ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ՏԵՂԱՊԱ՞Հ Է ԼԻՆԵԼՈՒ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այն տեսակետին է, որ խորհրդարանական ընդդիմությունը նախագահի համարժեք թեկնածու չուներ, այդ իսկ պատճառով որեւէ մեկին չի առաջադրել: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդդիմադիրների՝ նախագահի թեկնածու չառաջադրելն իրենց չի կաշկանդում: Ընդդիմությունը չի առաջադրում նախագահի թեկնածու, այսպես ասած, մնացել է «իշխանության ուսերին», եւ այնպիսի տպավորություն է, որ արդեն նախագահը ընտրված է, եւ խոսակցություններ կան, որ իշխանությունը ջանում է ամեն բան անել, որ թեկնածուն հենց առաջին փուլով անցնի։

 

-Այս տեղեկությունները որքանո՞վ են հավաստի։ Արդյոք իշխանությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է։

-Ընդդիմությունը չունի նախագահի թեկնածու, դրա համար չի առաջադրում՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում նախագահի ընտրության հարցը լեգիտիմացնել, այսինքն՝ կարելի է քննարկել, եթե որեւէ առարկություններ ունեն  Վահագն Խաչատուրյանի հետ կապված։ Նրանք արդեն բոլորը գիտեն, որ Վահագն Խաչատուրյանն է լինելու իշխող մեծամասնության թեկնածուն։ Կարող են գալ, դահլիճում մասնակցել այդ քննակումներին, արտահայտեն իրենց կարծիքը, վերջում չքվեարկեն, որպեսզի չլեգիտիմացնեն այդ պրոցեսը։ Բայց նրանք արդեն արել են հայտարարություն, եւ ինչպես նշեցի արդեն, նրանից է, որ չունեն նախագահի հարմար թեկնածու։ Այս ընթացքում մենք, ժողովուրդը տեսել է՝ ովքեր են նրանց ժամանակավոր վարչապետի թեկնածուն՝ հանձինս Վազգեն Մանուկյանի, տեսել ենք նրանց ցուցակի առաջին համարներին ինչպես է ժողովուրդ մերժել՝ մասնակցելով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հետեւաբար  ուղղակի  Վահագն Խաչատուրյանի հետ մրցակցող թեկնածու նրանք չունեն։

-Պարո՛ն Հակոբյան, առհասարակ գալով նախագահի եւ Վահագն Խաչատուրյանի հարցին՝ կարծիք  կա, որ նա ընդամենը տեղապահ է լինելու այդ պաշտոնում, մինչեւ լինեն սահմանադրական փոփոխություններ։ Այսինքն՝ երկիրը կդառնա նախագահական եւ իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն կունենա։

-Եթե մեր հանրությունը, քաղաքացիները լսել են Վահագն Խաչատուրյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ, ապա այնտեղ Վահագն Խաչատուրյանը բոլոր հարցերի պատասխանները տվել է, նա լինելու է տեղապահ, լինելու է դակիչ մարմին։ Նա սպառիչ տվել է բոլոր հարցերի պատասխանները։ Նաեւ պատասխանել է այն հարցին, թե ինչու պետք է, օրինակ, նախագահը ներդաշնակ լինի թիմի հետ։ Նա ասել է, որ ներդաշնակություն չի նշանակում, որ ինչ բերեն, ապա պետք է դա վավերացվի, ստորագրվի։ Ուղղակի մինչեւ նախագահին հասնելը, մինչեւ այդ օրենքը ընդունվել է, պետք է նախագահի ինստիտուտը նույնպես կարեւորվի, եւ քննարկումները տեղի ունենան մինչեւ օրենքների ընդունում, որպեսզի  դրանից հետո հարց չառաջանա՝ ուղարկել Սահմանադրական դատարան, թե ստորագրել։ Այսինքն՝ դրանով պետք է ներդաշնակ լինի թիմի հետ  նախագահը, որ օրենքների քննարկման ժամանակ նախագահի ինստիտուտը նույնպես հաշվի առնվի։ Ես վստահ եմ, որ Աժ-ում իր ելույթի ժամանակ  նա նույնպես կանդրադառնա այդ հարցերին, եթե ընդդիմության կողմից լինեն հարցեր, նա կկարողանան սպառիչ պատասխանել բոլոր հարցերին։

-Իսկ հարցի մյուս հատվածը, որ նա ընդամենը ժամանակավոր տեղապահ է լինելու, մինչեւ կարգը կփոխվի։ Ի՞նչ կասեք։ 

-Չկա նման քննարկում, դեռ նոր են աշխատում սահմանադրական բարեփոխումների վրա, եւ այս պահին ասել,  որ արդեն կա որոշում, թե ինչպիսին պետք է լինի հաջորդ Սահմանադրությունը, վաղ է։

