Ինչպես է կորոնավիրուսն ազդում զարկերակային ճնշման վրա. որ դեպքում դիմել բժշկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնարավոր է արդյոք կորոնավիրուս վարակն ազդի զարկերակային ճնշման վրա: Պարզվում է՝ զարկերակային ճնշումը շնչառական վարակների ժամանակ, որոնցից մեկը COVID-19-ն է, կարող է և՛ բարձրանալ, և՛ իջնել։ Այս մասին Sputnik ռադիոյի հետ զրույցում բացատրել է բժիշկ Գեորգի Սապեգոն։

«Եթե մարդու մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, սովորաբար նրա զարկերակն արագանում է եւ արյան ճնշումը բարձրանում: Դա պայմանավորված է նյութափոխանակության արագացմամբ՝ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ։ Իսկ եթե վարակը ծանր է, մարդը թուլանում է, դառնում անտարբեր, գիտակցությունը՝ շփոթված, հետո արյան ճնշումը, հակառակը, նվազում է»,- ասել է Սապեգոն Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, հիվանդության ժամանակ զարկերակային ճնշման բարձրացումը երբեմն կապված է ջերմիջեցնող դեղամիջոցներ ընդունելու հետ։

«Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպիսին Իբուպրոֆենն է, այնպես են ազդում երիկամների վրա, որ պահում են հեղուկը և բարձրացնում արյան ճնշումը: Բժիշկները նույնիսկ միտումնավոր օգտագործում են այս կողմնակի ազդեցությունը արյան ճնշումը բարձրացնելու համար այն մարդկանց մոտ, որոնք հաճախ ուշաթափվում են: Նույնը ցանկացած վարակի դեպքում, ոչ միայն մարմնի ջերմաստիճանն է զարկերակային ճնշումը բարձրացնում, այլեւ՝ ջերմիջեցնող դեղերը»,- պարզաբանել է Գեորգի Սապեգոն։
Հիվանդության ժամանակ զարկերակային ճնշման կտրուկ անկումն անհանգստացնող ախտանիշ է, որն ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

«Եթե մարդու մոտ, վարակի ֆոնի վրա, նրա սովորական հիպերտոնիան հանկարծակի իջել է 40 միլիմետր սնդիկի սյունակով, դա վատ է, կամ եթե կանգնելիս ճնշումը իջել է 20 միլիմետրով, կամ էլ՝ սիստոլիկ ճնշումը 90 միլիմետրից պակաս է։ Սրանք բոլորը անհանգստացնող նշաններ են, եւ անհրաժեշտ է դիմել բժշկի օգնության, անգամ կարող է պահանջվել հոսպիտալացում: Սա հատկապես վտանգավոր է տարեցների և վարակի հետևանքով թուլացածների համար»,- մանրամասնել է մասնագետը։

Բժշկի խոսքով՝ COVID-19-ը կարող է հանգեցնել արյան ճնշման դիսկարգավորման, նման դեպքերում, ապաքինվելուց հետո հիվանդները շարունակում են բողոքել թուլությունից, գլխապտույտից և հիպոթենզիայի այլ ախտանիշներից։
«Կորոնավիրուսով վարակվելուց հետո, որոշ պացիենտների մոտ կարող են նկատվել արյան ճնշման խախտում: Մարդիկ հաճախ գանգատվում են մարմնի ուղղահայց դիրքում ճնշման անկումից, չեն կարող աշխատել, չեն կարող սպորտով զբաղվել թուլության և գլխապտույտի պատճառով: Այնուամենայնիվ, երբ մարմինը վերականգնվի, ապա իրավիճակը կկարգավորվի»,- նկատել է Սապեգոն:

Ս.Հ.




Լրահոս