ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՀՐԱՎԻՐՎԵՆ ԲՈԼՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկությանը։ Հանձնաժողովի լիազորությունների ժամկետ է սահմանվել վեց ամիսը, սակայն նիստի հենց սկզբում դահլիճը լքեցին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

 

«Հանձնաժողովի քննության առարկան է՝ առաջին՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, թուրքական կողմի կրած կորուստները, երկրորդ՝ արձանագրված անհաջողությունների քաղաքական ու ռազմական պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, երրորդ՝ պաշտպանության ոլորտի ղեկավարման եւ կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը, չորրորդ՝ զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը եւ համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին», – ներկայացրեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Արդեն նիստից հետո արդեն լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի անդամները չբացառեցին, որ քննիչ հանձնաժողովում առաջին հրավիրյալներից մեկը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, բա տենց հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերները ո՞նց իրանց ձեռքից բաց թողեցին, քանի ժամ ուզում էին, ինչ հարց ուզում էին», – ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ինչպես ավելի վաղ էին հայտարարել, որոշել են չմասնակցել պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Հիմնավորումը հետեւյալն է՝ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել:

«Օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ որ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է Ադրբեջանի կողմից պատերազմ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նկատմամբ: Որպես հանձնաժողովի անդամ, ինքնաբերաբար նաեւ քննիչ հանձնաժողովի անդամ՝ մենք հիմա լքում ենք դահլիճը, մեր որոշումներում մենք ենք որոշումը կայացնում մեզ համար, եւ եթե մարդ ես, մի օր նպատակահարմար համարենք, կարող է գանք, շարունակենք մասնակցել, բայց կրկնում եմ՝ այս բոլոր փաստարկների հիման վրա, ինչպես մեր երկու խմբակցություններն են հայտարարում, մենք չենք մասնակցում քննիչ աշխատանքներին», – հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

11-հոգանոց հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը իշխանականներն են, ընդդիմադիր «Հայաստանը» 3 անդամ ունի,  «Պատիվ ունեմ»-ը՝ 1։ Ըստ հաղորդագրության՝ հանձնաժողովում քննարկման առարկա են դառնալու պարտության պատճառները, հայկական կողմի կորուստների, զինվորականների գործողությունների օպերատիվության հարցերը, բանակցային գործընթացը։

Պատերազմի ավարտից 15 ամիս, նոր խորհրդարանի ձեւավորումից 7 ամիս անց միայն ԱԺ-ում ստեղծվեց 44-օրյա պատերազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Հետագա նիստերը, ինչպես փոխանցեց հանձնաժողովական Արմեն Խաչատրյանը, դռնփակ կանցկացվեն։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 4-ին Սմբատ Նասիբյանը դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ սնակության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը Սմբատ Նասիբյանի դիմումը` Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունել է վարույթ: Տիգրան Արզաքանցյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվել է Գեւորգ Գեւորգյանը: Նշենք, որ Տիգրան Արզաքանցյանին նաեւ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային եւ վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Արզաքանցյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչեւ 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդկերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ: Այս գործը դատարանում է, եւ դեռեւս դատարանը վճիռ չի կայացրել:

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Աղդամ կատարած այցի ժամանակ խոսել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին։ «Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է կքնվի խաղաղության պայմանագիր։ Այդ պայմանագիրը պետք է ստորագրվի միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա՝ փոխադարձաբար մեկմեկու տարածքային ամբողջականությունը ճանաչելով»,- ասել է Ադրբեջանի նախագահը, հավելելով, որ այդուհանդերձ «ադրբեջանցի ժողովուրդը չպետք է մոռանա այդ դաժանությունը, եւ ոչ մեկը չպետք է մոռանա այդ դաժանությունը»։ Ալիեւը համոզմունք է հայտնել, որ այն աշխատանքը, որը իրականացնում է Ադրբեջանը, նաեւ ռազմական ոլորտում կամրապնդի Ադրբեջանի դիրքերը։

 

 

ՆԵՐԿՐՎԵԼ Է

Առողջապահության նախարարության եւ ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջեւ կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում եւ պատվաստումային շարժական կետերում:

 

 

 

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Օրերս կառավարության նիստին քննարկված կենսաթոշակների մասին օրինագիծը հարուցել է դատախազաքննչական համակարգի երկարամյա աշխատանքային փորձառություն ունեցող չորս տասնյակից ավելի աշխատակիցների զայրույթը։ Բանն այն է, որ օրինագծով առաջարկվող փոփոխությունները կյանքի կոչվելու պայմաններում համակարգի հնաբնակները ստիպված են լինելու հրաժեշտ տալ աշխատանքին, քանզի հակառակ դեպքում նրանց կենսաթոշակի չափն էականորեն նվազեցվելու է։ Այլ խոսքով, բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել կենսաթոշակի իրավունք, մինչեւ առաջարկվող փոփոխությունների կյանքի կոչվելը այդ իրավունքից չօգտվելու պայմաններում հայտնվելու են անբարենպաստ իրավիճակում, քանզի նրանց նկատմամբ կիրառվելու եւ հետադարձ ուժ է տրվելու օրենքի վատթարացնող նորմին, որով նրանց համար նշանակվելու է նախկին օրենքով սահմանված կենսաթոշակից էականորեն ցածր կենսաթոշակ։

Առաջարկվող օրինագծով ոտնահարվում են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց իրավունքները։ Հարց է ծագում, թե ինչ նպատակով է կատարվում այս փոփոխությունը, մասնավորապես՝ այն միտված է դատախազներին ու քննիչներին կենսաթոշակի իրավունքով ապահովելուն, թե նախկին, փորձառու դատախազների ու քննիչների փոխարեն համակարգը նոր, անփորձ կադրերով համալրելուն, այլ խոսքով՝ նախկիններին նորերով փոխարինելուն։

 

 

ՕՊԵՐԼԻԱԶՈՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության թիվ 1 (ոլորտային) բաժնի գլխավոր օպերլիազոր Արամ Աղաջանյանի եւ ավագ օպերլիազոր Գագիկ Հակոբյանի հետ, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության հիմնադիր Ղուկաս Գրիգորյանից նույն ընկերության ֆինանսական գծով փոխտնօրեն Արա Կիրակոսյանի միջնորդությամբ ստացել են խոշոր չափերի կաշառք: Նկատենք, որ, վերոնշյալ պաշտոնյայից բացի, նաեւ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 8 անձ: Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան:

 

 

 

 




Լրահոս