ՀՀ ԱԱԾ-ում ստացված փաստական տվյալների հիման վրա՝ Ոստիկանությունից ՀՔԾ ուղարկված նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված եւ քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Բերդ քաղաքի բնակիչ Կ. Մ.-ն, հայտնաբերելով անհայտ անձի կողմից տան բակում գտնվող արհեստանոց-շինության մուտքի դռների կողպեքները կոտրելով ապօրինի մուտք գործելու միջոցով մի քանի իրերի, այդ թվում՝ իր անունով հաշվառված որսորդական հրացանի գողության փաստը, հանցագործության մասին հաղորդում տալու նպատակով անմիջապես այցելել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին, հանդիպել բաժնի պետ Գ. Դ.-ին: Վերջինս օպերատիվ գծով տեղակալ Կ.Մ.-ին ձեւականորեն հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ հափշտակված որսորդական զենքը եւ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն գիտակցելով, որ հանցագործության դեպքը հաշվառելուց հետո մեծ է դրա չբացահայտման հավանականությունը՝ բաժնի ցուցանիշները չվատթարացնելու նպատակով Գ. Դ.-ն ու Կ. Մ.-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հիշյալ հանցագործության դեպքը սահմանված կարգով չեն հաշվառել բաժնում: Փոխարենը բաժնի պետի խնդրանքով քաղաքացին ներկայացրել է դիմում այն մասին, որ որսորդական զենքը ոչ թե հափշտակվել է, այլ այն կորցրել է անտառում, որպեսզի քողարկվի հանցագործության դեպքը:
Հետագայում եւս երկու անգամ քաղաքացին հայտնաբերել է անհայտ անձի կողմից նույն եղանակով նույն արհեստանոցներից հափշտակություններ կատարվելու փաստեր՝ յուրաքանչյուր անգամ այդ մասին տեղեկացնելով Ոստիկանության Տավուշի բաժնի պետին եւ տեղակալին: Սակայն նույն շահադիտական նպատակներով վերջիններս ամեն անգամ անտեսել են սահմանված կարգով քաղաքացուց հանցագործության մասին հաղորդում ընդունելու պահանջները, շարունակվող գողությունների պայմաններում համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել շինությունները դիտարկման տակ պահելու ուղղությամբ, ինչի պատճառով հանցագործին հաջողվել է թաքնվել: Նախաքննության ընթացքում ոստիկանության Տավուշի բաժնի պետ Գ.Դ.-ն ընդունել է մեղքը, զղջացել, տվել ինքնախոստովանական եւ հանցակիցներին մերկացնող ցուցմունքներ: Ելնելով դրանից՝ գործուն զղջալու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նա ազատվել էր ոստիկանությունում ծառայությունից: Մինչդեռ բաժնի պետի տեղակալ Կ. Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նախաքննության ընթացքում դատախազի համաձայնությամբ քննիչը կայացրել է վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում:
Քրեական գործը վերջինիս վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով կայացրել է մեղադրական դատավճիռ: Դատական ակտի դեմ պաշտպանի կողմից բերվել է վերաքննիչ, ապա վճռաբեկ բողոք, որոնք մերժվել են:
Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է ոստիկանության նշված աշխատակիցների կողմից հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման եւ դրանց ընթացք տալու կարգի ապահովման, ինչպես նաեւ հանցագործությունները եւ դրանք կատարող անձանց բացահայտելու նպատակով համապատասխան քրեադատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու պարտականությունների հանցավոր չկատարումը:
Նկատի ունենալով, որ դա նպաստում է հանցագործությունների թվի աճին, հանցագործների շրջանում անպատժելիության մթնոլորտի առաջացմանը եւ հանցագործություններից տուժած անձանց մոտ ձեւավորում է անվստահություն իրավապահ համակարգի նկատմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է հասցեագրվել Ոստիկանության պետի տեղակալին՝ նշված թերությունները, դրանց պատճառները, նպաստող հանգամանքները վերացնելու, ինչպես նաեւ ոստիկանության Տավուշի բաժնի պետի տեղակալ Կ. Մ.-ի հետագա պաշտոնավարումը դադարեցնելու հարցը քննարկելու նպատակով: ՀՀ դատախազությունը իրազեկում է քաղաքացիներին, որ «ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու եւ դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման 35-րդ կետով սահմանված է, որ դիմողից նրա ներկայացուցչից անմիջապես ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում հանցագործության մասին հաղորդում ընդունելիս հաղորդում ընդունող ոստիկանության իրավասու ծառայողը պարտավոր է վերջիններիս անհապաղ տրամադրել կտրոն-ծանուցագիր (ձեւ N 4), իսկ էլեկտրոնային եղանակով հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում հաղորդում ներկայացնողին կտրոն-ծանուցագիրն ուղարկվում է էլեկտրոնային եղանակով:
Ն. Պ.
