիրած նախկին պատգամավորին: Բայց ասացին, չէ՞, որ եթե հարկ լինի, ապա ուժով կանցկացնեն. նույնն էլ այս պարագայում»:

 

 

ՀՀ գլխավոր  դատախազությունը վերջին  շրջանում  բավականին ակտիվացել է, եւ  ինչպես  նկատում  է «Ժողովուրդ» օրաթերթը, հրապարակային դաշտում  կոշտ  քննադատում  կամ ուշագրավ որոշումներ  է  կայացնում  նախաքննական  մարմինների  գործունեության  մասով: Օրինակ՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել եւ այն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը եւ այն հետ է ուղարկել: Գրեթե նույնը կրկնվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով: Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Ու թեեւ գործերը  հետ  են ուղարկվել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթին հասած  տեղեկություննների  համաձայն, գործով  անցնող  մեղադրյալների  մասնակցությամբ  որեւէ  քննչական  գործողություն չի  իրականացվել: Եվ, ահա,  հիմա  էլ  դատախազությունը  ոստիկանությանն  է  կոշտ  քննադատության  ենթարկել եւ այն էլ՝ հրապարակային: Ըստ դատախազության՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, պարտականությունների հանցավոր չկատարում, ինչը  նպաստում    է հանցագործությունների  թվի աճին: Այսինքն՝ ոստիկանները հանցանքի դեպքերը չեն գրանցում, որ չբացահայտման դեպքեր չունենան: Արդյունքում թերությունների  վերացման համար Գլխավոր  դատախազը դիմել  է  ՀՀ ոստիկանապետին: Այսպիսով, դատելով իրավիճակից՝ գլխավոր  դատախազ  Արթուր  Դավթյանը մինչեւ  սեպտեմբեր  ամիսը իր  լիազորությունների  դադարեցումը որոշել  է «ատամ ցույց տալ»  բոլոր  ուժային  կառույցներին  եւ  իսկապես  դատախազ  աշխատել, քանի  որ  մինչ  այդ  աշխատում  էր մեղադրանք  դակող: Ուշացած  քայլ  է, բայց  ավելի լավ է ուշ, քան երբեք: Իսկ մենք  կհետեւենք  Գլխավոր  դատախազության  զարգացումներին, քանի  որ  մինչեւ  սեպտեմբեր  հետաքրքիր  զարգացումներ  են սպասվում:

 

 

«Ավիացիայի մասին»  ՀՀ օրենքում լրացում կկատարվի, ինչի արդյունքում ավիաընկերությունները կարող են տուգանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխադրողը պատասխանատվություն կկրի ուղեւորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների պահանջների խախտումով փոխադրման համար: Այսինքն՝ ավիաընկերությունը պատասխանատվություն է կրելու Հայաստանի օդանավակայանում ուղեւորների եւ օդանավի անձնակազմի անդամների պահպանության եւ խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչեւ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը։ Ավելին, պատասխանատվություն է կրելու նաեւ օդանավակայանում ուղեւորների պահպանության եւ խնամքի համար սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տվյալ չվերթի ուղեւորին ՀՀ տարածք մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժելու դեպքում: Այս պահանջները չկատարելու համար տուգանք կնշանակվի, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային ստանդարտներով սահմանված պատասպանատվության պատշաճ կատարմանը: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ այս պահանջների չկատարման դեպքում ավիաընկերությունը կտուգանվի 500 հազար դրամի չափով:

 




Լրահոս