ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Եվրանեսթ»-ի նիստերը կարեւոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը Երեւանում։

 

Ընդունելով ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետը շեշտել է՝ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում առկա փոխգործակցությունը:

Հայտարարելով, որ ժողովրդավարության զարգացման օրակարգը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է՝ Փաշինյանն ասել է, որ այդ ուղղությամբ քայլերը շարունակելու են կրել հետեւողական ու շարունակական բնույթ:

Կուբիլիուսը շեշտել է Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ բարեփոխումների փաստը եւ հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու խորանալ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերաբերյալ, ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման նպատակով:

Անդրիուս Կուբիլիուսն Երեւանում հանդիպել է նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ը Երեւանում անցկացվում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Հայաստանի Ազգային ժողովի լրատվական վարչության փոխանցմամբ՝ նիստերին կմասնակցեն Եվրամիության Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորված է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երեւան:

«Եվրանեսթ»-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մշտական հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց: Երեւան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն են Թաիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը, եւս մեկ անձ նրանց ուղեկցում է։

Հայկական կողմը Ադրբեջանից ժամանող պատվիրակությանը անվտանգության երաշխիքներ տրամադրել է, դա նման իրավիճակներում բնական ընթացակարգ է, փոխանցում է իշխող ուժի պատգամավորը՝ հիշեցնելով 2017 թվականը, երբ Բաքուն կրկին «Եվրանեսթ»-ի շրջանակներում նման երաշխիքներ էր տվել հայ պատգամավորներին։

«Նմանատիպ այցերի ժամանակ, հաշվի առնելով ընդհանուր համատեքստը, կողմերը միմյանց ժամանող անձանց տրամադրում են անվտանգության երաշխիքներ: Երբ տիկին Մանե Թանդիլյանը եւ Արմեն Աշոտյանը մեկնել էին Բաքու 2017 թվականին, նմանատիպ երաշխիքներ տրամադրվել էին նաեւ նրանց: Դա բնական է», – նշեց ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երեւանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ-որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում եւ սեփական տների մոտ: «Այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար, դրանց նկատմամբ որեւէ վերահսկողություն չի իրականացվել, եւ հորդորում ենք ոչ մի դեպքում այն չգնել»,-հայտնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը:

 

 

 

ՋՐԾԱՂԻԿԻ 172 ԴԵՊՔ

«Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են հետեւյալ հիվանդությունները. աղիքային վարակի՝ 25, ջրծաղիկի՝ 172 դեպք, թոքաբորբով ուղեկցվող սուր շնչառական վարակների՝ 71 դեպք»,-հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Սննդային թունավորման դեպքեր Երեւան քաղաքի բնակիչների շրջանում չի արձանագրվել:

 

 

ՀԱՍԱՆԵԼԻ Է

COVID-19-ի դեմ Pfizer պատվաստանյութի ձեռք բերված խմբաքանակը բաշխվել է եւ հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում եւ պատվաստումային շարժական կետերում: Pfizer-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ): Որպես բուստեր դեղաչափ` Pfizer պատվաստանյութը կիրառելի է 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց:

 

 

ԱՅԴՊԵՍ ՉԵՆ ԱՆԻ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության  հեղինակած Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասել է, որ ելույթ ունենալու իմաստ չի տեսնում։ «Նիստի ընթացքում անընդհատ հարց էր առաջանում՝ իսկ ի՞նչ իմաստ ունի ելույթ ունենալ: Որոշումը կայացված է, նրանք, որոնք չեն հասցրել, էսօր SMS-ով կամ որեւէ այլ կերպ կստանան, թե ինչպես քվեարկել: Բայց հետո հասկացա, որ ելույթ պետք է ունենալ, որ մեր համաքաղաքացիները տեղեկանան, թե հիմա ինչ է տեղի ունենում»,- նշել էնա։ Հ. Մամիջանյանի խոսքով՝ միջազգային հարաբերություններում հնարավոր չէ ջայլամի քաղաքականություն վարել եւ չնկատել տեղի ունեցող գործընթացները. «Թուրքիայի օրենսդիրում Թուրքիայի փոխնախագահը պաշտոնական հայտարարում է, որ թուրքական հատուկ ծառայություններն ուղղակիորեն ներգրաված էին 44-օրյա պատերազմին, մենք ինչ ենք անում, ասում ենք՝ ինչ լավ է  Թուրքիան հայտարարել է, որ առանց նախապայմանների է մեզ հետ հարաբերությունների կարգավորմանը գնալու։ Դրա առանց նախապայմաններինը ո՞րն է»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

 

 

 

ԿՏԱՊԱԼԻ ՆԻՍՏԸ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կտապալի ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը: ArmLur.am-ը խորհրդարանի իր աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բավարար քվորում չի ապահովելու, որպեսզի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ Շուշիի հռչակագրին վերաբերող ու այն դատապարտող թեմայով նիստը տապալվի: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ արտահերթ նիստի օր է նշանակված փետրվարի 23-ը: Նշենք, որ ընդդիմության երեկ՝ փետրվարի՝ 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում  քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների վավերացրած Շուշիի հռչակագրի մասին: Իշխող ՔՊ-ն, սակայն, հանձնաժողովի նիստի ավարտին դեմ քվեարկեց նախագծին:

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արկադի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021թ. հոկտեմբերի 13-ին՝ ժ. 00:30-ի սահմաններում, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ «Արթիկ բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժքույրեր Ս. Վարդանյանի եւ Ա. Սերոբյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանց գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով հարձակում է գործել, ինչպես նաեւ բռնություն գործադրելու սպառնալիք է տվել դեպքի վայր ժամանած իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողներին՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Բացի այդ, ՇՄ ԸԻԴ 154.10.21 թ. որոշմամբ նույն օրվանից հանդիսանալով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, հաստատապես իմանալով, որ նույն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի 2-րդ բաժնի մասնագետ Է. Ասատրյանը իշխանության ներկայացուցիչ է եւ կատարում է իր ծառայողական պարտականությունները՝ ծանր վիրավորանք է հասցրել նրան՝ պայմանավորված վերջինիս հանրային գործունեությամբ:

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՎ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գոռ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական օգտագործման նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով կազմակերպել է ԻԻՀ-ից ՀՀ առանձնապես խոշոր չափի Մետամֆետամին տեսակի թմրամիջոցի տեղափոխումը: Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ այն ուղարկվել է դատարան:

 

 




Լրահոս