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։ Նիստը սկսվել էր տեխնիկական ընդմիջմամբ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանից ստացվել է տեղեկություն այն մասին, որ փետրվարի 7-ին փաստաբանը Կապանում մասնակցել է նիստի եւ երեկ չի կարողացել վերադառնալ։ Երեկ ճանապարհին տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով նա չի հասցնում ներկայանալ նիստի սկզբին։ Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանը ճանապարհին է։ Ընդմիջման ընթացքում հասցրել է ներկայանալ երկրի երկրորդ նախագահը։ Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ, իր տեղեկություններով, մեքենան է խափանվել։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ քանի որ իրենք չենք կարող ստուգել բացակայության հարգելիությունը, ապա ձեռնպահ կմնան դիրքորոշում հայտնելուց։ Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը 13.00-ին։
ԲՈԼՈՐՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
Քննչական կոմիտեն փետրվարի 8-ին Հայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել, բոլորն ազատության մեջ են։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանի՝ ռազմագերիներից վեցը երեկ ազատ են արձակվել, իսկ երկուսը, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով։ Անդրադառնալով լարված մթնոլորտում հարցաքննությունն անցնելու լուրերին՝ Թադեւոսյանն ասել է, որ հարցաքննությունը տեւել է մոտ 7 ժամ, որի ընթացքում ռազմագերիների ծնողները հուզված են եղել. «Շենքից դուրս է տեղի ունեցել լարվածությունը, ընդամենը մի փոքր բորբոքվել են ծնողները, հուզված են եղել։ Այն լուրերը, թե ծնողներն ապակիներ են կոտրել, կեղծ են։ Եթե պատրաստվել են կոտրել, դա դեռ չի նշանակում, որ կոտրել են։ Այդ լարվածությունը ոստիկանները հանդարտեցրել են»։
ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք։ Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ փետրվարի 8-ին՝ ժամը 9-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերված 8.5 խմ եւ 11 խմ փայտանյութի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր վարորդները չեն ներկայացրել։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը կազմել է 702.000 ՀՀ դրամ։ Միջոցառումները շարունակվում են։
ՈՒՇԱԳՐԱՎ ԴԵՊՔ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները մտել են Էջմիածին քաղաքի բնակչի տուն եւ ասել, որ ղեկավարությունը ցանկանում է իր հետ հանդիպել: Քաղաքացին ասել է, որ կարգ կա դրա համար, ոստիկանները նրան ասել են՝ եթե չգա, զոռով կտանեն, ու քաղաքացի Արտակին քարշ տալով՝ տարել են ոստիկանություն: Վերջինիս պաշտպան Օնիկ Առաքելյանը հայտնեց, որ այժմ շտապում է ոստիկանություն՝ հասկանալու համար, թե ինչու է ոստիկանության ղեկավարությունը, իր պաշտպանյալին տանից քարշ տալով, տարել բաժին:
ՄԱՀԱՑԵԼ Է ՕԴԱՆԱՎԻ ՄԵՋ
Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 03։10-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, եւ հայտնել են, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 94-ամյա Յուգաբեռ Թորոսյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎՃԱՐԵԼ
«Մենք միջնորդություն էինք ներկայացրել Առաջին ատյանի դատարան, որպեսզի Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը գրավի դիմաց փոխվի։ Մեր միջնորդությունը մերժվեց, եւ ըստ էության հիմա բողոքարկում ենք այդ որոշումը։ 80 միլիոն դրամից սկսած պատրաստակամ ենք վճարել, որպեսզի Առուշանյանը գտնվի ազատության մեջ»,- այս մասին ասել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Պաշտպանի խոսքով՝ միամտություն է կարծել, որ Առուշանյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է որեւէ մեկի վրա ազդեցություն ունենալ։ Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ Առուշանյանը կալանավորված է 2021թ.-ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։