ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԵՐ ԶՐԿՎԵԼ ԵՆ ՋՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է Գեղարքունիքի մարզի  սահմանամերձ համայանքների խմելու ջրի հարցի մասին: «Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաեւ ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո: Օրինակ` Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաեւ գյուղի ջրամատակարարման համար նախատեսված ջրավազանը եւ շուրջ 2,5 կմ ջրագիծը: Ինչպես տեղեկացրել են բնակիչները, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մինչեւ պատերազմը նախատեսված է եղել Նորաբակում [Սոթքում եւ մի շարք այլ գյուղերում] լուծել ջրի խնդիրը` ջրավազանից ջրագծեր անցկացնելով, բայց աշխատանքներն ավարտին հնարավոր չի եղել հասցնել ադրբեջանական ներխուժումների, հանցավոր արարքների պատճառով։

 

Նորաբակում մարդիկ իրենց տներում ջուր չունեն, ջուրն ընդամենը գյուղում չորս տեղ է, այն էլ ոչ լիարժեք է գալիս. այդտեղից գյուղի բնակիչները ստիպված են գրեթե ամեն օր դույլերով ոտքով, մեքենայով կամ այլ հարմարանքներով խմելու եւ կենցաղային կարիքների համար ջուր բերել: ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվել նաեւ այն ջրավազանը, որն ապահովում է Ջաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերը:

Գեղամաբակում, օրինակ, անգամ ստիպված են 1,5 կմ եւ ավելի հեռավորությամբ հարեւան գյուղից բերել ջուր` խմելու ու կենցաղային հարցերի համար, ու այն էլ՝ մեծ դժվարություններով` դույլով ու ոտքով, մեքենայով եւ այլն: Ջաղացաձորում մինչեւ ադրբեջանական ներխուժումները ջուր եղել է, իսկ 2021թ. մայիսից հետո բնակիչները լուրջ դժվարությունների առաջ են կանգնել: Սոթքում եւս ջրի մեծ խնդիր կա. ջրավազանը, որից ջրագծով պետք է բերվի ջուր, գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության ներքո: Ջաղացաձորում ադրբեջանական ներխուժումներից հետո 100 հա արոտավայր գտնվում է դիտարկման ներքո, որն անհնարին է դարձրել մարդկանց կողմից այդ տարածքների օգտագործումը։ Գրեթե բոլոր գյուղերում մարդիկ նշել են, որ ստիպված են եղել վաճառել իրենց կենդանիները կամ դրանց մի մասը, քանի որ չեն կարողանում խոտի ձմեռվա անհրաժեշտ պաշար հավաքել. եթե առաջին տարին կարողացել են ինչ-որ կերպ լուծել խնդիրը, ապա այս տարի բարդություններն ավելանալու են: Ավելին, քանի որ գարուն է մոտենում, մարդկանց անհանգստացնում են անվտանգության հարցերը, իրենց հողատարածքները մշակելու, արոտավայրերում կենդանիներին արածեցնելու անհնարինությունը: Օրինակ` Նորաբակում մարդիկ, իրենց հաշվարկով, զրկվել են 1300 հա արոտավայրից, վարելահողից, խոտհարքից: Այս ամենից զատ, գյուղերը դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից (հատկապես՝ Կութ, Նորաբակ, Սոթք եւ մի շարք այլ գյուղեր):

Օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում ձեռք բերվեցին վկայություններ, որ գյուղերում ադրբեջանական կրակոցների ձայներ են լսում գրեթե ամեն օր, ինչպես նաեւ ադրբեջանական զինված ծառայողներն ահաբեկելու նպատակով գյուղերի ուղղությամբ արձակում են հեռահար լույսեր: Դա լուրջ անհանգստացնում է մարդկանց, քանի որ անվտանգության, կյանքի եւ մյուս կենսական իրավունքների մասին է խոսքը: Կութում, Սոթքում, Նորաբակում, օրինակ, արձանագրվել են ադրբեջանական կրակոցներ, երբ մարդիկ արածեցրել են իրենց կենդանիներին։ Ավելին, բնակիչները նշել են, որ տարբեր անգամներ են լսել՝ ինչպես են ադրբեջանական զինծառայողները, իրենց համոզմամբ, հարբած վիճակում հայհոյում, վիճում իրար հետ ու կրակոցներ արձակում: Խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով:

Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով մինչեւ Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձեւում:

Սա չի նշանակում, թե այդկերպ միանգամից որոշում ենք՝ ինչ կամ ում տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ եւ այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը:

2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության՝ նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) տեղերն ըստ մասնագիտությունների նախագծելիս հաշվի են առնվել՝

l բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաեւ անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,

l բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաեւ մասնագիտությունների թիվը, որոնցով բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտներն իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր,

l նախկին տարիներին հատկացված տեղերի եւ փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը,

l մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:

Այսպես, 2022-2023 ուսումնական տարում պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական եւ տեխնիկական գիտություններին: Նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից 20-ը (57.14%-ը) նախատեսվում է տրամադրել բնական եւ տեխնիկական գիտություններին: Բացի բնական եւ տեխնիկական գիտություններից, անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաեւ հայագիտության, արվեստի ոլորտներին եւ հասարակական գիտություններին: Պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ միջպետական համաձայնագրերով նախատեսվում է տրամադրել 24 տեղ: Այլ գերատեսչությունների եւ Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 2 առկա եւ 6 հեռակա անվճար ուսուցման տեղեր: Ըստ նախագծի՝ 2022-2023 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա եւ հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով բուհերի եւ ԳԱԱ-ի ներկայացրած լրացուցիչ հայտերը, կվերաբաշխի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր եւ մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի: Շահառու խմբերը մինչեւ փետրվարի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

 

 

 

«ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ՊԵՍ ԲԶԿՏՈՒՄ ԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆԸ»

«Առաջարկում ենք, որ պետությունը հետ գնի տարածքը կամ համարժեքն առաջարկի, որովհետեւ միանշանակ նման կառույցի շինությունը ինստիտուտին անդառնալի վնաս է հասցնելու»,- նշել է Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը՝ անդրադառնալով կենտրոնի տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու փաստին:

 

«Թող պետությունը հստակ դիրքորոշում հայտնի. եթե իրենց պետք չէ ինստիտուտը, թող հիմա էլ փակեն, ոչ թե երկու տարուց, որովհետեւ ընդամենը երկու տարուց ինստիտուտը չի գործի։ Մարդ պետք է անհայրենիք լինի, որ թույլ տա այդտեղ բնակելի սարքել։

Կառավարությունը ներկայացնում է, որ այդ տարածքով ընդամենը մեկ ջրագիծ է անցնում, ինչը խանգարում է կառուցմանը, բայց չի ներկայացնում, որ դա ինստիտուտի բակ է։ Ես անձամբ Վահան Քերոբյանին ասում եմ՝ գիտեք, որ դա ինստիտուտի բակ է, ասում է՝ ես տեղյակ չեմ եղել։ Բա որ տեղյակ չեք եղել, ոնց եք ներկայացրել։ Տարածքին նույնիսկ ծանոթ չեն, ուր մնաց՝ գիտենան, թե հետո ինչ կկատարվի»,-ասել է նա:

Իր հերթին նույն ինստիտուտի գիտաշխատող Արփինե Հարությունյանը նշել է, որ ինստիտուտը մեծ դեր ունի Հայաստանի գիտության ոլորտում, եւ պատահական չէ, որ պետության կողմից մեկ տարում 15 դրամաշնորհ է ստացել։ Նրա խոսքով՝ պաշտոնյանները, փոխանակ օգնեն զարգացնել գիտությունը, բորենիների պես բզկտում են գիտության մարմինը։ Հիշեցնենք, որ նախօրեին ինստիտուտի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել  ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ՝ ինստիտուտի տարածքում նախատեսված բնակելի շենքի կառուցման դեմ։

Նրանց ձեռքին կային պաստառներ հետեւյալ գրառումներով. «Գիտությունը պետության հիմքն է», «Գիտությունն անվտանգություն է», «Մի՛ վնասեք գիտությանը», «Կա գիտություն, կա ապագա», «Հզոր գիտություն, հզոր Հայաստան» եւ այլն: Նրանք պահանջել են դադարեցնել շինարարական աշխատանքները՝ փորձելով պետական մարմինների ուշադրությունը հրավիրել բարձրացրած խնդրին։ Կենտրոնի գիտաշխատողները պնդում են՝  նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը եւ բնակելի շենքն անհամատեղելի են:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 




Լրահոս