Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվություն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կատարողականի նախաբանում նշված է, որ 2021 թվականը մեկնարկեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի հարուցած անվտանգային, սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամի պայմաններում: COVID-19-ի համավարակի հետևանքով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններն ավելի խորացան՝ լարումներ ստեղծելով ֆինանսատնտեսական համակարգի համար:
«Իրադրությունն ավելի սրվեց 2021 թվականի փետրվարին, երբ ԶՈւ հրամկազմը Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությամբ հանդես եկավ: Զինված ուժերի այս անթույլատրելի քաղաքականացումն էական ազդեցություն չունեցավ ներքաղաքական կյանքի վրա, բայց ավելի սրեց Հայաստանի անվտանգային սպառնալիքները: 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով շուրջ 45 քառակուսի կիլոմետր տարածք», – ասված է ծրագրում:
Ապա կառավարության ծրագրում ներկայացված է ճանապարհային քարտեզը՝ կետերով եւ կատարված աշխատանքները: Առաջին կետում կառավարությունը շարունակում է ներկայացնել կետերն ու ասել, թե ինչ է կատարված: Նշվում է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է
մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում»:
Ծրագրում նշված է, որ 2021 թվականի ընթացքում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Հունգարիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ հայրենիք են վերադարձվել Ադրբեջանի կողմից գերեվարված 84 անձ. 44-օրյա պատերազմից ի վեր վերադարձվել է 150 գերեվարված անձ: Սույն զեկույցի ներկայացման պահին ադրբեջանական գերության մեջ են մնում 38 անձինք: Անհայտ է 217 անձի գտնվելու վայրը։ Սոցիալական աջակցություն է տրամադրվել ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ընտանիքներին (ամսական 300,000 դրամ)։ Ընդհանուր վճարվել է շուրջ 2 մլրդ դրամ:
Ն.Հ.