-Իսկ իշխանությանը չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ առանց ընդդիմության է նախագահ ընտրվելու, այսինքն՝ առանց քննարկման։  

-Դա ընդդիմության որոշելիքն է։ Իշխանությունը չի որոշում, որ ընդդիմությունը չպետք է մասնակցի։ Ընդդիմությունն է որոշել, որ իրենք չեն ցանկանում մասնակցել, լավ կլինի՝ մինչեւ քննարկումները սկսելը փոխեն իրենց որոշումները, մասնակցեն այդ կարեւոր հարցի քննարկմանը, բայց եթե չմասնակցեն, մենք չենք կաշկանդվի, որովհետեւ իրենք ազատ են իրենց որոշումներում։ Մենք կմասնակցենք այդ քննարկումներին եւ այդ լեգիտիմ պրոցեսին։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

«ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱ». ՍՏԱՆԻՍԼԱՎ ԶԱՍ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման նոր հեռանկարների մասին. գրում է EADaily-ն։

 

«Վալդայ» միջազգային քննարկման ակումբի շրջանակում «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջան. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում ելույթ ունենալով՝ ռազմական դաշինքի վարչական ղեկավարը մատնանշել է «որոշ զգուշավոր լավատեսությունը» հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որը դադարեցրել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում եւ նշանավորել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության սկիզբը տարածաշրջանում, իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը՝ դադարել. ընդգծել է Ստանիսլավ Զասը:

«Լարվածության օջախներ, իհարկե, կան, դրանք հայ-ադրբեջանական սահմանին են։ Ես եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ տեսել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Բայց, ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում։ Այսպես չպետք է լինի»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Կողմերի առջեւ այժմ լուրջ խնդիր է դրված սկսել սահմանազատման եւ հետագայում սահմանագծման գործընթացը, սա մեծ ու բարդ աշխատանք է, որը, այնուամենայնիվ, զգալիորեն կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը. վստահություն է հայտնել նա։ «Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է, եւ սկսվում է մեկ այլ դարաշրջան: Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց, ամեն դեպքում, մենք պետք է ողջունենք այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման համար»,- ասել է Զասը։

Ն. Պ.

 

 

 

ՆՈՐ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն՝ 2 ամիս ժամկետով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է այս տարվա ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:

Վարժական հավաքներին կներգրավվի 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Բացի այս, նշենք, որ վարժական հավաքներին ներգրավվում են մոտոհրաձգային մասնագիտություններով մինչեւ 72 պահեստազորային, որոնցից` 18 պահեստազորային` ապրիլի 18 – 24-ը, 9 պահեստազորային` ապրիլի 25-ից մայիսի 4-ը, 18 պահեստազորային` մայիսի 15 – 24-ը, 27 պահեստազորային` մայիսի 17 – 26-ը, հրթիռահրետանային մասնագիտություններով մինչեւ 469 պահեստազորային` մայիսի 10 -19-ը:

Իսկ հետախուզական մասնագիտություններով մինչեւ 32 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` ապրիլի 18 -27-ը ներառյալ, 6 պահեստազորային` ապրիլի 19 – 28-ը, ինժեներական մասնագիտություններով մինչեւ 31 պահեստազորային` մայիսի 30-ից հունիսի 8-ը ներառյալ, տեխնիկական մասնագիտություններով մինչեւ 73 պահեստազորային, որոնցից` 42 պահեստազորային` մայիսի 10 – 16-ը, 31 պահեստազորային` հունիսի 6 – 15-ը, թիկունքային մասնագիտություններով մինչեւ 47 պահեստազորային` ապրիլի 15 – 24-ը:

 

 

 

ՍԱԿԱԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ

Այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, տրանսպորտային ծառայությունների սակագները նվազել են 1.1 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դա պայմանավորվել է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 4.3 տոկոս նվազումով: Իսկ ներքաղաքային տրանսպորտի ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ:

Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների սակագները բարձրացել են 11.37 տոկոսով: Սրա պատճառը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն է, որով այս տարվա հունվարի 1-ից նոր գներ են սահմանվել: Նշված փոփոխությունների հետեւանքով խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման կեղտաջրերի հեռացման ծառայությունների միջինացված սակագների փոփոխությունը նպաստել է սպառողական գների ինդեքսի ընդհանուր աճին 0.1 տոկոսային կետով:

Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ բոլոր քաղաքներում այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, մատուցված ծառայությունների գներն աճել են 0.4-0.7 տոկոսով: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր եւ Կապան քաղաքներում: Երեւանում մատուցված ծառայությունների սակագների մակարդակն աճել է 0.4 տոկոսով:

 




Լրահոս